Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջհանգիրյանը չէր կարող եւ պարտավոր չէր կամովին գործազուրկի կարգավիճակ ստանձնել անորոշ ժամկետով»

Փետրվար 03,2024 13:00

Հիմա էլ դատախազները, դատավորները, վարչապետները դատարաններից դուրս չեն գալիս

Դեռ անցյալ տարի տեղեկացրել էինք, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության դեմ վարչական դատարանում դատական գործընթացների թիվը աճել է: Թոշակի են գնում «նախկինները»: Վարչական դատարանի վարույթում էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Արթուր Մկրտչյանի, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, նախկին գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի, Երեւան քաղաքի նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանի…գործերը… («Առավոտ», 2023թ. հոկտեմբերի 24, «Վարչական դատարան են դիմել նախկին վարչապետը, նախկին զինվորական դատախազը, նախկին դատավորը»):

2022թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ վարչական դատարան էր դիմել ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ (2006-2008) Գագիկ Ջհանգիրյանը, ով նախկինում եղել է ՀՀ զինվորական դատախազ, ԲԴԽ նախկին նախագահ (հրաժարական է տվել 2022թ. հուլիսին): Դատավոր Աննա Դիլբարյանի 2023թ. հունվարի 3-ի որոշմամբ վարույթ էր ընդունվել Գագիկ Ջհանգիրյանն ընդդեմ Միասնական սոցիալական ծառայության հայցապահանջը, որով Գ. Ջհանգիրյանը խնդրել է պարտավորեցնել նշյալ պատասխանողին՝ ծառայությանը, ընդունել «դատախազի կենսաթոշակ նշանակելու մասին» որոշում եւ անվավեր ճանաչել Միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղարի 05.12.2022 թվականի գրությունը եւ 04.10.2022 թվականի որոշումը՝ հայցվորին դատախազի կենսաթոշակ չնշանակելու մասով:

Երրորդ անձ էր ճանաչվել ՀՀ ֆինանսների նախարարությունը:

2023թ. դեկտեմբերի 25-ին Գ. Ջհանգիրյանի գործով վարչական դատարանը կայացրեց որոշում, որը միայն օրերս տեղադրվեց «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգում: Ըստ դատավոր Անի Չիլինգարյանի վճռի, բավարարվեց Գ. Ջհանգիրյանի հայցապահանջը: Դատարանը պարտավորեցրեց Միասնական սոցիալական ծառայությանը ընդունել Գագիկ Ջհանգիրյանին դատախազի կենսաթոշակ նշանակելու մասին որոշում, անվավեր ճանաչել Միասնական սոցիալական ծառայության 05.12.2022թ. թիվ 02/ԻՄ/65797-22 գրությունը եւ 04.10.2022թ. կենսաթոշակ նշանակելու որոշումը։

Այս գործով ապացույցների մեջ դրված էր նաեւ ՀՀ վարչական դատարանի 21.01.2021թ. օրինական ուժի մեջ մտած վճռիռը, որով անվավեր էին ճանաչվել ՀՀ նախագահի թիվ ՆՀ-28-Ա եւ ՆՀ-29-Ա հրամանագրերը:

Այդ վճռով արձանագրվել էր. «Գագիկ Ջհանգիրյանը դեռեւս 2008թ. պաշտոնից ազատվել է ոչ իրավաչափ կերպով, այսինքն՝ վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով զրկված է եղել 2008թ. հետո գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում պաշտոնավարելու հնարավորությունից։ Ընդ որում, այդ հնարավորությունը վերջինս ունեցել է մինչեւ իր 65 տարին լրանալը՝ 16.04.2020թ., քանի որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատախազի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը` 65 տարին լրանալը դատախազի պաշտոնից ազատելու հիմք է։

ՀՀ նախագահի ՆՀ-28-Ա հրամանագրի բացակայության դեպքում դատարանը չի բացառում ինչպես Գագիկ Ջհանգիրյանի կողմից մինչեւ իր 65 տարին լրանալը պաշտոնավարելու, այնպես էլ նախքան 65 տարին լրանալը որեւէ այլ հիմքով, այդ թվում՝ սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատվելու հավանականությունը, այնուհանդերձ, դատարանի համոզմամբ՝ հայցվորին ոչ իրավաչափ կերպով պաշտոնից ազատելու, վերջինիս կողմից այդ հրամանագրերը վիճարկելու, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում միայն 13 տարի անց նշված հրամանագրերն անվավեր ճանաչվելու պայմաններում պետք է գերակայի վերը նշված երկու հավանական զարգացումներից առաջինը, որն առավել համահունչ է մարդու իրավունքների վերաբերյալ սահմանադրական դրույթներին՝ հաշվի առնելով, որ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականությունն է, իսկ Սահմանադրությամբ սոցիալական հռչակված պետությունում հանրային իշանությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք, առավել եւս՝ սոցիալական ապահովության հարցում (կենսաթոշակի իրավունք)»։

Գ. Ջհանգիրյանը վկայակոչել էր ՀՀ սահմանադրական դատարանի 04.10.2006թ. թիվ ՍԴՈ-649 որոշումը, ՀՀ սահմանադրական դատարանի 18.04.2006թ. ՍԴՈ-630, 18.03.2008թ. թիվ ՍԴՈ-741, ՍԴՈ-1142, 07.07.2010թ. ՍԴՈ-902 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները, ՀՀ սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասը եւ պնդել, որ տվյալ դեպքում կենսաթոշակի տեսակը պետք է քննության առարկա դառնա սեփականության իրավունքի ճանաչման, երաշխավորման ու պաշտպանության սահմանադրական մոտեցումների տեսանկյունից։

Պատասխանող ՄՍԾ-ն առարկել էր, խնդրել էր մերժել հայցը. «Հայցվորը չի ներկայացրել որեւէ ապացույց այն մասին, որ 2008-2021թթ. զբաղեցրել է դատախազի կամ օրենքով դատախազի կենսաթոշակի նշանակման հիմք հանդիսացող որեւէ այլ պաշտոն, ավելին, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված փաստ է հայցվորի՝ վերոնշյալ տարիներին դատախազի կամ այլ օրենքով դատախազի կենսաթոշակի նշանակման համար պահանջվող պաշտոն զբաղեցրած լինելու փաստը»։

Անդրադառնալով այն փաստարկին, որ վարչական ակտի անվավեր ճանաչվելն ինքնին հիմք է պարապուրդի ողջ ժամանակահատվածը մասնագիտական ստաժում ներառելու համար, երրորդ անձը վկայակոչել էր «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-64-րդ հոդվածները եւ նշել, որ «Անվավեր վարչական ակտերը կարող են իրավաբանական ուժը կորցնել ինչպես ոչ իրավաչափ ճանաչվելու, այնպես էլ առանձին դեպքերում հենց այդ ակտի ընդունման պահից, այսինքն՝ գործում է անվավեր վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչվելու պահից դրա իրավաբանական ուժը կորցնելու կանխավարկածը, քանի որ ընդունման պահից իրավաբանական ուժ չունենալու դեպքերն առանձին սահմանված են օրենքով։ Պնդել է, որ վարչական ակտին վստահելու իրավունքը կապված է հստակ օրենսդրորեն սահմանված հանգամանքների, ոչ թե ակտի հասցեատիրոջ՝ վարչական ակտի իրավաչափության վերաբերյալ սուբյեկտիվ ընկալումների հետ»։

Պատասխանողի առարկություններում խոսք կար նաեւ ԱԺ պատգամավոր դառնալու հանգամանքին:

Այս կապակցությամբ ՀՀ վարչական դատարանն արձանագրեց. «Անդրադառնալով պատասխանողի այն փաստարկին, որ համաձայնելով ստանձնել ՀՀ ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը՝ Գագիկ Ջհանգիրյանն ընդունել է 2008թ. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատվելու հանգամանքը, դատարանն արձանագրում է, որ ՀՀ նախագահի ՆՀ-28-Ա հրամանագրի առկայության եւ դրա վիճարկման վերաբերյալ պահանջը ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով մերժված լինելու պայմաններում այդ փաստը հայցվորի կողմից ընդունված լինելու վերաբերյալ փաստարկը չի կարող իրավական նշանակություն ունենալ, առավել եւս, որ հայցվորը շարունակել է իր իրավունքների պաշտպանությանն ուղղված պայքարը եւ նախքան հաղթանակի հասնելը չէր կարող եւ պարտավոր չէր կամովին գործազուրկի կարգավիճակ ստանձնել անորոշ ժամկետով։ Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության պայմաններում այլ աշխատանքի, այդ թվում՝ հանրային ծառայության անցնելու հանգամանքը չի կարող մեկնաբանվել ի վնաս հայցվորի, իսկ անձի կողմից աշխատանքի տեսակի ընտրությունը գտնվում է նրա կամահայտնության եւ առկա հնարավորությունների տիրույթում»…

Հիշեցնեմ, որ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ Միասնական սոցիալական ծառայության դեմ հայցի քննությունը ՀՀ վարչական դատարանում նշանակվել է 2024թ. փետրվարի 13-ին: Հրանտ Բագրատյանը դատարան էր դիմել 2022թ. սեպտեմբերի 15-ին, պահանջելով պարտավորեցնել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը իրեն տրամադրել 22.10.2021 թվականի դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը: Դատավորն է Վարազդատ Միքայելյանը: Դատարանը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունից որպես ապացույց պահանջել է ներկայացնել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը ուղղված 22.10.2021 թվականի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի ամբողջ նյութերը:

Վարչական դատարանում ավելացավ մեկ գործ նույնպես. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Վարուժան Աբելյանի (պաշտոնավարել է 1998-2015) հայցադիմումը: Վարուժան Աբելյանի անունից նրա ներկայացուցիչ Կարեն Մովսիսյանը, 2023 թվականի հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչական դատարան ներկայացրած հայցադիմումով, խնդրել է պարտավորեցնել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը վերահաշվարկել հայցվորի կենսաթոշակի չափը՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3.1-րդ մասի՝ մինչեւ օրենքի՝ 20.07.2023 թվականի ուժի մեջ մտնելուց հետո կատարված փոփոխությունները սահմանված կարգով՝ սահմանելով 699.761 ՀՀ դրամ եւ որպես հետեւանք՝ վճարել ոչ իրավաչափ հաշվարկման արդյունքում պակաս վճարված կենսաթոշակի գումարի չափն ամբողջությամբ:

Դատավոր Ալեքսեյ Սուքոյանի գործով վարչական դատարանի դատավոր Ա. Ծատուրյանը որոշում է կայացրել դատաքննությունը նշանակել այս տարվա ապրիլի 2-ին: Ըստ դատարանի որոշման, գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտը կարող է շոշափել ՀՀ ֆինանսների նախարարության իրավունքը, ուստի դատարանն անհրաժեշտ է համարում ՀՀ ֆինանսների նախարարությանը ներգրավել դատավարության մեջ, որպես երրորդ անձ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829