Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ սահմանապահները, բացի «Զվարթնոցից», շատ կարեւոր գործառույթ են այստեղ իրականացնում»․ Սեյրան Օհանյան

Մարտ 01,2024 13:48

«ՌԴ սահմանապահները, բացի «Զվարթնոցից», շատ կարեւոր գործառույթ են այստեղ իրականացնում՝ պաշտպանելով շուրջ 300 կմ Թուրքիայի սահման եւ նաեւ շուրջ 42-43 կմ Իրանի սահման։ Եթե այդ սահմանապահները դուրս գան, հասկանո՞ւմ եք, չէ՞, թե մեզ համար այս տարածաշրջանում ինչ խնդիրներ են առաջացնելու նաեւ Թուրքիայի կողմից»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Ըստ Սեյրան Օհանյանի՝ ռուս սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանից հանելու քննարկումների, այս իրավիճակի պատասխանատուն ՀՀ իշխանություններն են, որոնք էլ կարող են դրա պատասխանը տալ։ «ՀՀ իշխանությունների գործունեության մեջ դուք տեսնում եք, որ նրանք 2018 թվականից հետեւողականորեն գնում են ոչ թե հարաբերությունների բարելավման, այլ հարաբերությունների վատթարացման։ Խնդիրները պետք է ոչ թե խորացնել, այլ փորձել հարթեցնել, օգտագործել ի շահ քո պետության»,- ասաց նա։

Օհանյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները նույնիսկ չգիտեն, թե ինչ համաձայնագրերի ու փաստաթղթերի համաձայն են ռուս սահմանապահներն այսօր գտնվում Սյունիքի հատվածում։

Ըստ նրա՝ սահմանապահները պատերազմի սկզբնական փուլի համար են պատասխանատու եւ միջոցներ պետք է ձեռնարկեն, որ հիմնական ուժերը մտնեն մարտական գործողությունների մեջ։

«Եթե խոսքը գնում է անցած տարիներին ՀՀ զինված ուժերի գործողությունների մասին, ինչպես միշտ, այնպես էլ հիմա այս իշխանության օրոք մեր զինված ուժերի, մեր սահմանապահների գործողությունները, հարաբերությունները Ռուսաստանի հետ, բոլորը կատարվում են ուշացումներով։ Այնինչ, յուրաքանչյուր միջոցառման եւ նախապատրաստման, եւ նաեւ մարտական գործողությունների վարման համար համապատասխան ժամանակահատված գոյություն ունի։ Տեղ գյուղում մեր իշխանություններն ասում են, որ ադրբեջանցիներն առաջինը եկան ու կանգնեցին մեր սահմանի վրա, նաեւ մեր սահմանից ներս ներխուժեցին։ Թող այնպես անեին, որ ոչ թե ադրբեջանցիները, այլ մեր զինված ուժերը բնագծեր կահավորեին եւ ադրբեջանցիներն առաջ գնային, զբաղեցնեին մեր սահմանները։ ՀՀ իշխանությունները փորձում են հարաբերություններն օգտագործել՝ իրենց հիմնական պարտականություններում բացթողումներն արդարացնելու համար»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031