Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղել է հնարավորություն՝ եվրոպական հարթակներում մեկնարկել խոսակցություն Ադրբեջանի հետ, բայց ԼՂ-ն հրաժարվել է, որովհետեւ արգելել են»․ Փաշինյան

Ապրիլ 10,2024 12:10

ԱԺ նիստում կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին․ «Մեծ պատմական ակնարկ կատարվեց ձեր կողմից, մանավանդ որոշակի առումով խեղաթյուրելով մեր պատմական իրականությունը, որը նաեւ ձեր ազգային անվտանգության ռազմավարության ուղերձի մեջ նշված է։ Նաեւ Արցախի բանակցային գործընթացի խեղաթյուրման եւս մեկ փորձ իրականացվեց։

Ձեր ազգային անվտանգության ռազմավարության ուղերձի 6-րդ կետում նշված է «Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության համար մղված արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը, բանակցությունների արդյունքում Հայաստանի եւ Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որեւէ լուծում, որը կարող է ընդունելի լինել միայն Հայաստանում եւ Արցախում ժողովրդական հավանության դեպքում»։ Արցախի թեման դուք ամբողջական փակում եք, խնդրում եմ՝ չանդրադառնալ սոցիալական խնդիրներին։ Ո՞րն է Արցախի նկատմամբ ձեր ռազմավարությունը եւ ինչո՞ւ է Արցախի կառավարությունը, Արցախի ընտրված, ժողովրդական հավանություն ստացած կառավարության ներկայությունը, որոնք պետք է շարունակեն Արցախի ճակատագրի համար պայքարը, ձեր համար վտանգ ներկայացնում»։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Այո, այդ փաստաթուղթը, որի մասին խոսում եք, ընդունվել է 2020 թվականին։ Եվ մենք հետեւողականորեն աշխատել ենք այդ խնդիրը լուծելու ուղղությամբ։ Եվ այս աշխատանքի ընթացքում է, որ բացել ենք Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացի շերտեր, որոնք խորը, մութ ու հեռու անկյուններում եթե թաքցված չեն եղել, հասանելի էլ չեն եղել։ Այն, ինչ ես ասում եմ, ես անդրադառնում եմ կոնկրետ փաստերի։ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովի մասին եմ խոսում, դրանից առաջվա փաստաթղթերի մասին եմ խոսում, դրանից հետոյի փաստաթղթերի մասին եմ խոսում»։

Փաշինյանը հավելեց․ «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին, կամ, ինչպես ես ասացի, նախկին վերնախավի ներկայացուցիչներին, հենց պրոբլեմն այն է, որ իրենք հրաժարվել են անել դա։ Մենք նաեւ տվյալներ ունենք, կարծում եմ՝ նաեւ ապացույցներ ունենք, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մի շրջանակ, մի խումբ, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղում բազմաթիվ քննարկումների ընթացքում ներկայացրել են, որ եթե մենք շարունակենք այս ճանապարհով գնալ, լինելու է սա։ Իսկ ձեր ասած շրջանակը չի արձագանքել՝ ո՞րն էր իրենց պլանը։ Եվ մենք այսօր նյութեր ունենք, որտեղ երեւում է, թե որն էր իրենց պլանը։ Ասում են՝ հա, լավ այստեղ չի լինում, կգնանք Հայաստանում իշխանություն կվերցնենք, ի՞նչ է եղել, որ։

Եվ պարոն Օհանյան, դուք էլ գիտեք դա։ Դուք կամ ձեր քաղաքական ուժը ձեր ոգեւորությունը չէիք թաքցնում ոգեւորությունը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող այդ փոփոխությունների, հրաժարականների առիթով։ Բայց հրաժարական տվողները գոնե ասում էին, թե ինչ է լինելու հաջորդիվ։ Եվ պետք է արձագանքել այդ իրավիճակին։ Չի եղել արձագանք, պատասխանատվությունը այդ է, որ իրավիճակին կարողանաս ադեկվատ արձագանքել։ Եվ այդտեղ ավարտվել է ամեն ինչ»։

Սեյրան Օհանյանն ասաց․ «Եթե Արցախյան ամբողջ գոյամարտը եւ բանակցային գործընթացը Արցախի ժողովրդի ինքնորոշման համար օրինակելի չհամարեին, ԵԱՀԿ Մինսկի խումբը չէր ստեղծվի, եւ միջազգային հանրությունը դրա ակունքներում չէր դնի Արցախի ժողովրդի ինքնորոշման գաղափարը։ Իրենք հրաժարվել են, դուք գիտեք, թե ինչ պայմաններում, նաեւ այն պայմաններում, երբ դուք ինքներդ այստեղ կրավորական կեցվածք եք ընդունել։ Տասնյակ ավելի զորքով Ադրբեջանը հարձակվել էր դիրքերի վրա, նաեւ ներխուժել, մասնատել Արցախը, դուք այն ժամանակ ասում էիք, որ Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ որեւիցե ռազմական ազդեցություն չկա։ Այն պայմաններում, երբ խաղաղ բնակչությունն այդ ժամանակ տուժում էր։

Եվ գիտեք՝ ինչ պայմաններում է Արցախի ղեկավարությունն ընդունել այդ որոշումը, որը Հայաստանի Հանրապետություն վերադառնալուց հետո բեկանել են։ Եվ մենք գտնում ենք, որ միայն հիմար մարդը կարող է ուրախանալ այն ճակատագրից, որն այսօր Արցախն ունի՝ իր պատմական տարածքից դուրս մղվելով, եւ ցեղասպանություն է իր նկատմամբ իրականացվել։

Կարծում եմ՝ որեւիցե վտանգ չկա, եթե Արցախի իշխանությունները այսօր շարունակեն իրենց գործընթացը։ Հակամարտությունն Ադրբեջանը սրել է, դեռ ավելին, հանցագործություն է իրականացրել, եւ իշխանությունների գոյությունը կարող է միայն հիմք ստեղծել Արցախի ժողովուրդը, նրանց ճակատագիրը, վերադառնալու ճակատագիրը, նրանց հետագա պատմական ճակատագիրը որոշելու ուղղությամբ։ Դուք այստեղ էլ ամբողջ իրողությունը խեղաթյուրում եք»։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Երբ խոսում եք ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, ես էլի ձեզ խնդրում եմ, կոչ եմ անում՝ գնացեք եւ վերցրեք նայեք ԵԱՀԿ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնյան գագաթնաժողովը, որտեղ ասվում է, որ, այո, ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է պաշտպանվի, եւ ԼՂ-ն պետք է ստանա ինքնավար կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Այս ֆորմուլան է, որ մեր քաղաքական վերնախավը երկար ժամանակ թաքցրել է Հայաստանի ժողովրդից։ Ինչո՞ւ եք ժխտում այս իրողությունը։

Երկրորդը՝ ի՞նչ պայմաններում են ընդունել որոշումը։ Առաջինը, ես ուզում եմ արձանագրել, որ եղել է հնարավորություն՝ եվրոպական հարթակներում մեկնարկել խոսակցություն Ադրբեջանի հետ։ Ինչո՞ւ չի գնացել Լեռնային Ղարաբաղը, գիտե՞ք ինչու չի գնացել։ Հենց հիմա ասեմ, որովհետեւ արգելել են Լեռնային Ղարաբաղին։ Արգելել են, եւ դա ես չեմ եղել, որովհետեւ ես ուզենայի էլ, չէի կարող։

Ես համաձայն եմ ձեր այն գնահատականի հետ, որ ասացիք՝ միայն հիմար մարդը կարող է ուրախանալ։ Իհարկե, միայն հիմար մարդը կարող է ուրախանալ առնվազն հայաստանյան հատվածում։ Այո, որոշ հիմար մարդիկ իրենց ձեռքերը լվացել են, եւ ես դա եմ ասում։

Այն, ինչ ասում եք՝ Լեռնային Ղարաբաղի կառավարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությունն ինչո՞ւ է ՀՀ կառավարություն, որովհետեւ Հայաստանում է գործում՝ իր իրավազորության տարածքում։ Հիմա ասենք Ներքին գործերի նախարարը գնա Ավստրալիա, ասի՝ ես Ներքին գործերի նախարարն եմ, նշանակում եմ տեղակալ, ընդունեմ եմ աշխատանքի ոստիկանության զորքեր, այսինչին՝ նշանակում եմ քրեական ոստիկանության պետ, տալիս եմ զենք, ծառայողական ավտոմեքենա, կաբինետ։ Կներեք էլի, էս լո՞ւրջ եք խոսում»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930