Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստի հասցեն՝ Արցախ. «Նարեկացի» արվեստի միությունում բացվել է շուշեցի նկարիչ Սամվել Թավադյանի ցուցահանդեսը

Նոյեմբեր 28,2026 12:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Նկարիչը ներկայացել է 28 աշխատանքով՝ 15 գրաֆիկական եւ 13 գեղանկարչական

Արցախցի նկարիչ, Արցախի, հետագայում նաեւ Հայաստանի նկարիչների միության անդամ Սամվել Թավադյանի ստեղծագործական աշխարհի առանցքում ծննդավայրն է՝ Արցախը, Շուշիի մշակութային ու բնական միջավայրը եւ, ամենակարեւորը, այնտեղ ապրող մարդը։ Նույնիսկ հայրենիքից հեռու՝ Երեւանում ստեղծված նրա կտավներում ու գրաֆիկական աշխատանքներում շարունակում է ապրել արցախյան աշխարհը՝ իր գույներով, հիշողություններով ու մարդկանցով։

Այս օրերին «Նարեկացի» արվեստի միությունում բացվել է նկարչի վերջին երկու տարիների ստեղծագործություններն ամփոփող ցուցահանդեսը։ «Առավոտի» հետ զրույցում Սամվել Թավադյանն ասաց, որ այս անգամ ներկայանում է 28 աշխատանքով՝ 15 գրաֆիկական եւ 13 գեղանկարչական։

«Նկարների մեծ մասը ստեղծվել է Երեւանում։ Դրանք 2025-2026 թվականների աշխատանքներ են։ Ցուցադրվող գործերից միայն մեկն եմ նկարել Ստեփանակերտում, այն Արցախից եմ բերել»,- նշեց արվեստագետը։

Երեւանում սա նրա երկրորդ անհատական ցուցահանդեսն է՝ 2023 թվականի սեպտեմբերյան բռնի տեղահանությունից հետո։ Նախորդ տարի Dizak Art կենտրոնում բացվել էր Թավադյանի «Անավարտ զրույց» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Այդ ցուցադրությամբ նկարիչը հանրության ուշադրությունը հրավիրել էր բռնազավթված Արցախում մնացած առնվազն 28 թանգարանների եւ արվեստի հավաքածուների ճակատագրին։ Դրանց մի մասը թալանվել կամ ավերվել է, իսկ շատերի ներկայիս վիճակն ու պահպանության պայմանները շարունակում են անհայտ մնալ։

Նկարչի ստեղծագործական կենսագրությունը սերտորեն կապված է Շուշիի հետ։ Նրա առաջին անհատական ցուցահանդեսը բացվել է դեռեւս 2013 թվականին՝ Շուշիի արվեստի կենտրոնում։ Հիշելով այդ տարիները՝ Թավադյանն առանձնացնում է այնտեղ տիրող ստեղծագործական մթնոլորտը։

Տասը տարի նա դասավանդել է Շուշիի Նարեկացի արվեստի միության գեղանկարչության խմբակում, ինչպես նաեւ Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջում՝ գեղանկարչություն, գունանկար եւ կոմպոզիցիա։ Շուշիում մնացել է նրա ավելի քան 200 աշխատանք։ Հայտնի հանգամանքների պատճառով դրանք հնարավոր չի եղել փրկել. նկարները մնացել են նկարչի արվեստանոցում։ Ստեփանակերտից, ի տարբերություն Շուշիի, նրան հաջողվել է իր գործերը տեղափոխել Հայաստան։

Բռնի տեղահանությունից հետո ստեղծագործելը Սամվել Թավադյանի համար դարձել է ոչ միայն մասնագիտական շարունակականություն պահպանելու, այլեւ հոգեկան ծանր ապրումները հաղթահարելու միջոց։ «Դա մի տեսակ թերապիա էր ինձ համար»,- ասում է նա։

«Դեկտեմբերից մինչեւ մայիս-հունիս ընկած ժամանակահատվածում ավելի քան 30 աշխատանք ստեղծեցի, եւ օգոստոսին ցուցահանդեսը բացեցինք։ Իսկ այս ցուցահանդեսն արդեն երկրորդն է «Նարեկացի» արվեստի միությունում։ Նախորդը կայացել է 2024 թվականին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Նարեկացի» արվեստի միությանը, որ երկար տարիներ հայ մշակույթի, արվեստի, ազգային արվեստի կողքին է։ Իմ ստեղծագործական ուղու շարունակման ու զարգացման գործում «Նարեկացի» արվեստի միությունն էլ իր դերակատարությունն ունի»,- նշեց նկարիչը։

Հարցին, թե որն է Արցախում ստեղծած իր վերջին աշխատանքը, Թավադյանը պատասխանեց, որ 2020 թվականից հետո հիմնականում աշխատել է շարքերով՝ անդրադառնալով եկեղեցիներին, մասնավորապես՝ Դադիվանքին։

Հատկանշական է, որ հայրենիքից հեռու ստեղծված աշխատանքներում նկարչի թեմատիկ աշխարհը գրեթե չի փոխվել։ Նրա ստեղծագործություններում շարունակում են հայտնվել Արցախի բնապատկերները, եկեղեցիները, հարազատ միջավայրը։ Դրանք զերծ են հուսահատության ուղղակի արտահայտություններից. նույնիսկ կորստի ու տեղահանության ծանր իրողության մեջ Թավադյանի արվեստից լույս ու բարություն են ճառագում։ Գուցե հենց սա է նրա ստեղծագործությունների ներքին առանձնահատկությունը՝ ցավի մասին խոսել առանց այն ցուցադրելու, հիշողությունը պահպանել ոչ թե միայն կորստի, այլեւ կյանքի շարունակականության միջոցով։

Սակայն աշխատանքների լուսավոր տրամադրությունը չպետք է թաքցնի այն իրականությունը, որում այսօր ապրում եւ ստեղծագործում է նկարիչը։ Հայրենիքից զրկված, առանց իր նախկին արվեստանոցի ու տարիների ընթացքում կուտակած ստեղծագործական ժառանգության՝ նա ստիպված է նոր միջավայրում շարունակել այն ճանապարհը, որի ձեւավորման գործում վճռորոշ դեր են ունեցել Արցախն ու Շուշին։

Եվ որքան էլ փոխվի ստեղծագործելու վայրը, Սամվել Թավադյանի արվեստի հասցեն շարունակում է մնալ Արցախը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.11.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել