Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներողություն ինչի՞ համար խնդրեմ, ես մեղք չեմ գործել… Եթե դուք մեղսավոր եք, գնացեք եկեղեցի». ՔՊ պատգամավորը՝ ծեծկռտուքի, սպայի սպանության մասին

Փետրվար 07,2024 17:23

ՔՊ պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը վստահեցնում է, որ ինքը որեւէ կապ չունի Եղեգնաձորում սպայի ծեծկռտուքի եւ սպանության մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանի զինված ուժերի սպա Արա Մխիթարյանին Եղեգնաձորում ծեծկռտուքի արդյունքում սպանել էին, 4 տարի կոմայի մեջ մնալուց հետո Մխիթարյանը մահացել էր: Նրա զինվորական ընկերներին, որոնք մատնացույց էին արել ծեծողներին, ծեծկռտուքի մասնակիցներին, հիմա սուտ մատնության մեջ են մեղադրում:

Մխիթարյանի հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջականորեն մասնակցություն է ունեցել ՔՊ կուսակցության վարչության աշխատակազմի ղեկավար, պատգամավոր Տրդատ Սարգսյանը, որին հաջողվել է ազատվել քրեական պատասխանատվությունից: Այդ գործով կալանավորել էին նրա այն ժամանակվա օգնականին, որը վերջերս ազատ արձակվեց։

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Տրդատ Սարգսյանը հարցին՝ չկա՞ այս երկրում արդարադատություն՝ պատասխանեց. «Դատարանը պայմանական ազատ է արձակել: Այդ տեղեկությունը ես ստացել եմ մամուլից, զարմացել եմ, որովհետեւ այդ հնարավորությունը դատարանն ունեցել է տարիներ առաջ եւ մերժել է: Կարծում եմ, մերժումը պայմանավորված է եղել գործի հնչեղության հետ»:

Հարցրեցինք՝ հանրության մոտ տպավորություն կա, որ դուք այս գործի հետ առնչվող կարկառուն ներկայացուցիչ եք, մասնակից եք եղել ծեծկռտուքին, բայց հաշվի առնելով ձեր պաշտոնը, ՔՊ-ի հետ հարաբերությունները՝ ձեզ «մաքրում» են գործից, ի՞նչ կասեք այս մասին՝ Տրդատ Սարգսյանը պատասխանեց. «Ես ի սկզբանե ասել եմ էս գործի հետ ինչ առնչություն ունեմ: Իմ առնչությունը եղել է այն, որ գիշերը՝ ոչ աշխատանքային ժամին, ոչ աշխատանքային պարտականությունները կատարելու հետ կապված վեճ է եղել կենցաղային հարցերի շուրջ եւ դրա մասնակիցներից մեկը եղել է իմ օգնականը: Իմ մասնակցությունը այդքանով ավարտվել է այս գործի մեջ: Իմ անունը շահարկվել է գործին հնչեղություն տալու համար»:

Դիտարկմանը, որ դուք եք շտապել՝ գնահատական տալով, որ այդ մարդը աստիճաններից է ընկել ու կոմայի մեջ հայտնվել՝ Տրդատ Սարգսյանը պատասխանեց. «Ասել եմ, որովհետեւ մարզպետ եմ եղել, հարցրել եմ ինչ է եղել շտապօգնության ծառայողներին, որոնք ենթակա են մարզպետին: Իր ընկերները՝ այդ նույն ցուցմունք տված զինվորականներն ասել են, որ ընկել է: Հարեւաններից հարցրել եմ, ասել են՝ ընկնելու ձայն ենք լսել եւ իմ մեջ արդարացի տպավորություն է ստեղծվել: Դրա համար նման խոսք եմ ասել»:

Պարզվում է՝ Տրդատ Սարգսյանն ինքն է ուզել սուտ մատնության եւ իր անունը տալու համար դատական հայց ներկայացնել. «Որեւէ մեկը ինձ որեւէ հանցավոր մեղադրանք չի ներկայացրել, մեղադրել են ներկա գտնվելու մեջ, որը իրենից դատապարտելի բան չի, դրա համար չեմ կարողացել իրենց սուտ մատնության համար դատապարտել: Ես տուժել եմ այդ սուտ ցուցմունքից»:

Ըստ պատգամավորի, դատախազությունը պետք է պարզի՝ ինչու են զինվորականները սուտ ցուցմունք տվել, ով է հրահանգել, բայց այդ գործի քննությունը ճիշտ ուղղությամբ չի գնում. «Մոտիվը պետք է հասկանա, չէ՞, դատախազությունը: Սուտ ցուցմունք տվող անձանցից մեկը անմիջապես ունեցել է աշխատանքի բարելավում: Նա տեղում չի եղել, ցուցմունք է տվել, չե՞ք կարծում, որ պետք է պատասխանատվության ենթարկվի»:

Հարցին՝ ձեզ համար դատապարտելի՞ է, որ ձեր նախկին օգնականը մասնակցել է ծեծկռտուքի ու սպա է մահացել, Տրդատ Սարգսյանը պատասխանեց. «Ինձ համար դատապարտելի է այն երեւույթը, երբ համազգեստով անձնավորությունները կենցաղային վեճ են ունենում քաղաքացու հետ հարբած վիճակում եւ Աստված գիտի, թե դրա հետեւանքով ինչ կարող էր լինել»:

Պատգամավորը վստահեցնում է, որ ինքը չի միջամտել՝ նախկին օգնականին կալանքից ազատ արձակելու համար, անգամ դատավորին չգիտի, չի հետաքրքրվել:

Հարցին՝ որպես պատգամավոր, նախկին մարզպետ՝ սպանվածի ծնողների հետ շփվե՞լ է՝ նա պատասխանեց, որ դատարանում է շփվել՝ նիստից հետո ու ասել, որ որդու ընկերները իրենց խաբել են, սուտ են ներկայացրել իրավիճակը. «Ես ասել եմ, որ դա կապացուցեմ, որ սուտ են ասել»:

Ճշտեցինք՝ այսինքն, չե՞ն եղել ցավակցության խոսքեր, ներողություն՝ պատգամավորը արձագանքեց. «Ինչի՞ համար ներողություն խնդրեմ: Մարդը ներողություն է խնդրում մի բանի համար, որը իր արածի հետեւանքով է: Ես ցավակցություն հայտնել եմ միջնորդավորված: Ներողություն ինչի՞ համար խնդրեմ: Ես մարզպետի պաշտոնից հրաժարվել եմ, որովհետեւ ասվեց, որ կարող է գործի քննությանը իմ պաշտոնը օգտագործեն: Հետո պատգամավորի մանդատը ստացել եմ ընտրության արդյունքում»: Հարցրեցինք՝ համարում եք, որ պաշտոնից հրաժարվելով՝ քավել եք բոլոր տեսակի մեղքե՞րը՝ նա պատասխանեց. «Ես մեղք չեմ գործել, որ քավեմ»: Զարմացանք, հուշեցինք, որ երկրի վրա բոլորս մեղսավորներ ենք, մարդ չկա, որ մեղք գործած չլինի՝ Տրդատ Սարգսյանը պատասխանեց. «Եթե դուք մեղսավոր եք, գնացեք եկեղեցի: Եթե ասում եք ներողություն, ներողություն խնդրում են ինչ-որ բանի համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829