Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Այս համակարգային խնդիրը պետք է լուծում ստանա, չի կարող Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ որեւէ անձ մտնել Հայաստան կամ չմտնել»․ Արծվիկ Մինասյան

Հունվար 25,2024 13:04

Այսօր հրավիրած ասուլիսում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Վարչական դատարանի որոշմանը՝ Մուրադ Փափազյանի եւ Մասիս Աբրահամյանի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Վարչական դատարանը բավարարել էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի եւ ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի դատական հայցերը՝ ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի: Դատարանը պարտավորեցրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը Մուրադ Փափազյանի եւ Մասիս Աբրահամյանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսի 13-14-ի գիշերը Մուրադ Փափազյանն ընտանիքով ժամանել էր Հայաստան, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել էին նրա մուտքը՝ առանց լրացուցիչ պարզաբանման։ Նա էլ ԱԱԾ-ի դեմ հայց էր ներկայացրել դատարան՝ վերականգնելու Հայաստան մուտք գործելու իր իրավունքը։

Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելելուց հետո վարչապետի աշխատակազմը պարզաբանում էր տարածել, որում նշվում էր. «Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում»։

«Հիմա մենք ունենք վարչական դատարանի կողմից արդեն հրապարակված որոշումը Մուրադ Փափազյանի եւ Մասիս Աբրահամյանի առնչությամբ, որտեղ դատարանը շատ հստակ ու համակարգային վերլուծությունների միջոցով ճանաչել է իրավահավասարության բացակայությունը եւ նաեւ պարտավորեցրել է Ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի հանեն Մուրադ Փափազյանի եւ Մասիս Աբրահամյանի տվյալներն անցանկալի անձանց ցուցակից։ Այս պահին դրությամբ ունենք այս երկու գործերով որոշումներ, որոնք համակարգային տեսակետից կարեւոր նշանակության հարցեր են։ Ամենեւին չնսեմացնելով ազգային անվտանգության կարեւորությունը, այնուամենայնիվ այս երկու գործերը սկզբունքային նշանակություն ունեն սփյուռքահայերի, մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության տեսակետից»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա հիշեցրեց նաեւ, որ իրավական փուլում են գտնվում սփյուռքահայերի վերաբերյալ նմանատիպ եւս 5 գործեր, այդ թվում՝ Ասլան Ասլանյանի,  Արթուր Նժդեհ Գարագավորյանի եւ Սյունե Աբրահամյանի վերաբերյալ։

«Ակնհայտ է, որ դատավոր Ռուզան Ազրոյանը այս գործով բարձր իրավաբանություն է ցուցաբերել։ Մենք բոլոր հասկանում ենք, որ այս ու մյուս դեպքերն ուղիղ կապված են քաղաքականության հետ։ Ավելին, մեր վերջին հանդիպումը Եվրոպայի խորհրդի կառույցների հայաստանյան համազեկուցողների հետ եւ նաեւ գրավոր փոխանցված տեղեկատվությունը վերաբերում է Հայաստանում քաղբանտարկյալներին՝ ուղիղ մատնանշմամբ, անուն-ազգանուններով։ Ավելին, այսօրվա իշխանության զավթողական քաղաքականությունը ու նաեւ մարդու իրավունքների տոտալ ոտնահարումը ակնհայտ ցույց է տալիս, որ չի կարող այլեւս շարունակվել այս ընթացքը։ Եվ նույնիսկ միջազգային այն դերակատարները, որոնք այս իշխանությանը գրկաբաց, փաղաքշանքով շոյում էին՝ այլեւս իրենց համար էլ է ակնհայտ դառնում, որ ամենապարզագույն մարդու իրավունքի ոտնահարում է տեղի ունենում»,- ասաց Մինասյանը։

Նա հավելեց, որ դատարանի այս վճիռը մի լուսավոր կետ է Հայաստանի իրավաբանության մեջ, հույս ունեն, որ եթե իրավական տիրույթում մնա, ինքը կդառնա շատ լավ նախադեպ հատկապես սփյուռքահայերի՝ ՀՀ-ում ապրելու ու ազատ տեղաշարժվելու իրավունքը իրացնելու տեսանկյունից։

«Արդյոք մենք այն պատրանքների մեջ ենք, որ քաղաքական իշխանությունը չի փորձի քաղաքական լծակներ օգտագործել։ Ոչ, ամենեւին, իհարկե, փորձելու է։ Ես համոզված եմ, որ այսօրվա մեծամասնությունը՝ իր գործադիր մարմնի ղեկավարով փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի հանկարծ նույնիսկ այս հստակ, բարձր պրոֆեսիոնալ իրավական լուծումը չեղարկվի, ոչնչացվի։ Սա կախված է նաեւ վերաքննիչ դատարանի վճռականությունից, որքանով են իրենք իրավունքը գերադասում քաղաքական կոնյուկտուրիզմից։ Եթե մնան իրավունքի դաշտում, մենք համոզված ենք, որ այս վճիռը ոչ միայն կշարունակի կյանքի կոչվել, այլ նաեւ համակարգային բազմաթիվ լուծումների հնարավորություն կբացվի։ Այս համակարգային խնդիրը պետք է լուծում ստանա, չի կարող Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ որեւէ անձ մտնել Հայաստան կամ չմտնել։ Առավել եւս այն անձը, ով քաղաքական իր ընդդիմախոսությամբ հստակ ցույց էտալիս իբր վերաբերմունքը Հայաստանի դավաճանական իշխանության նկատմամբ։ Եթե այդ հիմնավորմամբ եք դուք արգելում անձի մուտք, նշանակում է շատ հստակ քաղաքական հետապնդման եք ենթարկում։ Փառք Աստծո, որ այս գործով դատարանը զերծ մնաց քաղաքական որոշման կայացումից»,- ասաց նա։

Արծվիկ Մինասյանը հորդորեց ԱԱԾ-ին՝ ոչ թե բողոքարկել այս որոշումը, այլ այս կարեւոր որոշումից հետո համակարգային հարցերը քննարկելու ու համատեղ լուծումներ գտնելու մասին մտածել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031