Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ աշխատակիցն ասաց՝ հանկարծ այդ արտոնյալ վիճակիցդ չառիթավորվես, թե չէ հեսա էլի կպառկես. Արամ Սարգսյան

Մարտ 13,2024 15:44

Այսօր վաղ առավոտյան ԱԱԾ դիմակավորված անձինք դաշնակցական քաղաքական գործիչ Գագիկ Սարգսյանի տուն են մտել, խուզարկել, առգրավել համակարգիչ, հեռախոսի հիշողության քարտ ու ձերբակալել Գագիկ Սարգսյանին:

Գագիկ Սարգսյան

Նրա որդին՝ Արամ Սարգսյանը Aravot.am-ին պատմեց. «Ընդհանուր խուզարկություն են արել, իմ անձնական նոթբուքն են տարել, ինչ-որ հին հեռախոսի հիշողության քարտը, մանր-մունր բաներ: Որոշ ենթադրություններ կան, որովհետեւ ինքը քաղաքական հայացքներով լրիվ հակառակ է գնում այսօրվա գործող իշխանությունների քաղաքականությանը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին: Բայց ինքը ազնիվ, օրինապաշտ մարդ է, իրեն բոլորն էլ գիտեն, ժողովրդական երգի վարպետ է, «Ակունք» ազգագրական համույթի անդամ է եղել , «Զարթոնք» խմբի ղեկավարն է, ամբողջ կյանքը դաշնակցական է եղել, ՀՀՇ-ի ժամանակ ընդդիմադիր է եղել: Ամբողջ կյանքում գնացել է հոսանքին հակառակ, մտածել է ոչ թե իր նյութական բարեկեցության մասին, այլ՝ երկրի, չի մտածել տուն պահելու մասին ու էն տուն պահողները, որոնք հակադրվում էին ազգային շահերին, հեգնել ու քննադատել է… Իմ գլխում չի տեղավորվում, թե ինչ պետք է լիներ, որ այդ ուշադրությանն արժանանայինք ԱԱԾ-ի կողմից, որ առավոտյան ժամը 7-ին «կվալտով» գային, որ եթե դուռը չբացեինք, դրանով ջարդեին: Որ գային բոլորիս պառկեցնեին գետնին, տեսախցիկները դեմ տային ու անհասկանալի բաներ անեին, ամբողջ տունը տակնուվրա տային: Միակ ենթադրությունը իր քաղաքական հայացքներն են, բայց թե իշխանությունները, տվյալ դեպքում պատվերը կատարողները ինչպես կձեւակերպեն, իրենք իրավական հարցերից շատ ուժեղ են, մի բան կմտածեն:

Այդ վայրենություններից հետո մեզ առանձին-առանձին նստեցրին , ինձ տարան իմ սենյակ նստեցրին, հեռախոսին թույլ չէին տալիս մոտենալ ընդհանրապես, ավտոմատավորները կանգնել էին գլխիս, որ չշարժվեմ, ոչ մի բանի ձեռք չտամ: Հանկարծ շարժվեցի, էն մեկն եկավ ու ինչպես թուրքը խոզի մսին կնայեր, ասաց՝ հանկարծ այդ արտոնյալ վիճակիցդ չառիթավորվես, թե չէ հեսա էլի կպառկես, ասում եմ՝ այսինքն, եթե իմ տան մեջ հանգիստ նստած եմ, արտոնյալ վիճա՞կ է, ասաց՝ հա: Այդ տիպի վերաբերմունք էր»:

Մինչեւ ժամը 12-ը Սարգսյանների տուն մտած իրավապահները կատարել ու ավարտել են խուզարկությունը, կազմել արձանագրություններն ու հեռացել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031