Ուսումնասիրություն սկսելու մասին որոշումը կայացվել էր 08.10.2020թ.-ին, իսկ հայցը դատարան է ներկայացվել 15.03.2023թ.-ին
ՀՀ վճռաբեկ դատարանը նոյեմբերի 11-ի թիվ ՀԿԴ/0067/02/23 որոշմամբ (ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Սաշա, Լիանա Հակոբյան, Հովհաննես, Կարապետ, Մկրտիչ, Անդրանիկ Հակոբյանների, Արաքսյա Ավջյանի, երրորդ անձ՝ «Պոլի-Տրանսպորտ» ՍՊԸ գործով) անդրադարձել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված եռամյա ժամկետը հայցային վաղեմության ժամկետ հանդիսանալու և իրավասու մարմնի՝ այդ ժամկետում դատարան հայց ներկայացնելու կաշկանդվածության հարցերին՝ «վերջիններս դիտարկելով երկու մրցակցող արժեքների լույսի ներքո՝ ապօրինի ծագում ունեցող գույքը քաղաքացիական շրջանառությունից հանելու հանրային շահի և իրավական որոշակիության` քաղաքացիական շրջանառության ու տնտեսական կայունության տեսանկյուններով»։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենքի 8-րդ հոդվածը պետք է մեկնաբանվի այնպես, որ ուսումնասիրության համար առավելագույնը 3 տարի ժամկետն իր մեջ ներառում է իրավասու մարմնի կողմից այդ ժամկետում սահմանված կարգով դատարան հայց ներկայացնելը:
Անդրադառնալով իրավասու մարմնի կողմից ներկայացված հայցի հիմքի ու առարկայի փոփոխմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավասու մարմինը հայցի հիմքի և առարկայի փոփոխության շրջանակում չի կարող պահանջ ներկայացնել այնպիսի գույքի նկատմամբ, որն ուսումնասիրության առարկա չի դարձել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում: Այն գույքը, որը եռամյա ժամկետի ընթացքում ուսումնասիրության առարկա է դարձել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում, սակայն իրավասու մարմինն օբյեկտիվ պատճառներով դրա վերաբերյալ պահանջ չի ներկայացրել դատարան, ապա նախնական դատական նիստի ընթացքում՝ մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացվելը, կարող է հայցի հիմքի և առարկայի փոփոխության շրջանակներում ավելացնել իր պահանջը՝ ցույց տալով այն օբյեկտիվ պատճառները, որոնցով պայմանավորված ներկայացվում է նման միջնորդությունը, իսկ նման պատճառներ ցույց չտալու դեպքում միջնորդությունը ենթակա է մերժման:
Կարդացեք նաև
Վճռաբեկ դատարանի որոշման համաձայն, օրենքի 8-րդ հոդվածը պետք է դիտարկել, ինչպես ուսումնասիրության առավելագույն տևողությունը սահմանող, այնպես էլ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջների նկատմամբ կիրառելի հայցային վաղեմության ժամկետ սահմանող (2-րդ մաս) իրավական կարգավորում։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.11.2026



















































