Լրահոս
Օրվա լրահոսը

Արտահանման 55.3 տոկոս աճ թե՞ -12.2 տոկոս անկում

Փետրվար 16,2024 18:55

Կառուցվածքային փոփոխությունները Հայաստանի առևտրաշրջանառության մեջ

Վերջի երկու տարիների ընթացքում Հայաստանի առևտրաշրջանառության կառուցվածքը գրանցել է զգալի փոփոխություններ։ 2023 թվականին արտահանումը աճել է զգալի 55,3 տոկոսով՝ 5,4 միլիարդ դոլարից (2022) հասնելով 8,4 միլիարդ դոլարի։ Միաժամանակ ներմուծումն աճել է 40,2 տոկոսով՝ նույն ժամանակահատվածում 8,8 միլիարդ դոլարից հասնելով 12,3 միլիարդ դոլարի: Վերջին երկու տարիների ընթացքում արտահանումը և ներմուծումը աճել են համապատասխանաբար 2,8 և 2,3 անգամ։ Առկա են նաև մեծ կառուցվածքային փոփոխություններ առևտրաշրջանառության մեջ։

Գծապատկեր 1. Հայաստանը առևտրաշրջանառությունը աճել է ավելի քան 2 անգամ 2 տարում

Հատկանշական է, որ 2023 թվականի արտահանման աճի զգալի մասը՝ 31 տոկոս կամ 2,6 միլիարդ դոլար, տեղի է ունեցել վերջին երկու ամիսներին, մասնավորապես՝ նոյեմբերին և դեկտեմբերին։ Այս աճը արտացոլված է գծապատկերում, որտեղ արտահանման կորը, որը մայիս֊սեպտեմբեր ամիսներին արդեն մեծ աճի տենդենց չէր գրանցում, այս ժամանակահատվածում ջարդվում է դեպի վեր: Ուշագրավ է նաև, որ 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ Հայաստանը հասել է պատմական իրադարձության՝ արտահանումը այդ ամսվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է ներմուծմանը։ Առանց հանկարծահաս աճի 2023 թվականի սեպտեմբերին մեր կողմից կանխատեսվում էր, որ արտահանումը 2023 թվականին կլինի 7.1 մլրդ դոլարի շրջանակներում։

Արտահանման 75 տոկոսը կազմել է ՌԴ, ԱՄԷ և Հոնկոնգն 2023 թվականին

2023 թվականին Հայաստանի արտահանման 34,4 տոկոսը՝ ավելի քան 1/3-ը, եղել է դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) և Հոնկոնգ։ Ամենամեծ արտահանման ուղղությունը եղել է Ռուսաստանը՝ կազմելով 40,6 տոկոսը։ Այսպես 2023 թվականի արտահանման 75 տոկոսը բաժին է ընկել այս երեք պետություններին։ Նշենք որ 2021 թվականին արտահանման 2.8 տոկոսն էր գրանցվել դեպի ՄԱԷ և Հոնկոնգ (84 մլն դոլար)։ Փաստացի ունենք արտահանման 35 անգամյա աճ 2 տարվա ընթացքում դեպի ՄԱԷ և Հոնկոնգ (տես երկրորդ գծապատկերը)։

Թեև 2023 թվականին ներմուծման և արտահանման ընդհանուր աճը գերազանցել է 40 տոկոսը, իրականությունը ավելի նյուանսավորված է։ Եթե բացառենք Ռուսաստանը, ԱՄԷ-ն և Հոնկոնգը առևտրաշրջանառությունից, ապա դեպի այլ պետություններ 2023 թվականին արտահանումը նվազել է 12,2 տոկոսով, ինչը մտահոգիչ է և նկատելի շեղում է ընդհանուր աճի միտումից։ Վերջին 2 տարիների համար բացառությամբ այս 3 պետությունների արտահանման աճը կազմել է ընդամենը 0,6 տոկոս՝ ընդհանուր 2.8 անգամ աճի համեմատ: Այս փաստը չի վկայում արտահանման կայուն աճի մասին։

Գծապատկեր 2. ՀՀ արտահանման և ներմուծման դինամիկան ըստ հիմնական գործընկերների

Արտահանումը նվազել է -12.2 տոկոսով 2023 թվականին, եթե հանենք ՌԴ, ՄԱԷ և Հոնկոնգը

Վերջին երկու տարիների ընթացքում արտահանման աճը գրանցվել է բացառապես դեպի Ռուսաստան, ԱՄԷ և Հոնկոնգ։ Դեպի տվյալ պետություններ գրանցվել է զգալի 6,8 անգամ աճ՝ 0,9 միլիարդ դոլարից (2021) մինչև 6,3 միլիարդ դոլար։

Անդրադառնալով ներմուծմանը, կարևոր է նշել, որ ԱՄԷ-ն և Հոնկոնգը նվազագույն դեր են խաղացել Հայաստանի ներմուծման դինամիկայի մեջ, որը հիմնականում ծագել է Ռուսաստանից։ Ռուսաստանից ներմուծման մի մասը վերաարտահանվել է ԱՄԷ և Հոնկոնգ, որը հանդիսանում է վերջին 2 տարիների արտահանման կառուցվածքային փոփոխության պատճառներից մեկը:

Հայաստանի արտահանման կառուցվածքի վերաբերյալ կարող եք կարդալ նաև տվյալ նյութում․ Արտահանման այլընտրանքային ուղղություններ

2023 թվականին արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է ավելի քան 42.9 տոկոսով (2 564-ից հասնելով 3 609 մլն ԱՄՆ դոլարի)։ Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալի 42,9%-ը ուղղվում է ԵԱՏՄ։ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է և դեպի Ռուսաստան արտահանման մասնաբաժինը ամենադիվերսիֆիկացվածն է, և հիմնականում պատրաստի արտադրանքն արտահանվում է Ռուսաստան։ Մերձավոր Արևելք արտահանումը 2023 թվականին աճել է 2.6 անգամ (983-ից մինչև 2 538 մլն ԱՄՆ դոլար)՝ հիմնականում ի հաշիվ Ռուսաստանից ՄԱԷ վերաարտահանման հաշվին։ Մեծ Չինաստան արտահանումը աճել է 2.8 անգամ՝ հիմնականում ի հաշիվ Ռուսաստանից Հոնկոնգ վերաարտահանման հաշվին։ Նշենք որ 2023 թվականի վերջի դրությամբ Եվրոմիությունը չորրորդ տեղում է գործընկեր տարածաշրջանների արտահանման մեջ (տես աղյուսակ 1)։ 2023 թվականին Հայաստանի արտահանման ընդամենը 8.4 տոկոսն է բաժին ընկել ԵՄ-ին։

Աղյուսակ 1. Հայաստանի արտահանման դինամիկան

 

Նշենք որ մինչ 2021 թիվը կոնյակը եղել է ավանդական հիմնական արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն, 2022-23 թվականներին տեղի է ունեցել տեղաշարժ դեպի տեխնոլոգիական առաջադեմ ապրանքներ՝ որպես հիմնական արտահանում: Հատկանշական է, որ առաջատար դիրք են գրավել այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են հեռախոսները, ավտոմեքենաները, բժշկական սարքերը և ռադիոսարքավորումները։ Նույն ժամանակահատվածում մեքենաների և սարքավորումների արտահանումը Ռուսաստան աճել է ավելի քան 10 անգամ, մինչդեռ այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են քիմիական, պլաստմասսա, կերամիկա, ապակի և մետաղներ, աճել են ավելի քան 3 անգամ։ Արտահանման աճին էապես նպաստել է մեքենաների և սարքավորումների վերաարտահանման աճը։ Նշենք որ 2023 թվականի օգոստոսից Վրաստանի և Ռուսաստանի կողմից կիրառվող ավտոմեքենաների վերաարտահանման սահմանափակումները կանգնեցրել են ավտոմեքենաների վերաարտահանման շարժը դեպի Ռուսաստանի Դաշնություն։ 2024 թվականին ավտոմեքենաների վերաարտահանում չի սպասվում։

Թեև ընդհանուր վիճակագրությունը ցույց է տալիս առևտրաշրջանառության զգալի աճ, մանրակրկիտ ուսումնասիրությունը բացահայտում է տարբեր մտահոգիչ միտումներ։ Երկրորդ գծապատկերից երևում է, որ եթե դիտարկենք այլ պետությունները (բացառությամբ Ռուսաստանի, Էմիրությունների և Հոնկոնգի), ապա 2023 թվականին իհարկե առկա ներմուծման դրական աճ՝ համեմատած 2022 թվականի հետ: Այնուամենայնիվ, ավելի մանրամասն ուսումնասիրությունը բացահայտում է մտահոգիչ միտում՝ 2023 թվականին առկա է դեպի այլ պետությունների ներմուծման աճի բացասական միտում, իսկ արտահանումը այլ ուղղություններով կրճատվել է 12.2 տոկոսով: Այսպես այլ հավասար պայմաններում 2024 թվականին կարելի է ակնկալել որ և՛ ներմուծումը և՛ արտահանումը դեպի այլ պետություններ կարող է կրճատվել։

 

Աղասի Թավադյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829