Լրահոս
Մարդկային միտքը
Օրվա լրահոսը

Չնայած իրականացվող քայլերին՝ ՀՀ-ում աշխատանքային իրավունքների ապահովման ոլորտում շարունակում են առկա մնալ բազմաթիվ համակարգային խնդիրներ. Անահիտ Մանասյան

Մայիս 01,2026 13:27 Share

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ

«Սիրելի՛ հայրենակիցներ,

շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:

Այս խորհրդանշական օրը հնարավորություն է վերաիմաստավորելու աշխատանքի դերը յուրաքանչյուրիս կյանքում և ևս մեկ անգամ ընդգծելու աշխատանքային իրավունքների պաշտպանության կարևորությունը։

Չնայած իրականացվող քայլերին՝ մեր երկրում աշխատանքային իրավունքների ապահովման ոլորտում շարունակում են առկա մնալ բազմաթիվ համակարգային խնդիրներ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները և ստացվող բողոքները ցույց են տալիս, որ առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների ապահովումը, հանգստի իրավունքի լիարժեք իրացումը, ինչպես նաև արդար և համարժեք վարձատրության երաշխավորումը, այդ թվում՝ արտաժամյա աշխատանքի դիմաց։

Պահպանվում են նաև խնդիրներ՝ կապված աշխատաշուկայում հավասար հնարավորությունների ապահովման հետ։ Անհրաժեշտ է առավել նպատակային քայլեր ձեռնարկել կանանց զբաղվածության խթանման ուղղությամբ։

Առանձնահատուկ ուշադրություն է պահանջում նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառական և մատչելի աշխատանքային միջավայրի ապահովումը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության երաշխավորման ուղղությամբ պատշաճ քայլերի ձեռնարկումը։

Պետության առանցքային պարտավորությունն է ձևավորել այնպիսի աշխատանքային միջավայր, որտեղ կապահովվեն հավասարությունը, անվտանգությունն ու արժանապատվությունը, և յուրաքանչյուր անձ կունենա իր ներուժը լիարժեք իրացնելու հնարավորություն։

Առաջնահերթ խնդիր է նաև գործադուլի իրավունքի երաշխավորումն ու այդ առումով առկա օրենսդրական ու գործնական խոչընդոտների վերացումը:

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործել աշխատանքային իրավունքների ապահովման նկատմամբ վերահսկողության գործիքները և բարձրացնել ինչպես աշխատողների, այնպես էլ՝ գործատուների իրազեկվածությունը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մաղթում եմ ձեզ արդյունավետ և բեղմնավոր աշխատանք՝ արժանապատիվ և անվտանգ պայմաններում՝ կարևորելով աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում հետևողական և տեսանելի առաջընթացը»։

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031