Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂ էթնիկ հայերի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտը ունի շատ հստակ էթնիկ ծագում եւ ձեւաչափ»․ պրոֆեսոր Պիեռ դ՛Արժան

Ապրիլ 16,2024 15:24

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր շարունակվում են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով բանավոր լսումները։ Հայկական կողմը գլխավորում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Երեկ դատարանը լսեց Ադրբեջանի առարկությունները։ 

Պրոֆեսոր Պիեռ դ՛Արժանն ասաց․ «Ադրբեջանի երկրորդ նախնական առարկությամբ փորձ է արվում քննարկումից դուրս թողնել Հայաստանի որոշ պնդումներ կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։ Մասնավորապես, էթնիկ հայերի կամայական ազատազրկման վերաբերյալ պահանջները, էթնիկ հայերի հարկադիր անհետացումների վերաբերյալ Հայաստանի պնդումները եւ Հայաստանի պահանջները՝ էթնիկ հայերի նկատմամբ կատարված բռնության տարբեր գործողությունների վերաբերյալ։ Այս կապակցությամբ Ադրբեջանի դիրքորոշումն առերեւույթ փոխվել է վարույթի ընթացքում։

Հարցը, սակայն, հետեւյալն է, թե իրոք դիրքորոշումը փոխվե՞լ է, քանի որ դժվար է իմանալ, թե ստույգ ինչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ։ Առաջին հերթին Ադրբեջանը պնդում էր, թե ընդդեմ էթնիկ հայերի ֆիզիկական բռնության գործողություններին, անկախ նրանից, զինվորականներ էին, թե քաղաքացիական անձինք, կոնվենցիայի նյութական շրջանակի մեջ պետք է չներառել, հատկապես եթե այդ գործողությունները կատարվել են իր զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։ Ապրիլի 5-ին Ադրբեջանը հայտարարեց, որ այլեւս չի առարկում դատարանի իրավազորության հարցի այն պահանջների մասով, որոնք վերաբերում էին զինված հակամարտության ընթացքում էթնիկ հայ քաղաքացիական անձանց նկատմամբ վատ վերաբերմունքին։ Միեւնույն ժամանակ պահպանում էր իր առարկությունն այն մասին, որ կոնվենցիայի ներքո Հայաստանի մյուս պահանջները վերաբերել են զինված հակամարտության, ակտիվ մարտական գործողությունների փուլում քաղաքացիական անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի ենթադրյալ դրսեւորումներին, եւ որ դրանց կապակցությամբ Հայաստանն իբրեւ թե ապացույցներ չի ներկայացրել, որպեսզի հիմնավորի, որ դրանց հիմքում էթնիկ կամ ազգային ծագումն է»։

Ըստ պրոֆեսորի՝ պետք է տարբերակել, թե որ պահանջներն են վերաբերում զինված հակամարտության ընթացքում էթնիկ հայերի նկատմամբ դրսեւորումներին եւ զինված հակամարտության ընթացքում ընդհանրապես տեղի ունեցած գործողություներին։ Նա ասաց, որ երեկվա նիստը պարզաբանում չտվեց այս հարցերին։ «Ադրբեջանը որոշ մանրամասներ ու ամսաթվեր ներկայացրեց, որոնք իր կարծիքով՝ պետք է համարել մարտական գործողությունների ակտիվ փուլ։ Սակայն, եթե այս չափանիշը կիրառելի է, ապա բարդ է հասկանալ, թե ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակում առարկություն ներկայացնել այն կամայական ազատազրկումների եւ հարկադիր ազատազրկումների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել մարտական գործողությունների ակտիվ փուլերից դուրս»,- ասաց նա։

Պիեռ դ՛Արժանի խոսքով՝ Ադրբեջանի՝ նյութական հիմքերի վերաբերյալ առարկությունը Հայաստանի պահանջների մեծ մասի նկատմամբ կիրառելի չէ։ «Ադրբեջանի սխալ տարբերակումը կոնվենցիայի ներքո բացարձակապես անէական է եւ իմաստազուրկ, քանի որ կոնֆլիկտը Ադրբեջանի եւ էթնիկ հայերի միջեւ, որոնք ապրում էին Լեռնային Ղարաբաղում, ուներ շատ հստակ էթնիկ ծագում եւ ձեւաչափ։ Ադրբեջանի ներկայացուցիչը երեկ ընդունեց, որ դատարանում ներկայացված կոնֆլիկտը էթնիկ կոնֆլիկտ է, էթնիկ հակամարտություն է, ուստի, այս հակամարտությունը շարքային միջպետական կռիվ չէ եւ պատերազմ չէ՝ ի հակադրություն Ադրբեջանի՝ հակասական եւ կոնտեքստից կտրված մեկնաբանությունների։ Ադրբեջանը պնդում է, թե իբրեւ այս կոնֆլիկտի շրջանակում կան առանձնակի դաժան բռնության դրսեւորումներ, որոնք իբրեւ որեւէ կապ չունեն տուժողների էթնիկ ծագման հետ։ Այս հակամարտությունն էթնիկ հակամարտություն է, քանի որ երեք տասնամյակ շարունակ տարածքային ամբողջականության հողի ներքո Ադրբեջանը հրաժարվեց ընդունել Լեռնային Ղարաբաղի՝ իրենց նախկինների պատմական հողերում ապրող էթնիկ հայերի ինքնորոշումը։ Եվ դաժանաբար վերջ դրեց այդ իրավիճակին։

Ադրբեջանի նախագահը դա անվանել է «ազատագրման պատերազմ» կամ «հայրենական պատերազմ», եւ այդ գործողությունները պարունակել են խտրական բազմաթիվ խախտումներ էթնիկ հայերի նկատմամբ, այդ թվում՝ նաեւ մարտական գործողությունների շրջանակում։ Այս պատերազմի հետեւանքով ամբողջովին էթնիկ զտման ենթարկվեց Լեռնային Ղարաբաղը՝ արհամարհելով դատարանի որոշումները։ Ադրբեջանը, ազգային իր պատմույթի համաձայն, իբրեւ «ազատագրել» է՝ 2020 թվականի վերջին մղելով պատերազմ եւ հետո աստիճանաբար խեղդել Լեռնային Ղարաբաղը՝ մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի վերջին հարվածը, երբ ԼՂ էթնիկ հայ բնակչությունը դուրս մղվեց ԼՂ-ից։ Ահավասիկ, սա էր իրենց նպատակը՝ էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելը»,- հայտարարեց նա։

Պիեռ դ՛Արժանն ասաց, որ Ադրբեջանի կողմից խտրականության ապացույցները տեսնելուց հրաժարվելն անխուսափելի է դարձնում նախադատական բանակցությունների տապալումը կողմերի միջեւ։ «Այս առումով բավարար է լիարժեքորեն հասկանալ Ադրբեջանի երկրորդ նախնական առարկության անհիմն լինելը եւ մերժել առաջինը, եթե դեռ չեք համոզվել, որ դա բացարձակապես հիմնազուրկ է։ Ադրբեջանի երկրորդ նախնական առարկությունն անհեթեթ է՝ հաշվի առնելով այն ընդհանուր համատեքստը, որում տեղի են ունենում Հայաստանի գանգատի մեջ ներկայացված բոլոր իրադարձությունները։ Բայց այն նաեւ սխալական է՝ հաշվի առնելով դատարանի նյութական իրավազորության հիմքում ընկած պայմանները»,- ասաց պրոֆեսորը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930