Իտալացի մասնագետների վերապատրաստում՝ հանուն հայկական ձեռագրական ժառանգության վերականգնման
Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակությունը Վենետիկի Մխիթարյան միաբանության ձեռագրերի պատասխանատու, հոգեշնորհ Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի ուղեկցությամբ այցելել է Պադովայի Պրալիայի աբբայություն։
Այցի ընթացքում քննարկվել են աբբայության գրքի վերականգնման լաբորատորիայի հետ համագործակցության ամրապնդման և Մխիթարյան միաբանության ձեռագրական ժառանգության պահպանմանն ու վերականգնմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Մատենադարանի տնօրենը Պրալիայի աբբայության վերականգնող մասնագետներին հրավիրել է մասնակցելու 2027 թվականին Մատենադարանում կայանալիք «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» միջազգային գիտագործնական սեմինարին։ Սեմինարի շրջանակում իտալացի գործընկերների համար կկազմակերպվեն վարպետության դասեր, որոնց ընթացքում նրանք կծանոթանան ձեռագրերի վերականգնման հայկական ավանդույթներին և Մատենադարանում կիրառվող մեթոդներին։
Կարդացեք նաև
Վերապատրաստումից հետո Մխիթարյան միաբանության ձեռագրերի վերականգնման ծրագիրը կթևակոխի գործնական փուլ։ Առաջնահերթ կվերականգնվեն մշտադիտարկման երկու փուլերի արդյունքներով առանձնացված ձեռագրերը։
Մատենադարանն իր երախտագիտությունն է հայտնում Վենետիկում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանին՝ ցուցաբերած համակողմանի աջակցության համար։



















































