Նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Թող հազար տարի էլ ինձ ազատազրկեն, եթե դա է մեր երկրի ազատագրության գինը»։
Այս խոսքերով այսօր դատարանում հանդես եկավ Բագրատ Սրբազանը։
Դատարանը որոշեց ևս 3 ամսով երկարաձգել նրա նկատմամբ կիրառվող խափանման միջոցը՝ տնային կալանքը։ Ցավոք, նման որոշումը սպասելի էր բոլորիս համար:
Մեր երկրում դատական և, ընդհանրապես, իրավապահ համակարգը վաղուց արդեն գտնվում է իշխանության քաղաքական ազդեցության տակ: Այս շինծու գործի շրջանակներում, որի վերաբերյալ, ինչպես հայտնի է, պաշտպանական կողմը բազմիցս բարձրաձայնել է ապացույցների բացակայության մասին, շարունակում են կիրառվել ազատությունը սահմանափակող միջոցներ։
Կարդացեք նաև
Բայց կա մի հանգամանք, որն ակներև է բոլորի համար. անգամ տնային կալանքի պայմաններում Բագրատ Սրբազանը շարունակում է համախմբել մարդկանց մեկ գաղափարի, մեկ օրակարգի և մեկ նպատակի շուրջ։
Նրա յուրաքանչյուր ելույթ, յուրաքանչյուր խոսք վկայում է, որ ֆիզիկական սահմանափակումները չեն կարող կաշկանդել իրական, գաղափարական ազատությունը:
Այսօր դատարանում նա վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ։ Ավելին՝ հայտարարեց, որ որևէ ակնկալիք չունի երկրային դատարանից և երկրային դատավորներից, իսկ իր միջնորդության հարցի քննարկումն անգամ իր համար ամոթալի է։
Բագրատ Սրբազանը չի հրաժարվում իր համոզմունքներից, չի նահանջում և շարունակում է մնալ իր գաղափարներին հավատարիմ:
Մեծ պատիվ է ինձ համար լինել մերօրյա բացառիկ հոգևորականներից մեկի մտերիմը:
Այս երկրում արդարություն լինելու է։ Եվ նրանք, ովքեր տարիներ շարունակ մարդկանց քաղաքական հայացքների և հայրենասիրության համար հալածել են, սահմանափակել նրանց ազատությունն ու ոտնահարել իրավունքները, ի վերջո պատասխան են տալու իրենց գործողությունների համար։ Ոչինչ հավերժ չէ, և ոչ ոք անպատիժ չի մնալու։
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին։
Ազատությո՛ւն Բաքվում պահվող հայ գերիներին։



















































