Լրահոս
Իմ քաղցր տատը…
Օրվա լրահոսը

«Եթե ծագման երկրում դրույքաչափն ավելի բարձր է, քան քո երկրում, ուղարկված գումարը ենթակա չի լինում հարկման»․ տնտեսագետը՝ արտագնա աշխատողների խնդրի մասին․ «168 ժամ»

Փետրվար 22,2024 10:16

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ հազարավոր քաղաքացիներ, որոնք աշխատելու նպատակով Ռուսաստան են մեկնել, Հայաստան վերադարձից հետո նամակներ են ստացել ՊԵԿ-ից, որ 100.000 դրամից մինչև 1 միլիոն դրամ հարկային պարտավորություն ունեն և պետք է վճարեն։

Պետեկամուտների կոմիտեից հիշեցրել էին, որ ԱՊՀ կառավարությունները 2018թ. Աստանայում կնքել են մի համաձայնագիր, որով էլեկտրոնային եղանակով հարկային տեղեկատվություն է փոխանցվում ԱՊՀ անդամ երկրներին։ Հայաստանն արձանագրությունը վավերացրել է 2020թ. փետրվարին։ Հենց այդ արձանագրության շրջանակում էլ ՊԵԿ-ը ստացել է ֆիզիկական անձանց եկամուտների մասին տեղեկատվությունը և սկսել է գումարային պահանջներ ներկայացնել։

Այս համաձայնագրի մասին նշեց նաև տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը:

«Մենք մի շարք երկրների, այդ թվում՝ ՌԴ-ի հետ, որտեղ առավելապես մեկնում են մեր արտագնա աշխատողները, ունենք կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիր, ինչը նշանակում է՝ փոխադարձ ծագման երկրում առաջացած եկամուտը հարկվում է հարկային դրույքաչափերի տարբերությամբ:

Այսինքն՝ եթե ՌԴ-ում եկամտահարկը ռեզիդենտների համար 13 տոկոս է, մեզ մոտ՝ 20-21 տոկոս, ապա մեզ մոտ պետք է հարկվի տարբերությունը՝ շուրջ 7-8 տոկոս,- մանրամասնեց տնտեսագետը, ապա ուշադրություն հրավիրեց խնդրի շերտերի վրա,- ՌԴ-ում մինչև 6 ամիս աշխատած քաղաքացին հարկվում է 30 տոկոսով, 6 ամսից ավելին՝ որպես ռեզիդենտ է համարվում և 13 տոկոս հարկման ներքո է հարկվում:

Եթե ծագման երկրում դրույքաչափն ավելի բարձր է, քան քո երկրում, ուղարկված գումարը ենթակա չի լինում հարկման: Գործատուն պետք է տեղյակ լինի, որ, օրինակ, 6 ամսից պակաս է մարդն այնտեղ գտնվել, ենթադրենք, 5 ամիս աշխատել ու վերադարձել է իր երկիր, որ ՌԴ-ում 30 տոկոսի ներքո դա գրվի, բայց եթե գործատուն տեղյակ չի լինում (ինչը մեծ մասի դեպքում հենց այդպես էլ լինում է), ապա ստացվում է՝ ինքն ի սկզբանե դիտարկվում է 13 տոկոսի ներքո, ու նա արդեն Հայաստանում կրկնակի հարկման խնդրի առջև է կանգնում:

Սա, ինձ թվում է, 2 երկրների հարկային համագործակցության հարցն է. այսինքն՝ այստեղ պետությունը պետք է առաջնորդվի սեփական քաղաքացու շահով և փորձի խնդրին ինչ-որ լուծում գտնել։

Այդ բոլոր ծանուցումների ու պարզաբանումների ներքո պետք է հասկանանք՝ իրականում արդյո՞ք այդ մեխանիզմով է հարկման գործընթացն իրականացվել. քաղաքացին վստա՞հ լինի, որ այդ կրկնակի հարկման բացառման սկզբունքով է հարկվում»:

Ըստ տնտեսագետի՝ թափանցիկության ու հստակեցումների բացակայությունը կհանգեցնի արտագաղթի. արտագնա աշխատողը նաև ընտանիքին կփոխադրի այն երկիր, որտեղ աշխատում է:

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829