Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Շատ կարեւոր է, որ արցախցի հեղինակները շարունակեն ստեղծագործել ու չկորցնեն կապն իրենց արմատների հետ. Գնել Նալբանդյան

Փետրվար 05,2024 15:31

«Փետրվարի 10-ին ժամը 12-ից մինչեւ երեկոյան 9-ը «Դվին» մյուզիք հոլում կկայանա գրական շատ մեծ եւ աննախադեպ իրադարձություն: Newmag-ը Թովմասյան հիմնադրամի հետ նախաձեռնել է Ձմեռային գրքի փառատոն: Սա հրատարակչության երրորդ փառատոնն է, որն այս տարի դուրս է եկել միայն գրականության ոլորտից եւ ընդգրկում է նաեւ արվեստի այլ ճյուղեր եւս»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում նշեց Newmag-ի փառատոնային ծրագրի ղեկավար Անի Հակոբյանը:

Անի Հակոբյան

Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի խոսքով. «Փառատոնը կբացի Արցախի պետական ջազ նվագախումբը, սա կարեւոր հանգամանք է մեզ համար, մենք աջակցում ենք Արցախի մեր հայրենակիցներին: Բեմում կլինի նաեւ Տավուշի թեմի երգչախումբը, որի կատարումները շատ են սիրում Հայաստանում: Կներկայացվի 4 գիրք, կցուցադրվեն նկարիչ Տիգրան Ձիթողցյանի եւ դիզայներ, ոսկերիչ, քանդակագործ Նուռի կտավները, Իլյա Վարդանյանը կներկայացնի իր «Թվային երազները», Ներես Ավետիսյանը հանդես կգա իր հայտնի՝ թատերական միջազգային մրցանակների արժանացած «Ցուրտ օր դժոխքում» մոնոդրամայով»:

Գնել Նալբանդյան

Գնել Նալբանդյանն ասաց նաեւ, որ նախատեսված է պանելային քննարկում՝ «Արհեստական բանականությունն ընդդեմ ստեղծագործողների» թեմայով, որը նվիրված է լինելու առավելապես հեղինակային իրավունքների խնդիրներին:

Ամենավերջում կկայանա մեծ համերգ, Ավետ Բարսեղյանի երգերը կկատարեն Արամ MP3-ին, Գոռ Սուջյանը, Սոնա Ռուբենյանը, Մովսես Մովսիսյանը։ Ի դեպ, համերգն ունկնդրելու համար նախնական ամրագրումներ անել կամ վճարել պետք չէ, մուտքն ազատ է փառատոնին, քանի որ, ըստ կազմակերպիչների, սա կոմերցիոն նախագիծ չէ։

Անի Հակոբյանը նշեց, որ ներկայացվելու են Անի Քոչարի «Կյանքը երկրորդ փորձից», Աստղիկ Սահակյանի «Նախագծերի կառավարում», Գոռ Կարապետյանի «Պրոակտիվ առաջնորդը» եւ Թովմաս Առաքելյանի «Ճանապարհ» գրքերը:

Գոհար Մանուկյան

Newmag հրատարակչության ստրատեգիական և հատուկ նախագծերի ղեկավար Գոհար Մանուկյանը տեղեկացրեց, որ փառատոնի շրջանակում նաեւ «Դյութե» ամսագիրն են ներկայացնելու, որը մաշկի խնամքի առաջին հայկական ուղեցույցն է։ Նման ամսագիր ունենալու նախաձեռնությունն էլ պատկանում է Արեւիկ Ուդումյանին:

Նշվեց, որ շնորհանդեսի օրը Newmag-ի նոր գրքերը հնարավոր կլիմնի ձեռք բերել 30% զեղչով, իսկ ողջ տեսականին՝ 40 %-ով: Գնել Նալբանդյանը տեղեկացրեց, որ գրքերի վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի արցախցի հեղինակներին՝ իրենց գրքերը հրատարակելու համար: Հանձնաժողովը կընտրի այն հեղինակներին, որոնք Ադրբեջանի ցեղասպան գործողությունների պատճառով բռնի տեղահանվել են Արցախից: Գնել Նալբանդյանի ձեւակերպմամբ, շատ կարեւոր է, որ արցախցի հեղինակները շարունակեն ստեղծագործել ու չկորցնեն կապն իրենց արմատների հետ։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829