Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի ձեռքով ուզում է լուծել Տավուշի առաջնագծի կազմաքանդման հարցը․ ո՞նց կարող ենք հավատալ Փաշինյանի խոսքին»

Ապրիլ 19,2024 15:00

«Առավոտի» զրուցակիցն է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Քրիստինե Վարդանյան

Տիկին Վարդանյան, Նիկոլ Փաշինյանը, երկրորդ անգամ այցելելով Տավուշի սահմանամերձ գյուղեր, ասաց, որ ոսկեպարցիների կարծիքները հաշվի կառնվեն։ Բայց շարունակեց պնդել իր այն թեզը, որ եթե զիջումներ չլինեն, հնարավոր չի լինի անվտանգություն ապահովել։ Ի՞նչ տպավորություն ստացաք այս այցից ու հայտարարություններից։

-Ամեն ինչ չափազանց պարզ է։ Մի քանի շաբաթ առաջ Փաշինյանն այցելել է Տավուշ, ասել, որ պետք է միակողմանի զիջումներ լինեն, եւ դրա դիմաց ոչ մի բան չի խոստացել։ Եվ այդ հայտարարությունն արժանացել է հանրային ընդվզման Տավուշում եւ ամբողջ Հայաստանում, ինչը Փաշինյանին ստիպել է երեք շաբաթ անց գնալ ու սրբագրել սեփական հայտարարությունները, դարձյալ խոսելով զիջումների մասին, բայց ավելի քիչ, փորձելով ցույց տալ, որ տավուշցիները ինչ-որ դրական բան կարող են ստանալ։ Այսինքն՝ գործընթացը ներկայացրել է փոխզիջման տրամաբանության մեջ։

Այստեղ հարց է ծագում, եթե կարող էր հարցը քննարկվել փոխզիջման տրամաբանության մեջ, ինչո՞ւ էր սկզբում հայտարարվում, որ զիջումները պետք է լինեն միակողմանի։ Եվ ինչո՞ւ էր Հայաստանում երեք շաբաթ արշավ գնում, որ այն, ինչ կա մեր տիրապետության տակ, դա հայկական չէ՝ դրանով իսկ Ադրբեջանին հնարավորություն տալով, որ ավելի շատ պահանջներ ներկայացնի։

Եվ երկրորդ հարցը, Հայաստանի որեւէ քաղաքացի կարո՞ղ է հավատալ Փաշինյանի որեւէ խոսքի։ Չէ՞ որ մեզ ասում էին՝ Արցախի հարցում պետք է նշաձողն իջեցնել, եւ մենք կունենանք աննախադեպ կոնսոլիդացիա։ Չէ՞ որ մեզ ասում էին՝ Սյունիքից զորքերը 25 կմ հետ ենք քաշում, որ էսկալացիա չունենանք սահմանին։ Չէ՞ որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնելու դեպքում ասում էին, որ դրա անվտանգությունը համատեղ պետք է ապահովվի, իսկ հիմա մենք Գորիս-Կապան ճանապարհով կարողանո՞ւմ ենք երթեւեկել։

Երբ Փաշինյանն ասում է՝ Ադրբեջանը Բերքաբեր գյուղի հատվածում ինչ-որ տարածքներ պետք է վերադարձնի, մենք կարո՞ղ ենք դրան հավատալ, Ադրբեջանից այդպիսի որեւէ հայտարարություն եղե՞լ է։ Երեք տարի մեզ ասել են, որ հատվածական դելիմիտացիայի ու դեմարկացիայի չեն գնալու, որ պետք է իրավական հիմքը ֆիքսվի, իսկ իրավական հիմքը պետք է լինի 1974-1978 թվականների ՌԴ Գլխավոր շտաբի քարտեզները։ Հիմա եկել ու ասում են, որ գնում են հատվածական դելիմիտացիա-դեմարկացիայի։

Հետեւաբար, մենք կարո՞ղ ենք այս իշխանության որեւէ ներկայացուցչի խոսքին հավատալ։ Ես կարծում եմ, որ այս դրվագը մեզ երկու բան է ցույց տալիս։ Առաջինն այն է, որ հանրային ընդվզման դեպքում իշխանություններն ակնհայտորեն սրբագրում են որդեգրած ուղին եւ հայտարարությունները։ Եվ երկրորդը, մենք գործ ունենք պաթոլոգիկ սուտասան իշխանության հետ, որի որեւէ խոսքին որեւէ պարագայում չենք կարող հավատալ։

Ի՞նչ են ցույց տալիս այս գործընթացները, Հայաստանի իշխանություններն Ադրբեջանին տարածքներ հանձնելու հարցում որպես նախաձեռնո՞ղ են հանդես գալիս։

-Հայկական շահերի զիջման հարցում իսկապես Հայաստանի գործող իշխանություններն ավելի նախաձեռնող են դարձել, քան Ադրբեջանը։ Եվ եթե այսպես շարունակվի, Ադրբեջանը կարող է արտաքին գործերի նախարարություն էլ չունենալ, կամ բանակին ավելի քիչ ֆինանսավորում հատկացնել, որովհետեւ իր գործն անողներ կան Հայաստանում, եւ իրենք իշխանություն են։

Բայց խնդիրն այլ է, կարծես թե գլխավոր խնդիր է դրված ամեն գնով կազմաքանդել Տավուշի առաջնագիծը։ Մենք այս դրվագով նաեւ հասկանում ենք, որ Ադրբեջանը կարող է ավելի քչացնել իր պահանջները, այս փուլում ավելի քիչ տարածքներ պահանջել, որովհետեւ գլխավոր խնդիր կա՝ ամեն գնով կազմաքանդել Տավուշի առաջնագիծը։ Այսինքն՝ խնդիր է դրված պարզապես հայկական զորքերի հետ քաշում Հայաստանի՝ այս պահին ունեցած ամենակահավորված դիրքերից։ Հիմա այդ խնդիրն են լուծում, կապ չունի, թե որքան տարածք կհանձնեն, այս փուլում Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի ձեռքով ուզում է լուծել Տավուշի առաջնագծի կազմաքանդման հարցը։

Իհարկե, հնարավոր էր հենց սկզբից այլ ճանապարհով գնալ, մեր շահերին վնասող հայտարարություններ չանել, բայց դա հնարավոր է այն դեպքում, եթե մեր կողմից բանակցողը չլիներ Նիկոլ Փաշինյանը։

-Նիկոլ Փաշինյանն Արցախի իշխանություններին մեղադրեց Հայաստանում իշխանափոխություն անելու փորձի մեջ։ Մասնավորապես, նա խորհրդարանում հայտարարեց «Մենք այսօր նյութեր ունենք, որտեղ երեւում է, թե որն էր իրենց պլանը։ Ասում են՝ հա, լավ այստեղ չի լինում, կգնանք Հայաստանում իշխանություն կվերցնենք, ի՞նչ է եղել, որ»։ Փաշինյանն այսօրինակ հայտարարություններով փորձում է Արցախը հանձնելու ամբողջ մեղքը բարդել Արցախի իշխանությունների վրա՞։ Ինչպե՞ս եք գնահատում սա։

-Իսկ կարո՞ղ է հաջորդ անգամ էլ հայտարարի, որ մեր երկրում տեղի ունեցած աղետների պատճառը նախորդ օրը երկնակամարում եղած աստղն էր։ Ինչքա՞ն կարելի է։ Երկրում ամբողջական իշխանություն ունեցող ուժը կա՞ մի ոլորտ, որտեղ ընդունում է իր մեղավորությունն ու պատասխանատվությունը։ Անընդհատ մեղավոր են մեկ արցախցիները, մեկ դաշնակիցները, մեկ օգնության չհասած այլ երկրները, մեկ ընդդիմությունը։

Եթե ամբողջական իշխանություն ունեցող ուժը որեւէ բանի համար պատասխանատու չէ, ինչո՞ւ է իշխանություն, պարգեւավճարների ու ընտանյոք հանդերձ շրջագայությունների համա՞ր։

Կա պարզ ճշմարտություն՝ երկրում տեղի ունեցողի առաջնային մեղավորությունն ու պատասխանատվությունն այդ ժամանակաշրջանում երկրում իշխանություն ունեցող ուժն է, մնացածը պատասխանատվությունն իրենց վրայից գցելու փորձեր են։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930