Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում թոշակառուների համար նվազագույն սպառողական զամբյուղը բացարձակ մատչելի չէ. «Փաստ»

Նոյեմբեր 17,2026 09:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանի Հանրապետությունում սոցիալտնտեսական իրականության ամենացավոտ և խորքային հիմնախնդիրներից մեկը շարունակում է մնալ ավագ սերնդի կենսամակարդակի և պետության կողմից երաշխավորվող սոցիալական ապահովության միջև առկա ահռելի անդունդը, որն առավել ցցուն է դառնում նվազագույն սպառողական զամբյուղի և կենսաթոշակների չափերի համադրման պարագայում։

Վերջին վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում թոշակառուների համար նվազագույն սպառողական զամբյուղը բացարձակ մատչելի չէ, քանի որ դրա ամսական արժեքը հասել է 85,1 հազար դրամի՝ ամսական ընդամենը 46 հազար դրամ նվազագույն կենսաթոշակի դիմաց։ Այս երկու թվի պարզ համեմատությունը բացահայտում է մի դաժան իրողություն, որտեղ պետության կողմից սահմանված նվազագույն կենսաթոշակը գրեթե երկու անգամ զիջում է այն գումարին, որը պաշտոնական հաշվարկներով անհրաժեշտ է մարդու կենսաբանական գոյության և նվազագույն սոցիալական պահանջմունքների բավարարման համար։ Փաստորեն, կենսաթոշակառուների համար կենսականորեն անհրաժեշտ գնումները, որոնք այդ տարիքային խմբում հիմնականում կենտրոնացած են սննդի և բժշկական ծառայությունների շուրջ, անհրաժեշտից գրեթե երկու անգամ ավելի քիչ ֆինանսական միջոցներ ունենալու պայմաններում վերածվում են անհաղթահարելի խնդրի։

Սա ընդամենը վիճակագրական անհամապատասխանություն չէ, այլ սոցիալական ճգնաժամի ուղղակի արտացոլում, երբ տասնամյակներ շարունակ աշխատած և պետության կայացմանը նպաստած քաղաքացին իր կյանքի մայրամուտին հայտնվում է ֆինանսական անելանելիության մեջ՝ զրկված լինելով նույնիսկ պաշտոնապես նվազագույն համարվող շեմին հասնելու հնարավորությունից։

Իրավիճակի ողջ դրամատիզմն առավել խորությամբ է բացահայտվում, երբ ընդհանուր սպառողական զամբյուղից առանձնացնում ենք զուտ պարենային բաղադրիչը, որի ամսական արժեքը հասել է 46 հազար դրամի։ Այս թվաբանական համընկնումը՝ 46 հազար դրամ նվազագույն կենսաթոշակ և 46 հազար դրամ պարենային զամբյուղ, նշանակում է, որ եթե թոշակառուն փորձի սնվել պաշտոնապես սահմանված նվազագույն նորմերին համապատասխան, ապա ամսվա առաջին իսկ օրվանից նրա ամբողջ կենսաթոշակը մինչև վերջին լուման պետք է ուղղվի բացառապես սննդի ձեռքբերմանը։ Մինչդեռ տարեց մարդու կյանքը չի սահմանափակվում միայն կալորիաների ընդունմամբ. տարիքի հետ անխուսափելիորեն աճում են առողջական խնդիրները, խրոնիկ հիվանդությունների սրացումները և մշտական դեղորայքային պահպանման կարիքը։ Դեռ չենք խոսում կոմունալների մասին:

Հետևաբար, երբ միայն պարենային զամբյուղը կազմում է 46 հազար դրամ, թոշակառուները բուժծառայությունների և դեղորայքի համար գումար խնայելու նպատակով այժմ ստիպված են լինում հետևել խիստ սննդակարգի՝ բառիս բուն իմաստով կրճատելով իրենց օրաբաժինը։ Այս հարկադրված «դիետան» ոչ թե առողջ ապրելակերպի ընտրություն է, այլ սովի և թերսնման սահմանագծին գտնվող ինքնասահմանափակում, երբ տարեց մարդը կանգնում է անմարդկային երկընտրանքի առաջ՝ գնել, օրինակ՝ արյան ճնշման կամ սրտանոթային համակարգի համար կենսական դեղահաբը, թե ապահովել օրվա տարրական սնունդը։

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30