Լրահոս
Օրվա լրահոսը

Չհամաձայնվելով կեղծ քարտեզագրման հետ՝ դիմել են վարչապետին, դատախազին, դատարան

Մարտ 28,2024 13:30

«Առավոտը» ներկա է գտնվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստին (դատավոր՝ Ս. Աբովյան), ընդդեմ համայնքապետարանի շարունակվում էր թոշակառու ամուսիններ, մանկավարժներ Ջ.Հարությունյանի եւ Մ.Աբրահամյանի հայցի քննությունը, որոնց սեփականության իրավունքները ոտնահարվել են Էջմիածնի համայնքապետարանի կողմից: Նրանք այս անգամ դիմում են մասնագիտական հանրությանը, լրատվամիջոցներին:

Դեռեւս ՀՍՍՀ օրոք՝ 1991թ.-ից ստացել ենք Արամ Մանուկյան 2-րդ թաղամաս 131 հասցեում հողատարածք, ըստ սխեմատիկ հատակագծի, որը սեփականության վկայականի ծննդական է (հողային օրենսգրքի համաձայն՝ մինչեւ վկայականի տրամադրելը համայնքը տեղորոշում է տարածքում, կոորդինատները տրամադրում է քաղաքացուն, որն էլ արտացոլվում է սխեմատիկ իրավիճակային հատակագծում) մեզ հարակից տարածքը, որը տիրապետել ենք 33 տարի եւ ըստ մեր վկայականի սխեմայի եղել է պետական սեփականություն: Ըստ պետական սեփականության ցանկի բացառման կարգով, եթե դիտարկենք՝ գազիֆիկացման տարածք չէ (եղել է էլեկտրական աշտարակ, որը դեմոնտաժվել է), մնացած թվարկյալ պետական սեփականություններից միայն համապատասխանում է երկրորդական ճանապարհը (փողոց է): Այնուհետեւ, 2006թ.-ին տեղի է ունեցել վկայականի վերահաստատում, որի համար վճարել ենք 13. 500 դրամ, որով վերահաստատել են մեզ, ինչպես նաեւ այդ սխեմատիկ հատակագիծը, որը կնքված է եւ հաստատված Էջմիածնի քաղաքապետի կողմից: Միաժամանակ նշենք նաեւ, որ 1991թ.-ին ստացել ենք շինթույլտվություն (անժամկետ), ունենք հաստատված նախագիծ, փորել ենք տան հիմքը՝ կատլավանը (12ճ14 չափով մեր հողի ճակատը 12մ մասով, այսինքն՝ հենց հողի ճակատի չափով փորված է), որով իսկ կատարել ենք շինաշխատանքների 1-ին փուլը: ԽՍՀՄ փլուզումից հետո մեր ավանդները (խնայողությունները) բանկում, որոնք նախատեսված էին բնակելի տուն կառուցելու համար, դարձան առոչինչ եւ չկարողացանք ավարտին հասցնել: Հարակից հողատարածքը տիրապետվում է 1991թ.-ից առ այսօր, սահմանազատել ենք, տեղադրել ենք տնակ, էլեկտրիֆիկացրել ենք, հողը շինաղբից մաքրել ենք, կատարել ենք հողային աշխատանքներ, ստեղծել ենք պտղատու այգի: 2019թ.-ին ուզում էինք վերսկսել շինարարությունը եւ հարակից հողատարածքն օրինականացնել, սակայն պարզվեց, որ վկայականով հողատարածքը քարտեզագրումից հանված է, իսկ այդ լրացուցիչ հարակից տարածքը, որը մեր փաստաթղթով պետական սեփականություն է եղել 2006թ.-ին, 2019թ. տեղաշարժելու միջոցով կադաստրը քարտեզագրել է (այսինքն՝ նոր գրանցում է արել) մեկ այլ անձի սեփականություն:

Հետաքրքիր զուգադիպությամբ հետո տրամադրվել է Ա. Մանուկյան 131ա, Ա. Մանուկյան 131բ, Ա. Մանուկյան 131գ հողերը, որոնք եւս քարտեզում չեն եղել եւ այդ հողի սեփականատիրոջ համաձայն կադաստրը տեղադրել է (նոր գրանցում է իրականացրել) մեր կողմից տիրապետվող տարածքում: Դիմելով քաղաքապետարան՝ պատասխան չստացանք, մեր գրավոր պահանջներին տրվում էին կամայական խուսանավող պատասխաններ, որով մեզ զրկում էին տեղեկատվություն ստանալու իրավունքից:

Այնուհետեւ դիմել ենք վարչապետին, Վարչապետի աշխատակազմը դիմել է մարզպետին, մարզպետն էլ քաղաքապետին՝ ստացել ենք քաղաքապետի պատասխանը, առ այն, որ այնտեղ պետական սեփականություն չկա, կա այլ սեփականատեր եւ ճանապարհ նախատեսված չէ, ուստի ձեր հարցը լուծեք դատական կարգով: Չհամաձայնելով կեղծ քարտեզագրման հետ՝ դիմել ենք դատախազություն, որ փաստաթղթերի կեղծման միջոցով փորձ է արվում մեր կողմից ստացած եւ տիրապետվող հողերը խլել: Քննչական մարմինների կողմից կատարված գործողությունների ժամանակ պարզվել է, որ մեր դիտարկումները՝ հիմնավորումները ճիշտ են: Ուստի նորից դիմել ենք քաղաքապետարան եւ քննչական մարմինների որոշման մեջ միջնորդել են՝ կատարել ուղղում քարտեզներում, որն անտեսվել է, ստացանք պատասխան շուտափույթ վերացնել սահմանազատումը, հետո նոր միայն կքննարկենք հողի կարգավիճակը, այլապես կանցնենք գործողությունների: Այդ գրությամբ դիմել ենք Վարչական դատարան, որպեսզի վերականգնեն մեր հողատարածքը քարտեզում եւ հարակից հողատարածքի նկատմամբ կառավարության որոշման համաձայն տրամադրեն մեզ: Հայցը վարույթ չընդունվեց, բողոքարկեցինք մինչեւ ՀՀ վճռաբեկ դատարան՝ պատճառաբանվել է, որ «դա տեղեկատվություն պարունակող փաստաթուղթ է» եւ հայցի վարույթը եւս մերժվեց, այդ հարցը բողոքարկել ենք Վճռաբեկ դատարան՝ հիմնավորելով, որ «գործողություն պարունակող փաստաթուղթ է» (սպառնալիք պարունակող)՝ համաձայն ԻՐՏԵԿ կայքում իրավաբանական, տերմինաբանական բառարանում հստակ նշված է, թե որն է տեղեկատվություն պարունակող եւ որն է գործողություն պարունակող փաստաթուղթը:

Վճռաբեկ դատարանը մեզնից պահանջել էր նախադեպային գործ, այն, ինչ քաղաքապետարանի պատասխանը ինքնին ապացույց էր հանդիսանում, որ պարունակում է գործողությունների կատարման հրահանգներ եւ պահանջներ, ինչպես նաեւ սպառնալիքներ: Վճռաբեկ դատարանի վճիռով այդ փաստաթուղթը ճանաչվեց տեղեկատվություն պարունակող փաստաթուղթ: Քննչական նյութերը, քանի որ մեզ հասանելի չէին, մեզ ճանաչել էին որպես բողոքաբեր եւ քրեական գործը կարճեցին հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Քր. գործը վերցնելուց հետո (էլեկտրոնային տարբերակը կրիչով), վկաների հարցաքննումից պարզ դարձավ, որ կադաստրի աշխատակիցը ցուցմունք է տվել, որ Ա. Մանուկյան 131ա, Ա. Մանուկյան 131բ, Ա. Մանուկյան 131գ հողատարածքները քարտեզագրել եւ տեղադրել է (նոր գրանցում է արել)՝ քարտեզում կամայականորեն խախտելով կադաստրի օրենքը եւ հողային օրենսգիրքը:

Բացի այդ, Հողային օրենսգրքի եւ Վճռաբեկ դատարանի մեկնաբանությամբ պարզվում է, որ մինչեւ 1999 թ. ստացած հողատարածքները վերագրանցելու իրավունք չունեն պետական մարմինները, այլ պետք է վերահաստատեն նախնական տվյալների համաձայն (իրավիճակային հատակագծի քարտեզի կոորդինատների սկզբնական տրամադրված եւ վկայականում եղած հիմքերի հիման վրա): 2006թ.-ին կառավարության կողմից քաղաքի հատակագիծը հաստատվել է եւ պետական սեփականություն հանդիսացող հողերի մի մասը հատկացվել է համայնքին, համաձայն այդ տեղեկատվության, որոնք հիմնված են հավելվածների՝ սխեմատիկ քարտեզների, աղյուսակների վրա հստակ երեւում է սխեմատիկ քարտեզում՝ եւ պետական եւ համայնքային սեփականություն հադիսացող տարածքները որտեղ են գտնվում, ինչպես նաեւ ըստ սխեմատիկ քարտեզի մեր թաղամասում միայն նշված է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սեփականություն եւ 2006թ.- ին կառավարության որոշում է եղել ինքնակամ տիրապետված տարածքները տրամադրել եւ տալ սեփականության վկայական: Վերոգրյալից պարզվում է, որ մենք հանդիսանում ենք այդ սահմանազատված, տիրապետվող հողի իրավատեր (մենք այդ ժամանակ վերահաստատել ենք մեր վկայականով հողը, բայց անտեղյակ ենք եղել կառավարության որոշման մասին եւ լրացուցիչ տիրապետվող հողի համար չենք ստացել վկայական):

Ուստի հարգելի Պատվարժան Այրեր, խնդրում ենք Ձեզ, քանի որ գործը մարզի առաջին ատյանի դատարանում է, աջակցել մեզ՝ մեր ոտնահարված իրավունքները վերականգնել: Ովքեր ցանկանում են եւ ունեն մասնագիտական հնարավորություններ, աջակցեք մեզ, կանխավ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն անձանց, ովքեր կարձագանքեն մեզ:

Ջ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ,

Մ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Էջմիածին

«Ա». Դատական նիստը նշանակվել է մայիսի 2-ին, ժամը 2-ին: Ապացույցների բեռի բաշխման հարցն է որոշվելու:

«Առավոտ» օրաթերթ
27.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031