«Եռագույնը պիտի հաղթի սեւ ու սպիտակին»,- Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի 4-ից դեպի Երեւան եկող «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման երթն այսօր ընդմիջվեց Բագրատ Սրբազանի այս կոչով:
Սրբազանը հիշեցրեց, որ երթի ընթացքը շատ սահուն, չակնկալիքների երթ է՝ դիմացը պատիվ ու հայրենիք ստանալու երթ. «Այսքան պրկված ժողովուրդը, երբ գիշերները, ցերեկները չգիտես՝ երբ ես քնելու, երբ ես արթնանալու, չգիտես՝ ինչքան սուտ են խոսելու, մոլորեցնելու, անընդհատ կեղտ ու ցեխ շպրտելու, մեզ իրար հետ թշնամի դարձնելու, մեր սիրտը էլ չի կպնում մեր սրտերին, այս բոլորը պիտի վերանա: Եթե մեր կյանքը հաշտության օրակարգ չունեցավ, մենք դժոխքից էլ դժոխքի մեջ կհայտնվենք ու այդպես էլ եղավ: Հակառակը՝ քաոս, հակառակը՝ սուտ, անընդհատ խաբեություն, մեզ մոլորեցնել, վախեցնել եւ այլն, չի լինելու այդպես, մենք այս շարժմամբ ինքնագնահատանքի, ինքնամաքրման ճանապարհը պիտի մտնենք, էն մեծ ազգի զավակները լինելու վեհ տեսիլքի ու ձգտումին հասնելու: էսքան լուսավոր մարդկանցով ոնց կարող ենք այսքան վախեցած ու խեղճ լինել, ինչպես: Մեր գոյաբանական վիճակն ու վարքագիծը պիտի բերենք իրար մոտ, դարձնենք նույնը, որ դառնա մեր սիրո ու հաշտության կյանքը, միայն վերեւում չմնա»:
Բագրատ Սրբազանի խոսքով, մենք երազ ունենք, փափագ ունենք հայրենիք ունենք վերադարձնելու մեր հայրերին, մեր հերոսներին, որոնք մեր առջեւից են գնացել իրենց մարմնով, կյանքով ու գոյությամբ: Ըստ նրա՝ այդ երազն ու հայրենիքը նրանց պետք է վերադարձնենք. «Ովքեր նահատակության փառքի պսակն են ստացել մեզ համար, նրանց արյունը մեր բոլորի վրա է, թող ոչ ոք չհեռացնի այդ սրբացած արյունը, կանչում է այդ ձայնը: Իմ ականջների, սրտի մեջ է, տվայտանքի մեջ է, թե ինչպես կարող ենք մեր սիրելիների երազն իրենց վերադարձնենք, առաջինն իրենց ենք պարտք, մեզ ոչ մեկ չի կարող մոլորեցնել այդ ճանապարհից: Արիացեք, քաջացեք, ինչպես եղել եք, կաք, Աստված զորացնի բոլորիդ»: Սրբազանի այս պատգամից հետո երթը նորից շարունակվեց:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































