Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի տարի առաջ խելագարություն կհամարեինք, եթե մեկը մեզ ասեր, թե ՀՀ քաղաքական գլխավոր ամբիոններից նման խոսք է հնչելու. «Փաստ»

Ապրիլ 16,2024 10:26 Share

«Էս որ որոշ հոգևորականներ կան, հիշել են, որ էնտեղ եկեղեցի կա, էնտեղ շոու պատարագ են անում, քանի՞ անգամ են էս ընթացքում էդ եկեղեցու մասին հիշել ու քանի՞ անգամ են էնտեղ պատարագ արել»: Մի քանի տարի առաջ իսկական խելագարություն կհամարեինք, եթե ինչ-որ մեկը մեզ ասեր, թե Հայաստանի Հանրապետության քաղաքական գլխավոր ամբիոններից մեկից նման խոսք ու ձևակերպում է հնչելու: 2024 թ.-ի ապրիլյան մի օր Հայաստանի վարչապետի պարտականությունները կատարող Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաբերյալ նման մի միտք արտահայտեց: Եկեղեցին նրա հարցին պատասխանեց, բայց ինչո՞ւ էր բարկացել Փաշինյանը: Գուցե այն պատճառով, որ տավուշցիներն ընդդիմանո՞ւմ են, բացատրություն պահանջո՞ւմ, թե ինչու պետք է հերթական զիջմանը գնան, հերթական անգամ Հայաստանը հող հանձնի Ադրբեջանին, և հերթական անգամ խաղաղությունն այդպես էլ չգա մեր տուն:

Հակառակը՝ ամեն զիջումից հետո ավելի մոտ ենք զգում պատերազմի շունչը: Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այլևս զարմացնող չեն: Երբեմն զարմացնող է մեր լռությունն ու համբերատարությունը: Մեր համբերության բաժակը լցվել է, ջուրը թափվում է, բայց մի տեսակ կաղապարվել ենք սեփական ցավի ու անզորության մեջ, հույսներս չգիտեմ էլ, թե ինչի վրա ենք դրել: Սովոր էինք մեր երկրի ղեկավարներին տեսնել հոգևոր դասի հետ կողք կողքի քայլելիս, Եռաբլուր և կարևոր նշանակության վայրեր միասին այցելելիս: Ինչ-որ պահից սկսած՝ Հայաստանի պաշտոնյաների և հոգևոր դասի միջև խզումն ակնհայտ դարձավ:

Օրերս քպական մի պատգամավոր ԱԺ ամբիոնից հոգևոր դասին մեղադրեց կեղծ տեղեկություններ տարածելու մեջ ու ասաց. «Կարծում եմ՝ ինչ-որ մի օր ժողովուրդը ձեզ կների, մնում ա Աստված ների»:

Հասկանում եք, չէ՞. տեսեք՝ ով ու ովքեր են խոսում ներվելուց: Մյուս աններելի մեղքերի հետ միասին՝ Աստված վստահաբար չի ների մարդկանց, որոնց պատճառով պատերազմի օրերին տղաների գլխին քարե կարկուտ էր տեղում, որ տղաներից շատերը տուն «վերադարձան» փակ դագաղներով, և ծնողներն ու ընտանիքի անդամները չկարողացան հպվել նրանց մի վերջին անգամ, համբուրել ու հրաժեշտ տալ. շատերը համոզված չեն, որ իրենց որդիներն են հանգչում գերեզմանատներում, որոնք շատերի համար երկրորդ տուն են դարձել: Սրա համար լինելու է պատասխանատվություն, եթե ոչ իրավական, ապա գոնե երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930