Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մշակութային բնագավառներում աշխատում է գրանցված մշակութային աշխատողների շուրջ 83%-ը

Մայիս 10,2024 13:20

ՀԲԸՄ-ի «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը վերջերս նաեւ գրքույկով ամփոփված ներկայացրեց Հայաստանի մշակութային եւ ստեղծարար արդյունաբերության տնտեսական զարգացման խոչընդոտների վերաբերյալ իրականացված հետազոտության արդյունքները: Խոսքը «Հայաստանի Հանրապետության մշակութային եւ ստեղծարար էկոհամակարգը» խորագրով կարիքների գնահատման եւ տնտեսագիտական վերլուծության զեկույցի մասին է, որը Հայաստանի մշակույթի եւ ստեղծարար ոլորտների վերաբերյալ «Կատապուլտ» ծրագրի առաջին տարվա համապարփակ հետազոտության արդյունքն է:

 

Հետազոտությունը հետապնդում է երկու նպատակ՝

1) իրականացնել կարիքների գնահատում, որպեսզի հաստատվեն և/կամ ժխտվեն ծրագրի ենթադրությունները մշակութային եւ ստեղծարար ոլորտների էկոհամակարգի վերաբերյալ,

2) կատարել տնտեսագիտական վերլուծություններ, որպեսզի քարտեզագրվի Հայաստանի ստեղծարար տնտեսությունն ու գնահատվի դրա զարգացման ներուժը։

Զեկույցի «Մշակութային արտադրանքի եւ ծառայությունների հավելյալ արժեքը ՀՆԱ-ում» գլխում նշվում է, որ 2021 թ. ընթացքում Հայաստանի մշակութային եւ ստեղծարար ոլորտները (ՄՍՈ) գոյացրել են շուրջ 305,452.2 մլն ՀՀ դրամ՝ 2014 թվականի 160,889.3 մլն-ի համեմատ։ Այն կազմում է 2021 թ. մեր երկրի ՀՆԱ-ի 4.4%-ը, ինչը համարժեք է ԵՄ-ում 2014 թ. ընթացքում ՀՆԱ-ում՝ ՄՍՈ-ների մասնաբաժնին։

Հետազոտությունն իրականացնող թիմը պարզել է, որ տեխնոլոգիայի եւ թվայնացման հետ կապված ՄՍՈ-ները ամենաէական աճը արձանագրել են հատկապես 2014 եւ 2021 թվականների միջակայքում՝ Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ծրագրերին պետական ֆինանսավորման նշանակալի ավելացմանը համահունչ։

Հայաստանի արվեստների, զվարճության եւ հանգստի բնագավառը մեծ աճ է արձանագրել 2013-2018 թվականներին՝ ամենամյա միջին աճի 25.5% ցուցանիշով՝ երկրի ՀՆԱ-ի համեմատ, որի ամենամյա միջին աճը կազմել է շուրջ 3.3%։ Այս միտումը հետընթաց է ապրել 2018-2022 թվականներին, բնագավառը անկում է արձանագրել՝ տարեկան միջինը կազմելով 9.4%, մինչդեռ երկրի ՀՆԱ-ն աճել է շուրջ 3.8%-ով։

Զեկույցում նշվում է, որ 2018 թ. բնագավառի նվազման մեկնարկը համընկնում է երկրում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» եւ վարչակազմի հետագա փոփոխությունների հետ։ 2020 եւ 2021 թթ արձանագրված էլ ավելի կտրուկ նվազումը կարող է պայմանավորված լինել նաեւ քովիդից բխող սահմանափակումներով եւ Արցախյան 44-օրյա պատերազմով։ Կարևոր է նաև նշել, որ 2020-2021 թթ նվազումն ուղեկցվել է բնագավառին՝ պետության կողմից հատկացվող ֆինանսավորման նվազմամբ։

Զեկույցի կարեւոր գլուխներից մեկն էլ նվիրված է Հայաստանում մշակութային զբաղվածությանը: Պարզվում է ՝ Հայաստանում մշակութային զբաղվածություն ունեցող մարդկանց մասնաբաժինը (ընդհանուր աշխատուժի մեջ) 2015 թ. 4,9% ցուցանիշից ավելացել է մինչեւ 6,3%՝ 2021 թվականին: Համեմատության համար նշենք, որ 2014 թ. ԵՄ-ում ՄՍՈ-ն կազմում էր ընդհանուր աշխատուժի 3.8%-ը։Ըստ զեկույցը կազմողների՝ ՀՆԱ-ում ՄՍՈ-ների մասնաբաժինը եւս աճել է վերջին տարիներին։

Նշվում է, որ մշակութային աշխատողները մեծ մասը վերջին տարիներին ներգրաված է ոչ մշակութային ոլորտներում։ 2021 թ. տվյալներից պարզ է դառնում, որ ոչ մշակութային բնագավառներում աշխատում է գրանցված մշակութային աշխատողների շուրջ 83%-ը։ «Այս պատկառելի մասնաբաժինը, հավանաբար, պայմանավորված է այն փաստով, որ ոչ մշակութային բնագավառներում էապես ավելի մեծ թվով աշխատուժ է ներգրավված, ինչպես նաև նրանով, որ գնալով աճում է տարբեր ոլորտներում ստեղծարարության բնագավառի գիտելիքների պահանջարկը»,-ասվում է զեկույցում։

Մշակութային եւ ստեղծարարության ոլորտում լրիվ դրույքով մշակութային աշխատողների թիվը նվազել է՝ 2015 թ. 27.6%-ից հասնելով 22.3%-ի՝ 2021 թվականին։ Սա կարող է բացատրվել մի շարք գործոններով՝ մշակութային մասնագետները հիմնականում աշխատում են կարճաժամկետ պայմանագրերով, լրիվ դրույքով վարչական աշխատողների ավելի մեծ պահանջարկով (մշակութային աշխատողների համեմատ)՝ ավելի խիստ ֆինանսական կարգավորումների պատճառով, թվային և բիզնեսի զարգացման աշխատողների ավելի մեծ պահանջարկով (մշակութային աշխատողների համեմատ)՝ տնտեսական կայունության նկատառումներով։

Թանգարանային/կերպարվեստի բնագավառի ներկայացուցիչներից մեկն, օրինակ, փաստել է, որ թանգարանային ոլորտը մեռնող է, քանի որ այնտեղ աշխատավարձերը ցածր են (ամսական մոտ 80 հազար ՀՀ դրամ), եւ բազմաթիվ ստեղծագործողներ ստիպված են իրենց հիմնական աշխատանքը համադրել այլ զբաղմունքների հետ։ Նրա խոսքով, երիտասարդ մասնագետները չեն մնում ասպարեզում, իսկ ավագ սերնդի ներկայացուցիչները չունեն թվային հմտություններ։

Մշակութային եւ ոչ մշակութային բնագավառներում ամենաբարձր պահանջարկը վայելող մշակութային մասնագիտություններն են՝ դասավանդողները, լուսանկարիչները եւ տեսա/հնչյունային օպերատորները, դիզայներները (առևտրային/դեկորացիոն, հագուստի դիզայներներ, դերձակներ եւ այլն)։ Ի հակադրություն եվրոպական չափանիշների, թվային եւ ՏՀՏ ոլորտի բազմաթիվ աշխատանքներ հայաստանյան դասակարգիչներով դեռևս չեն համարվում մշակութային աշխատանքներ, հետևաբար, այս մասնագիտությունները արտացոլված չեն այս վիճակագրությունում։

Ոչ ֆորմալ զբաղվածությունը մշակութային եւ ստեղծարար ոլորտներում բնորոշ է ինչպես Հայաստանում, այնպես էլ ԵՄ-ում, ինչը հանգեցնում է զբաղվածության անկայուն միջավայրի: Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածությունը գերակշռում է հատկապես վիզուալ արվեստների բնագավառում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում լրատվամիջոցը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031