Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուզեի մեզ մոտ վերջապես կայանար պրոդյուսերի ինստիտուտը»

Փետրվար 28,2024 13:00

Երիտասարդ թավջութակահար Անդրանիկ Աղաջանյանի պրոդյուսերի դերը ստանձնել է ճանաչված երաժիշտ հայրը

Վերջին 30 տարիների ընթացքում մեր պատանի երաժիշտ կատարողները էլ ավելի հաճախ են հայտնվում միջազգային մրցույթների առաջին հորիզոնականներում, որպես մենակատար հանդես են գալիս ոչ միայն հայաստանյան, այլեւ արտասահմանյան նվագախմբերի հետ։ Իհարկե, երիտասարդների բեմական առաջին քայլերն իրականացնելու գործում մեծ է հայաստանյան հիմնադրամների, նաեւ ԿԳՄՍ նախարարության դերը եւ այլն։ Այդ ամենում մի «բայց» կա. ինչո՞ւ մեզ մոտ այդպես էլ չի կայանում պրոդյուսերի ինստիտուտը…

Մենք զրույցի ենք հրավիրել տաղանդավոր թավջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Անդրանիկ Աղաջանյանին։ 23-ամյա երաժշտի անցած ուղին կարելի է նույնացնել արդեն կայացած, երկար տարիների փորձ ունեցող արվեստագետի կենսագրության հետ։ Դատեք ինքներդ. Նովոսիբիրսկում կայացած Չայկովսկու անվան միջազգային մցույթում (մինչեւ 17 տարեկան) հատուկ մրցանակ (Պագանինիի երկերի լավագույն կատարման համար), հեղինակավոր միջազգային մրցույթներում՝ առաջին մրցանակներ, այդ թվում՝ Սերբիայում անցկացված եւ «KINGS PEAK MUSIC» առցանց մրցույթում։ Որպես մենակատար երաժիշտը հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, սիմֆոնիկ եւ կամերային նվագախմբերի ընկերակցությամբ, նաեւ Սոֆիայի կամերային նվագախմբի հետ։ Հանդես է եկել Հունաստանում, Ֆրանսիայում, Չեխիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Ռուսաստանում եւ այլուր։

Հայր և որդի Աղաջանյանները

Նրան 2023թ. նկատել էր նաեւ խորեոգրաֆ Արա Ասատուրյանը եւ հրավիրել հանդես գալ իր սցենարով «Աղոթք միայնակ թավջութակի համար» թատերապարային ներկայացման մեջ։ Մենք անդրադարձել ենք այդ բեմադրությանը։ Հիշեցնենք միայն, որ թավջութակահարը, բացի այն, որ հանդես է գալիս Սիբելիուսի, Էլ Գարի ստեղծագործությունների բարձրարվեստ մեկնաբանություններով, ներկայացնում էր գործիքը որպես գործող անձ։

Տեսարան «Աղոթք միայնակ թավջութակի համար» ներկայացումից

Վերջերս էլ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Անդրանիկ Աղաջանյանն առաջին անգամ հանդես եկավ հոր՝ ճանաչված դաշնակահար, երգեհոնահար Արմեն Աղաջանյանի հետ, ներկայացնելով Բրուխի ստեղծագործություններից։ Մի կարեւոր հանգամանք եւս. թավջութակահարը մենահամերգներով ներկայացել է ոչ միայն Երեւանում, այլ նաեւ մարզերում՝ Չարենցավանում, Կապանում, Դիլիջանում եւ այլն։ Ասենք նաեւ, որ թվարկածն ամբողջը չէ։

Անդրանիկ Աղաջանյանը սիրով պատասխանեց մեզ հետաքրքրող մի քանի հարցի։

– Ձեր բեմական կյանքը, միանշանակ, տարիքից «առաջ է ընկել»։ Գիտենք, որ մենեջեր չունեք…

– Իրավացի եք։ Մեր երկրում այդ ինստիտուտը չի կայանում։ Հայրս է իմ պրոդյուսերը։ Մենք միասին հանդես ենք եկել Երեւանում, Նովոսիբիրսկում, Սամարայում, հայաստանյան մարզերում եւ այլն։ Նա նաեւ ինձ ուղղորդում է երկացանկի ընտրության հարցում։

– Նկատել ենք, որ բացի թավջութակի համար գրված համաշխարհային երաժշտության գանձարանի ստեղծագործություններից, հաճախ եք անդրադառնում նաեւ մեր հեղինակներին։

– Իմ նվագացանկում են Խաչատրյանի, Միրզոյանի, Հարությունյանի, Արամ Սաթյանի, Ռուբեն Անտոնյանի երկերը։ Վերջին շրջանում նվագացանկս համալրել եմ Նարինե Զարիֆյանի, Նարինե Մխիթարյանի ստեղծագործություններով։ Առաջիկայում՝ ապրիլի 8-ին, մեկնելու եմ Ֆրանսիա` Եվրոպական Musical Bonuse Back ծրագրով, կներկայացնեմ Նարինե Մխիթարյանի ստեղծագործությունը։

– Այդ ծրագրին ծանոթ չենք, կմանրամասնե՞ք։

– Ծրագիրում ներառված են արվեստագետներ 5 երկրից՝ Հայաստան, Ֆրանսիա, Պորտուգալիա, Հունաստան եւ Կիպրոս։ Ծրագիրը մեկնարկել է 2022թ., իսկ հաջորդ տարի՝ 2023-ին, այդ երկրների երաժիշտները հանդես են եկել Հայաստանում։ Չմոռանամ նշել մի կարեւոր հանգամանքի մասին. այս ծրագրի պահանջն է, որ ներկայացվեն միայն կին կոմպոզիտորների երկեր։ Իսկ Ֆրանսիա կմեկնեմ գործընկերներիս՝ ջութակահար Ժան-Միշել Օրյանի, դաշնակահար Մարգարիտ Ասատրյանի, ֆլեյտահարուհի Ասյա Ջանունցի, բլուլահարուհի Անի Ռուբենյանի հետ։

– Կարելի՞ է ենթադրել, որ ձեր ստեղծագործական կյանքն առանց խոչընդոտների է ընթանում։

– Մեծ հաշվով միայն մեկ բան կուզեի՝ մեզ մոտ վերջապես կայանար պրոդյուսերի ինստիտուտը։ Իսկապես հիանալի երաժիշտներ ունենք։ Այն ամենի համար, ինչին հասել եմ, շնորհակալ եմ  նախ ծնողներիս, հետո իմ ուսուցիչներին՝ Արմինե Ավետիսյանին, դոցենտ Արամ Թալալյանին։ Իմ՝ թավջութակահարի կայացման համար մեծ դեր են ունեցել վարպետության դասերն այնպիսի երաժիշտների ղեկավարությամբ, ինչպիսիք են Ալեքսանդր Չաուշյանը, Նարեկ Հախնազարյանը, Կարեն Քոչարյանը, Սուրեն Բագրատունին, Դենիս Սեվերին, Ալեքսանդր Բուզլովը, Ալեքսեյ Սելեզնյովը եւ այլն։

– Անդրանիկ, կուզեինք պարզել մեզ հասած տեղեկության հավաստիությունը: Ընդունվել եք Ֆինլանդիայի առաջատար բուհերից Տուրկույի համալսարան, անվանի մանկավարժ, պրոֆեսոր Լահեսմայի դասարան, բայց այդպես էլ չեք հաճախել։

– Այո, դա 2019-ին էր, ընդունվեցի, այն էլ Էռկկի Լահեսմայի դասարան, բայց ինչպես ասացիք՝ չեմ հաճախել։ Ինչ խոսք, ցավում եմ, բայց խնդիրը նրանում էր, որ մեկնելու նպատակով հրավեր ստանալու համար բանկի հաշվին պետք է ունենայի 13 հազար եվրո, թեեւ համալսարանում ուսումն անվճար էր։

– Հասկանալի է, ընտանիքում չորս երեխա եք, բոլորդ էլ երաժշտական կրթությամբ… Վերջում անդրադառնանք «Աղոթք միայնակ թավջութակի համար» թատերապարային ներկայացմանը։ Կուզեի՞ք մասնակցություն ունենալ նման նախագծերում։

– Միանշանակ՝ այո։ Ժամանակ առ ժամանակ մտովի տեղափոխվում եմ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի բեմ, որտեղ կայացավ այդ բեմադրությունը, առաջին անգամ ներկայացնելով համաշխարհային ճանաչման արժանացած, անձնական կյանքում երջանիկ, բայց կարիերայի պիկին հիվանդության պատճառով մահկանացուն կնքած հրեա թավջութակահարուհի Ժակլին Մարի Դյուպրեին։ Հիշեցնեմ, որ նրա կերպարում էր Թագուհի Մարկոսյանը, իսկ ամուսնու՝ մաեստրո Դանիել Բարենբոյմի կերպարում՝ սցենարի եւ խորեոգրաֆիայի հեղինակ Արա Ասատուրյանը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829