Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի դատարանը լսեց Ադրբեջանի առարկությունները Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերի շրջանակներում

Ապրիլ 15,2024 16:37

«Ադրբեջանը հրատապ է համարում իր նախնական առարկություններն ընդդեմ Հայաստանի ներկայացրած գանգատի»,- Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով լսումների ժամանակ հայտարարեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը (Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ)։

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերի շրջանակներում ընթանում են կողմերի ներկայացրած նախնական առարկություններին վերաբերող բանավոր լսումները։

Այսօր Հաագայի դատարանում կազմակերպված լսումների ժամանակ իր առարկությունները ներկայացրեց Ադրբեջանը։ Վաղը առարկություններ ներկայացնելու հերթը Հայաստանինն է։ Այն կանցկացվի Հաագայի ժամանակով ժամը 10։00-13։00։ Առարկությունների ներկայացման երկրորդ փուլը կմեկնարկի ապրիլի 17-ին՝ ժամը 16։30-18։00։ Իր առարկությունները կներկայացնի Ադրբեջանը, ապրիլի 19-ին ՀՀ-ն՝ 10։00-11։30-ին։

Այսօրվա լսումների ժամանակ Էլնուր Մամեդովը պնդեց, թե Հայաստանի ներկայացրած գանգատը պետք է մերժվի: Նա հայտարարեց․ «Հայաստանն այս գանգատով փորձում է խուսափել Ադրբեջանի հետ իր վեճը բանակցային ճանապարհով լուծելու իր պարտավորությունից՝ նախքան դատարանի իրավասությունը վկայակոչելը»։

Փոխարենը վստահեցրեց՝ Ադրբեջանի երրորդ գանգատը կենտրոնացած է էթնիկ զտման և շարունակական կերպով Հայաստանի կողմից Ադրբեջանի մշակութային ժառանգության ոչնչացման վրա օկուպացված տարածքներում։

Էլնուր Մամեդովը փորձում էր Հաագայի դատարանին հավաստիացնել, թե հայերի՝ իրենց տարածքներ ներխուժումը 1991-1994-ին ուղեկցվել է «ռասիստական և ազգայնական գաղափարախոսությամբ, որը հայտնի է՝ որպես ցեղակրոն»։

Մանրամասնելով Ադրբեջանի երկու առարկությունների մասին՝ Էլնուր Մամեդովն ասաց․ «Հայաստանի գանգատը պետք է մերժվի ամբողջությամբ՝ Հայաստանի կողմից 3-րդ հոդվածի 22-րդ կետով նախատեսված բանակցային նախապայմանը չկատարելու հիմքով։ Ադրբեջանն այդ նախապայմանը դիտարկում է որպես 3-րդ կողմերի կարևոր պարտավորություն և որպես դատարանի առջև կարևոր նախապայման: Ադրբեջանը ոչ մի կերպ չի ընդունում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների այլ միջազգային իրավունքի ենթադրյալ խախտումները: Ընդհակառակը, շատ լուրջ է վերաբերվում նման մեղադրանքներին։ Առկա տվյալները ցույց են տալիս, որ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը չի խուսափում իր քաղաքացիներին դատապարտել համապատասխան դեպքերում, երբ մեղադրանքն ապացուցված է դատավարության ընթացքում։ Մինչդեռ Հայաստանի գանգատի մի շարք տարրեր դատարանի իրավասությունից դուրս են․ Հայաստանի գանգատում նշվում է ենթադրյալ սպանությունների մասին, խոշտանգումների և ոչ մարդկային վերաբերմունքի մասին հայերի հանդեպ զինված հակամարտության ժամանակ, նաև հայերի ենթադրյալ ապօրինի ազատազրկումը, հայերի անհետացումը։ Սա ոչ մի կապ չունի ռասսայական խտրականության հետ, սրանք բոլորը վեր են դատարանի իրավասությունից»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Վերջին տարիներին Ադրբեջանի ռազմական ագրեսիան հանգեցրել է տարածաշրջանում լուրջ բնապահպանական խնդիրների:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրոպայի վայրի բնության եւ բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արբիտրաժային վարույթի առաջին ընթացակարգային նիստի ընթացքում այս մասին ասել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ բնապահպանության ոլորտում Հայաստանի հետագիծն ինքնին խոսուն է. Հայաստանը բազմիցս է վերահաստատել իր հանձնառությունը տարածաշրջանում վայրի ֆլորայի ու ֆաունայի եւ բնական միջավայրի պահպանության առնչությամբ, ներառյալ՝ Բեռնի կոնվենցիայի մշտական հանձնաժողովի հետ իր սերտ համագործակցության եղանակով:

«Մինչդեռ, Ադրբեջանը կարծես հավատարիմ է իր՝ այսպես կոչված «բնապահպանական մտահոգությունները» քաղաքական դրդապատճառներով որպես գործիք օգտագործելու ցինիկ ռազմավարությանը: Վերջին տարիներին Ադրբեջանի ռազմական ագրեսիան հանգեցրել է տարածաշրջանում լուրջ բնապահպանական խնդիրների՝ ոչնչացնելով անտառներ, աղտոտելով հողային եւ ջրային ռեսուրսներ, այդ թվում՝ սպառելով Սարսանգի ջրամբարի ռեսուրսները: Լեռնային Ղարաբաղի ֆլորան ու ֆաունան նաեւ վտանգված են Ադրբեջանի անդադար քանդման եւ շինարարական աշխատանքների պատճառով, որոնք նպատակաուղղված է կանխելու էթնիկ հայերի վերադարձը իրենց հայրենիք:

Հայաստանը հետամուտ է լինելու այս արբիտրաժային վարույթի շրջանակներում իր դիրքորոշման վերահաստատմանը և շահերի պաշտպանությանը՝ վիճարկելով Ադրբեջանի անհիմն պնդումները, իսկ վարույթի համապատասխան փուլում ներկայացնելով իր իսկ պահանջները Ադրբեջանի դեմ վերջինիս բնապահպանական պարտավորությունների շարունակական խախտման առնչությամբ»,- ասված է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի խոսքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930