Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Ասատրյան. «Հայաստանում աշխատողների իրավունքները լավ պաշտպանված չեն»

Մայիս 01,2024 16:45

Մայիսի 1-ին՝ աշխատանքի միջազգային օրը, Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային արհմիությունը ավանդական երթ անցկացրեց մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով՝ հիշեցնելով սոցիալական արդարության, աշխատողների համերաշխության, ժողովրդավարության եւ սոցիալական երկխոսության կարեւորության մասին։

Երթից առաջ ճյուղային հանրապետական արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում տոնի առթիվ շնորհավորանքներ ընդունելով՝ ասաց. «Չեմ կարող ասել, թե շատ ուրախ եմ շնորհավորում, որ բոլորի իրավունքները պաշտպանվում են, որ բոլորը լավ պայմաններում են աշխատում։ Բայց, այնուամենայնիվ, այսօր մայիսի 1-ն է, մեր երկրում տոն է, աշխատանքի օրն է»:

Խոսելով աշխատողների իրավունքների պաշտպանվածության մասին՝ տիկին Ասատրյանն արձանագրեց, որ Հայաստանում աշխատողների իրավունքները լավ պաշտպանված չեն։ «Չեմ ուզում խոսել բոլոր աշխատողների համար։ Մեր ոլորտը պետական եւ համայնքային աշխատողներն են, եւ այստեղ էլ ուրույն խնդիրներ կան։ Օրինակ, փորձ է արվում քաղաքականացնել հանրային ծառայությունը։ Նման փորձեր լինում են եւ մենք տեսնում ենք։ Ղեկավարները փոխվում են ու չնայած աշխատողները պաշտպանված են Հանրային ծառայության, Համայնքային ծառայության, Քաղաքացիական ծառայության մասին օրենքներով, կան դեպքեր, որ նորաթուխ ղեկավարը որոշում է, որ պետք է հին աշխատողներից ազատվի, դրդի դիմում գրեն, գնան, նոր աշխատողներ բերի։ Եվ շատ դեպքերում դրանք լինում են ոչ միայն ընկերները, ծանոթները, այլեւ կուսակցական ընկերներ։ Եվ այդպես որոշակի կուսակցականացում է տեղի ունենում։ Դա բոլորին չի վերաբերում, սակայն երեւույթը կա»:

Անդրադառնալով վիճակը բարելավելու ուղիներին՝ տիկին Ասատրյանը նշեց, որ բարելավողը պետությունն է։ «Մենք ուղղակի խնդիրը բարձրաձայնողը եւ պահանջ դնողն ենք։ Իմ կարծիքով երկու ուղղությամբ է պետք աշխատել. օրենսդրական փոփոխությունների անցնել եւ մշակույթ ձեւավորել։ Որովհետեւ մի բան է ունենալ օրենք, մեկ այլ բան է՝ այդ օրենքը կիրառել։ Դրա համար մենք գտնում ենք, որ արհմիությունների դերը պետք է ուժեղանա, արհմիությունները պետք է միասնական լինեն, պետք է միավորվեն, ավելի մեծ թվով աշխատողներ պետք է լինեն, որ իրենց ձայնը ավելի հասանելի դառնա»,-ասաց տիկին Անահիտը։

Նա նաեւ նշեց բազմաթիվ իրական եւ արհեստական խնդիրներ եւ խոչընդոտներ, որ դրվում են արհմիությունների առջեւ աշխատողների իրավունքների պաշտպանությունն արդյունավետ իրականացնելու համար։ Սակայն նաեւ վստահեցրեց, որ անելու են օրինական բոլոր ճանապարհներով ոլորտը կարգավորելու համար։

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031