Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պարսյան. «Հայաստանի կտրուկ շրջադարձն այս կամ այն ուղղությամբ քիչ հավանական է». «Փաստ»

Ապրիլ 06,2024 10:30

Հայաստանի իշխանությունները ցանկանում են, իսկ ավելի ճիշտ՝ ցույց են տալիս, թե ցանկանում են ոչ միայն մեր երկրի արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնել, այլ նաև տնտեսությունը: Սակայն կարևոր է նաև այն, որ երբ գնում ես ինչ-որ տեղ, քեզ այնտեղ սպասեն: Արդյոք Հայաստանը, որպես արտահանող երկիր, հետաքրքի՞ր է եվրոպական շուկային: Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ առհասարակ այս կամ այն միավորմանը ինտեգրվելն ինքնանպատակ չէ:

«Դա միջոց է Հայաստանի տնտեսական, սոցիալական զարգացումը, բարեկեցությունն ապահովելու համար: Երբ Հայաստանը նպատակադրվում է ինտեգրվել այս կամ այն միավորմանը, պետք է այդ ամենը հաշվարկի և գնահատի: Մոտ տասը տարի է, ինչ անդամակցում ենք ԵԱՏՄ-ին: Պետք է արձանագրենք, որ այս ընթացքում բավականին լուրջ տնտեսական, առևտրային առաջընթաց ենք գրանցել այդ ուղղությամբ: Զուգահեռաբար ԵՄ երկրների հետ ունեցել ենք ազատ առևտրի համաձայնագիր, որը հետագայում վերափոխվեց այլ համաձայնագրով, այնուամենայնիվ, այդ կապերը եղել են երկկողմանի: Հայաստանի տնտեսական առաջընթացը, զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Հայաստանը կարողանա բոլոր կենտրոնների հետ փոխլրացնող, փոխշահավետ տնտեսական կապեր ձևավորել: Եթե Հայաստանը հրաժարվի մեկ ուղղությունից, կստացվի, որ մեր ունեցած հնարավորությունը, այն է՝ Հայաստանի միջոցով ներկայում առևտուր է իրականացնում և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը, կկորցնենք: Դա պետք է արձանագրենք որպես օբյեկտիվ իրականություն և, դրանից ելնելով, որոշակի եզրահանգումներ ու առաջարկություններ անենք»,-«Փաստի» հետ զրուցում ասում է Պարսյանը:

Ընդգծում է՝ թվերը չեն ստում: «2023 թ.-ին Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է 20,7 մլրդ դոլար: Դրանից ԵԱՏՄ երկրներին բաժին է ընկել մոտավորապես 37, ԵՄ երկրներին՝ 13, ԱՄՆ-ին՝ 3 տոկոս: Այսինքն՝ ԵՄ երկրների և ԱՄՆ-ի ցուցանիշը մոտավորապես կազմում է 16 տոկոս, ինչը 2,5 անգամ ավելի քիչ է, քան ԵԱՏՄ երկրներին ընկնող առևտրաշրջանառությունը: Այս պահին ԵԱՏՄ-ն, ի դեմս Ռուսաստանի, մեր թիվ մեկ առևտրային գործընկերն է: Ռուսաստանը ԵՄ երկրներից տարբերվում է նաև նրանով, որ Ռուսաստան արտահանում ենք վերջնական սպառման արտադրանք, ոչ թե հումք և նյութեր՝ ի տարբերություն ԵՄ երկրների: ԵՄ երկրներ հիմնականում արտահանում ենք պղինձ, մոլիբդեն և այլ մետաղներ, իսկ ԵԱՏՄ երկրներ և Ռուսաստան արտահանում ենք վերջնական սպառման արտադրանք, օրինակ՝ պահածոներ, խմիչք, սարքավորումներ և այլն: 2022 թ.-ից սկսած նաև մեծ քանակությամբ վերարտահանումներ ենք իրականացնում Ռուսաստան, մասնավորաբար՝ ավտոմեքենաներ, սարքավորումներ, տարբեր տեխնիկա և այլն:

Ըստ էության, ԱՄՆ-ի և ԵՄ երկրների ընկերությունների համար Հայաստանը դարձել է դեպի Ռուսաստան արտահանում իրականացնող երկիր, միջնորդ: Այդ առումով նրանք նույնպես շահում են այս իրավիճակում: Այս իրավիճակից օգտվում է նաև Ռուսաստանը, Հայաստանի միջոցով իր ոսկու և ադամանդի պաշարներն է իրացնում աշխարհով մեկ: Օրինակ՝ Հայաստանից վերարտահանում է Արաբական Էմիրություններ, Հնդկաստան, Եվրոպա, Չինաստան և այլ ուղղություններով: Հայաստանն այս պահին դարձել է բավականին հետաքրքիր վերարտահանող ուղղություն և՛ ԵՄ-ի, և՛ ԱՄՆ-ի, և՛ այլ երկրների համար: Կարևոր է նաև հասկանալ, թե որ ուղղությամբ են Հայաստանի արտահանման ծավալները: Արտահանման մասով բավականին մտահոգիչ իրավիճակ ունենք: Դեպի ԵԱՏՄ Հայաստանից արտահանումն աճել է 40 տոկոսով, դեպի ԵՄ երկրներ արտահանումը նվազել է 8 տոկոսով, իսկ դեպի ԱՄՆ արտահանումը նվազել է 38 տոկոսով:

Մի կողմից՝ խոսում են տնտեսության դիվերսիֆիկացիայի, տնտեսական նոր հնարավորությունների մասին, և ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կարևորում են Հայաստանի տնտեսության դիմադրողականության աճը, բայց, միևնույն պարագայում, այս ուղղություններով ունենք արտահանման էական նվազում: Միանշանակ պետք է արտահանման շուկաները դիվերսիֆիկացնել, տնտեսական դիմադրողականությունը բարձրացնել, բայց դրան պետք է հետևեն հստակ ծրագրեր, ոչ թե միայն հայտարարություններ»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ դա թույլ կտա իրական փոփոխություններ անել: «Այս պահին քանի դեռ Հայաստանի տնտեսությունը, պայմանավորված վերարտահանման գործոններով, ունի բարձր տնտեսական աճ, պետք է կարողանանք փոխել մեր տնտեսության որակը, արդյունաբերական արտադրանքի ստանդարտները պետք է համապատասխանեն եվրոպական, միջազգային ստանդարտներին, որ կարողանանք արտահանման նոր շուկաներ գտնել: Դա պետք էր վաղուց անել, հիմա կառավարությունը փորձում է այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր անել, և միայն այդ քայլերն անելուց հետո կկարողանանք մեր արտադրանքը ներկայացնել եվրոպացի սպառողին, իսկ նրան ներկայացնելու ժամանակ արդեն երկրորդ՝ մարքեթինգի խնդիրն է գալիս: Պետք է կարողանանք եվրոպացի սպառողին ներկայացնել մեր արտադրանքը, դրա որակը, բարձրացնենք ճանաչելիությունը, դա բավականին ժամանակատար և ծախսատար գործընթաց է, հնարավոր չէ մեկ-երկու ամսում անել: Այսինքն՝ եթե դիվերսիֆիկացում ենք անում, պետք է ստանդարտներին համապատասխանեցնենք, երկրորդ՝ շուկա մուտք գործելու ծախսերն անենք: Այս ուղղությամբ դեռ նոր-նոր քայլեր են արվում, հետևաբար Հայաստանի կտրուկ շրջադարձն այս կամ այն ուղղությամբ քիչ հավանական է՝ հաշվի առնելով տնտեսական այս իրողությունները»,-ընդգծում է Պարսյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930