Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲԸՄ-ն տոնում է իր 120-ամյա ժառանգությունն ու միասնականությունը

Հոկտեմբեր 28,2026 15:05 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀԲԸՄ-ն տոնում է իր 120-ամյա ժառանգությունն ու միասնականությունը Մոնրեալում կայացած 94-րդ Ընդհանուր ժողովի ժամանակ

ՀԲԸՄ ավելի քան 700 անդամներ, ընկերներ և հյուրեր աշխարհի տարբեր անկյուններից հավաքվել էին Կանադայի Մոնրեալ քաղաքում՝ մասնակցելու կազմակերպության 94-րդ Ընդհանուր ժողովին: Հոբելյանական միջոցառումը խորհրդանշական էր կազմակերպության համար՝ հաշվի առնելով, որ աշխարհում սակավաթիվ հայկական հասարակական կազմակերպություններ են նմանօրինակ բազմամայա գործունեություն ծավալել` ցուցաբերելով 120-ամյա նվիրում հայերի կյանքի որակի բարելավմանն ու բարգավաճման հիմքերի ամրապնդմանը:

2026 թ.-ի հոկտեմբերի 15-ից 18-ը Մոնրեալի խորհրդանշական վայրերում տեղի ունեցան հանդիպումներ, համաժողովներ, ինչպես նաև մշակութային և սոցիալական միջոցառումներ։ Միջոցառումը հյուրընկալեց Հյուսիսային Ամերիկայի ամենաակտիվ համայնքներից մեկը՝ ՀԲԸՄ Մոնրեալի մասնաճյուղը: Առաջնորդվելով «Ժառանգություն» խորագիրը կրող գլխավոր միջոցառման խորհրդով՝ մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին ՀԲԸՄ հիմնադիրներին, երախտագիտություն հայտնեցին նրանց, ովքեր շարունակում են առաջ տանել հիմնադիրների տեսլականը ու հայացք նետեցին ապագային՝ գնահատելու սպասվող հնարավորություններն ու մարտահրավերները:

 

Ընդհանուր ժողով

Պաշտոնական արարողությունները տեղի ունեցան հոկտեմբերի 17-ին, Սեն-Լորան քաղաքի ՀԲԸՄ «Ալեք Մանուկյան» կենտրոնում: Օրը մեկնարկեց ՀԲԸՄ «Ալեք Մանուկյան» վարժարանի աշակերտների և ՀԲԸՄ Մոնրեալի երիտասարդական ծրագրերի (փողային նվագախումբ, սկաուտներ, մարզական ծրագրեր, «Հայորդյաց օր» շաբաթօրյա դպրոց, Երիտասարդ առաջնորդների նախաձեռնություն և «Գառնի» պարային անսամբլ) ներկայացուցիչների հանդիսավոր շքերթով։ Նրանք հյուրերին առաջնորդեցին Կանադայի և Հայաստանի պետական օրհներգերի ներքո: Բացման արարողությունը շարունակվեց ՀԲԸՄ-ի 120-ամյա ուղուն նվիրված տեսանյութի ցուցադրությամբ և Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի աղոթքով ու բարեմաղթանքի խոսքով:

Որպես հանդիսավար՝ Կենտրոնական վարչության անդամ Սարգիս Ջեբեջյանը ողջունեց պատվավոր հյուրերին, այդ թվում՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանին, Աբգար եպիսկոպոս Հովակիմյանին, Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանին, հոգևոր դասին, ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ ներառյալ ՀԲԸՄ պատվավոր նախագահ Պերճ Սեդրակյանին, Էլի Աքիլյանին, Ժոզեֆ Ուղուրլյանին և Սինան Սինանյանին, Կենտրոնական վարչության պատվավոր անդամ Արշավիր Գունջյանին, ինչպես նաև Քվեբեկում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Լևոն Աֆեյանին:

Կենտրոնական վարչության անդամները ներկայացրին կազմակերպության ձեռքբերումներն ու տեսլականը: Կենտրոնական վարչության անդամ և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Կամիլիո Ազուզն ուրվագծեց ՀԲԸՄ-ի առաջնահերթությունների երեք հիմնական ուղղությունները՝ ուժեղ և անկախ հայրենիք, զարգացող սփյուռք և Հայ Առաքելական Եկեղեցի: Հիշեցնելով, որ Եկեղեցին պահպանել է հայ ժողովրդի հավատքը, լեզուն և հիշողությունը դեռևս ժամանակակից պետության ձևավորումից շատ ավելի առաջ՝ նա ընդգծեց, որ ՀԲԸՄ-ն 120 տարի շարունակ կանգնած է եղել Եկեղեցու կողքին և միշտ կանգնած է լինելու՝ հավելելով. «Մեր դերը միշտ պետք է լինի հայերին միավորելը, այլ ոչ պառակտելը»:

Կենտրոնական վարչության անդամ և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանն անդրադարձավ Հայաստանում ՀԲԸՄ-ի գործունեության փոխակերպմանը՝ մարդասիրական օգնությունից դեպի սոցիալ-տնտեսական զարգացում, ինչը թևակոխել է տնտեսական աճի և արդյունաբերական հասունացման ծաղկուն շրջան:

Կենտրոնական վարչության անդամ Լենա Սարգիսյանը ներկայացրեց ՀԲԸՄ-ի կրթական ծրագրերը, որոնցում այժմ ընդգրկված են ավելի քան 100 000 սովորողներ ամբողջ աշխարհից: ՀԲԸՄ Կենտրոնական վարչության փոխնախագահ Արդա Հարաթունյանն ընդգծեց Երիտասարդ արհեստավարժների (ԵԱ) համաշխարհային ցանցի աճի ու ազդեցության, ինչպես նաև «APRI Armenia»-ի՝ աշխարհի լավագույն 100 մտակենտրոնների շարքին դասվելու հանգամանքի կարևորությունը:

Կենտրոնական վարչության անդամ, Թեկնածուների ընտրության հանձնաժողովի նախագահ դր. Լևոն Նազարյանը հայտարարեց վարչության անդամներ Հայկ Արիյանի (ԱՄՆ), Առնո Ադամյանի (Մեծ Բրիտանիա), Կամիլիո Ազուզի (Մեծ Բրիտանիա), Երվանդ Դեմիրճյանի (ԱՄՆ), Արի Լիբարիկյանի (ԱՄՆ), Անի Մանուկյանի (ԱՄՆ), Լորի Մունչերյանի (ԱՄՆ), Լենա Սարգիսյանի (Կանադա) և Վարդգես Քնաջյանի (Շվեյցարիա)՝ Կենտրոնական վարչությունում վերընտրվելու մասին։ Նիկոլաս Նազարյանն (ԱՄՆ) ընտրվեց որպես ԿՎ նոր անդամ:

Պատվավոր հյուրերի թվում էին` Կանադայի արդյունաբերության նախարար և Քվեբեկի տարածաշրջանների տնտեսական զարգացման հարցերով պատասխանատու նախարար Մելանի Ժոլին, Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անահիտ Հարությունյանը և Հայաստանում Կանադայի առաջին ռեզիդենտ և այժմ նախկին դեսպան Էնդրյու Թըրները: Միջոցառմանը ներկա էին նաև Կանադայի համայնքների պալատի պատգամավոր Էննի Կուտրակիսը, Սեն-Լորանի քաղաքապետ Ալեն դը Սուզան, ինչպես նաև քաղաքային խորհրդի անդամներ Արեֆ Սալեմը և Վանա Նազարյանը:

Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության և շնորհավորական հղումը ընթերցեց Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, իսկ Նորին Սրբություն Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի խոսքը՝ Գերաշնորհ Տ. Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանը:

ՀԲԸՄ Ընդհանուր ժողովի 2026 թ.-ի մրցանակակիրները

Ընդհանուր ժողովի բազմամյա ավանդույթի համաձայն՝ ՀԲԸՄ-ն մեծարեց այն անհատներին ու խմբերին, որոնք ակնառու ծառայություն են մատուցել կազմակերպությանն ու հայ ժողովրդին: Այս առումով կազմակերպության բարձրագույն պարգևը «Պողոս Նուբար» մրցանակն է: Այս տարվա մրցանակակիրն էր նախարար Մելանի Ժոլին: Իր ելույթում նախարար Ժոլին հիշատակեց 2023 թվականի հոկտեմբերին Արտաքին գործերի նախարարի պաշտոնում Հայաստան կատարած իր այցի մասին, որը հաջորդել էր Լեռնային Ղարաբաղից շուրջ 120 000 հայերի բռնի տեղահանմանը: «Ոչինչ չի կարող համեմատվել ճգնաժամերից ու պատերազմից տուժած մարդկանց անձամբ հանդիպելու հետ»,- նշեց նա: «Ինձ համար շատ կարևոր էր այցելել Հայաստանի հարավային սահմաններ, նստել հայ փախստական անկոտրում կանանց կողքին ու լսել նրանց պատմությունները»: Նախարար Ժոլիին ուղեկցում էր Վիմիի ընտրատարածքից պատգամավոր, Զբաղվածության և ընտանիքի հարցերով նախարարի խորհրդարանական քարտուղար Էննի Կուտրակիսը, ով հաջորդիվ ընթերցեց Կանադայի վարչապետ, մեծարգո Մարկ Քարնիի շնորհավորական խոսքը:

Կենտրոնական վարչության ատենադպիր Անի Մանուկյանը հայտարարեց և ներկայացրեց մյուս մրցանակակիրներին՝ նախ և առաջ անդրադառնալով նրան, թե ինչպես է Մոնրեալի համայնքը լավագույնս մարմնավորում այն ամենը, ինչ ՀԲԸՄ-ն առաջարկում է կյանքի յուրաքանչյուր փուլում: Նա հիշեց տասնամյակներ շարունակ այս քաղաքի հետ ունեցած իր անձնական կապերի մասին՝ սկսած մանկության տարիներին ՀԲԸՄ վարժարանում ուսանող ազգականներին ու ընկերներին այցելելուց մինչև 2003 թվականին Մոնրեալում կայացած ՀԲԸՄ «ՖՈԿՈՒՍ»-ը: «Այստեղ տեսնում ենք կյանքի տարբեր հանգրվաններ, տարբեր սերունդներ»,- նշեց նա: «Սա գեղեցիկ համայնք է»:

Առաջնորդության ՀԲԸՄ «Ալեք Մանուկյան» մրցանակը շնորհվեց բարերար, ՀԲԸՄ Մոնրեալի մասնաճյուղի նախկին նախագահ և ՀԲԸՄ «Ալեք Մանուկյան» վարժարանի Հոգաբարձուների խորհրդի նախկին փոխնախագահ Արամ Յակուբյանին: Բացառիկ ծառայության համար ՀԲԸՄ «Նախագահական մրցանակ»-ին արժանացան ՀԲԸՄ Մոնրեալի ատենադպիր Հակոբ Արսլանյանը, Փարիզի ՀԲԸՄ «Նուբարյան գրադարան»-ի տնօրեն Բորիս Աճեմյանը, ՀԲԸՄ Լիբանանի շրջանային հանձնաժողովի համակարգող Թագուհի Լեփեջյանը և ՀԲԸՄ Եգիպտոսի շրջանային հանձնաժողովի արխիվագետ Մարուշ Երամյան-Նահհասը: ՀԲԸՄ «Բացառիկ ծառայություն» մրցանակը համատեղ հանձնվեց ՀԲԸՄ Եգիպտոսի շրջանային հանձնաժողովին և ՀԲԸՄ Կահիրեի մասնաճյուղին, ինչպես նաև ՀԲԸՄ ԵԱ Նիցցային:

Առաջնորդվելով իր «Բևեռային աստղով»

Իր ելույթում նախագահ Սեմ Սիմոնյանն անդրադարձավ ՀԲԸՄ ութերորդ նախագահի պաշտոնում առաջին երկու տարիների իր պաշտոնավարմանն ու մասնավորապես պարտավորությանը՝ ապահովելու, որ հիմնադիր սկզբունքները, որոնք ՀԲԸՄ-ն դարձրին աշխարհի խոշորագույն հայկական հասարակական կազմակերպությունը, շարունակեն մնալ կազմակերպության «Բևեռային աստղ»-ը։

Սիմոնյանն անդրադարձավ նաև 2024 թ.-ից ի վեր աշխարհում ՀԲԸՄ համայնքներ կատարած իր այցերին, որոնց շնորհիվ հենց տեղում հնարավորություն ունեցավ հասկանալու յուրաքանչյուր համայնքի առանձնահատկությունները: «Առջևում դեռ երկար ճանապարհ կա»,- հավելեց նա,- «բայց ես արդեն իսկ անգնահատելի բարձր եմ համարում այն էական արժեքը, որ մեր տեղական համայնքները ներդնում են հայկական ինքնության ու կյանքի որակի բարելավման մեջ»: Նա վերահաստատեց հիմնադիրների հանձնառությունը՝ անկուսակցականության, քաղաքական չեզոքության և հայկական բոլոր ազգային կառույցներին աջակցելու վերաբերյալ:

Ապագային ընդառաջ՝ Սիմոնյանը խոսեց երիտասարդ սերնդի համար կրթական երկու նախաձեռնությունների՝ հայկական դպրոցներում արհեստական բանականության կրթության ներդրման, ինչպես նաև Հայաստանի երիտասարդներին ֆինանսական գրագիտության առցանց արտադպրոցական կրթություն տրամադրելու մասին՝ շեշտը դնելով քննադատական մտածողության և ակադեմիական ինքնուրույնության զարգացման վրա։ Նա խոստացավ դրանց ընթացքի մասին զեկուցել հաջորդ՝ 2028 թվականի Ընդհանուր ժողովի ժամանակ:

Այնուհետև Կանոնակարգային հանձնաժողովի նախագահ Արա Բալիքյանը ներկայացրեց Ժողովի որոշումը, որով Ընդհանուր ժողովը վերահաստատեց ՀԲԸՄ-ի նվիրվածությունը Հայ Առաքելական Եկեղեցուն, Հայաստանի պետականությանն ու սփյուռքին:

Ժառանգություն՝ տոնելով համաշխարհային միասնության ուժը

Շաբաթավերջին Մոնրեալի «Théâtre Outremont» թատրոնում տեղի ունեցավ «Ժառանգություն՝ տոնելով համաշխարհային միասնության ուժը» խորագրով բացառիկ մուլտիմեդիա ներկայացման համաշխարհային պրեմիերան: Այն կազմակերպվել էր ՀԲԸՄ «Արվեստներ» բաժնի կողմից՝ «People of Ar Productions»-ի հետ համագործակցությամբ և ՀԲԸՄ Մոնրեալի բազմամյա բարերար Անի Յակուբյանի հովանավորությամբ:

Հայ հեղինակավոր երաժիշտների, սիրված երգիչների, վաստակաշատ պարային համույթների և գեղարվեստական ղեկավարների մասնակցությամբ այս բազմաբովանդակ համերգով հարգանքի տուրք մատուցվեց հայկական ինքնությանն ու հայ ժողովրդի անցած ուղուն։

«Գրեմմի» մրցանակի թեկնածու «Capital Cities» դուետի անդամ Սեբու Սիմոնյանը Կոմիտասի ստեղծագործությունների հետ մեկտեղ կատարեց իր «Safe and Sound» հիթը: Նրան միացան Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի առաջին դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանը, էստրադային երգչուհի և «Եվրատեսիլ»-ի մասնակից Ինգա Արշակյանը, սոպրանո Արմինե Վարդանյանը, հոբոյահար Հայկ Հեքեքյանը, «Սերուժ Կրաջյան» բենդը, «Quatuor Rhapsodie» լարային քառյակը և «Navasard Folk Project»-ը: Ողջ երեկոյի ընթացքում նյույորքաբնակ նկարիչ և տեսանկարիչ Գևորգ Մուրադը ուղիղ հեռարձակվող անիմացիոն պատկերներով կենդանություն հաղորդեց երաժշտությանը:

Ծրագրի շրջանակներում հնչեցին Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի, Առնո Բաբաջանյանի, Ժորժ Կառվարենցի և Աստոր Պիացոլայի ստեղծագործությունները, ինչպես նաև մի շարք այլ կատարումներ, ինչպես օրինակ Կրաջյանի «Vivaldi Eats Ghapama»-ն:

Ժողովին նախորդող միջոցառումներ

Մինչ Ընդհանուր ժողովի պաշտոնական նիստի մեկնարկը ՀԲԸՄ կենտրոնական գրասենյակի և ՀԲԸՄ Մոնրեալի համայնքի համատեղ ջանքերով կազմակերպվել էին չորս բովանդակալից միջոցառումներ:

ԵԱ ղեկավար անդամների հանդիպում և ԵԱ ընդունելություն. Հոկտեմբերի 15-ին «Montréal Marriott Château Champlain» հյուրանոցում տեղի ունեցավ ՀԲԸՄ ԵԱ ղեկավար անդամների հանդիպումը, որին մասնակցեց 28 ԵԱ առաջնորդ 11 երկրից՝ ներկայացնելով այժմ ողջ աշխարհում 50 խմբից բաղկացած ցանցը: Անցկացվեց պարի վարպետության դաս՝ ՀԲԸՄ Լոնդոնի նախագահ Լուսինե Խաչատուրյանի գլխավորությամբ, իսկ Կենտրոնական վարչության անդամ և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Կամիլիո Ազուզը ելույթ ունեցավ՝ խոսելով ԵԱ ցանցի մասնագիտական զարգացման նոր նախաձեռնությունների շուրջ։ Կազմակերպվեց նաև բովանդակության ստեղծման մասին աշխատաժողով, որը վարեց «Little Armenias»-ի հիմնադիր և հեղինակ Ռուբեն Կուլակսեզյանը: Երեկոն եզրափակվեց ավելի քան 200 երիտասարդ արհեստավարժների մասնակցությամբ տոնական ընդունելությամբ, որը տեղի ունեցավ Հին Մոնրեալի «Auberge Saint-Gabriel»-ում:

 

Պատվիրակների աշխատաժողով. Հոկտեմբերի 16-ին ՀԲԸՄ շրջանային հանձնախմբերի, մասնաճյուղերի և ԵԱ խմբերի ավելի քան 150 պատվիրակներ մասնակցեցին «Marriott» հյուրանոցում կայացած Պատվիրակների աշխատաժողովին, որը վարում էին Անի Մանուկյանը և Կամիլիո Ազուզը: Աշխատաժողովը մեկնարկեց ՀԲԸՄ 120-ամյա գործունեությանը հետահայաց ակնարկ նետելով՝ ցույց տալու, որ կազմակերպությունը առաջնորդվել է մի պարզ սկզբունքով. արձագանքել այնտեղ, որտեղ կարիք կա։ Բանախոսները նշեցին, որ ՀԲԸՄ-ի աջակցությունը Հայաստանին ավելի քան մեկ դար եղել ու մնացել է անվերապահ ու անկուսակցական: Այժմ «Արցախի ժառանգության դրամաշնորհներ»-ի միջոցով ՀԲԸՄ-ն շարունակում է ջանք ներդնել, որպեսզի Արցախը չմոռացվի:

 

Այնուհետև պատվիրակներն անդրադարձան 2026 թվականից ի վեր Հայաստանում կազմակերպության առաջնահերթություններին՝ չափահասների կրթություն և մասնագիտական ուսուցում, երիտասարդների ներգրավվածություն, հանրակրթական դպրոցների համար ընդլայնելի ուսումնական ծրագիր և թվային գրագիտություն, ինչպես նաև ծրագրեր, որոնք սփյուռքի և հայրենիքի կապը ամուր են պահում։ Պատվիրակները քննարկեցին նաև, թե ինչպես են իրենց համայնքներն այսօր փոխգործակցում Հայաստանի հետ և ինչպես կարող են զարգացնել սեփական համայնքները՝ սկսած հաջողված ծրագրերի ընդլայնումից մինչև հայերի նոր սերունդների ներգրավումը։

«APRI Armenia»-ի հանդիպումը Մոնրեալում. Պատվիրակների աշխատաժողովից անմիջապես հետո տեղի ունեցավ «APRI Armenia»-ի հանդիպումը՝ «Հայաստանը խաչմերուկում. աշխարհաքաղաքականություն, փոխկապակցվածություն և տեխնոլոգիական սահմանագիծ» խորագրով, որի ընթացքում բովանդակալից քննարկումներ եղան հարակից ոլորտների միջազգային փորձագետների միջև: «APRI Armenia»-ի նախագահ Լարա Սեդրակյանը բացման խոսքում ներկայացրեց մտակենտրոնի առաքելությունն ու ազդեցությունը, որին հաջորդեցին ՀԲԸՄ Կենտրոնական վարչության փոխնախագահներ դր. Երվանդ Զորյանի և Արդա Հարաթունյանի ելույթները, ինչպես նաև հարցազրույց Հայաստանում Կանադայի նախկին դեսպան Էնդրյու Թըրների հետ:

Սեդրակյանի համակարգմամբ երեք պանելային քննարկումներում անդրադարձ կատարվեց հետևյալ թեմաներին՝ «Բարձր տեխնոլոգիական Հայաստանի տնտեսական և ռազմավարական աքսելերացիան», «ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասում և ԹՐԻՓՓ-ի իրականացումը» և «ԱՄՆ-Իրան լարվածությունը և Հարավային Կովկասի ապագան»: Բանախոսների թվին էին պատկանում «Mozilla»-ի տեխնոլոգիական գլխավոր տնօրեն Րաֆֆի Գրիգորյանը, Քարնեգի միջազգային խաղաղության հիմնադրամի փորձագետ Կարո Փայլանը, Լոուրենս Լիվերմորի ազգային լաբորատորիայի հրավիրյալ գիտնական դր. Հրայր Քաբայանը և այլ առաջատար մասնագետներ:

120-ամյակին նվիրված ընդունելություն. Ուրբաթ երեկոյան 420 հյուրեր հավաքվել էին Հին Մոնրեալում գտնվող «Crew Collective» սրահում՝ մասնակցելու 120-ամյակի տոնական ընդունելությանը: Այստեղ ՀԲԸՄ համայնքի անդամները տոնեցին ՀԲԸՄ 120-ամյա ազդեցությունը, կապերն ու համայնքային կյանքը: Երեկոն հովանավորել էին ՀԲԸՄ բազմամյա բարերարներ Արամ և Բելինդա Յակուբյանները: Միջոցառման ատենապետ Բելինդա Յակուբյանը ողջույնի խոսքով դիմեց հյուրերին, որից հետո ելույթ ունեցան դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանը, DJ Crowna-ն և տեսանկարիչ Գևորգ Մուրադը:

Սուրբ Պատարագ. Կիրակի օրը՝ հոկտեմբերի 18-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարում Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի կողմից մատուցված Սուրբ Պատարագին ներկա էին ՀԲԸՄ Կենտրոնական վարչության նախկին և ներկա անդամներ, ինչպես նաև տասնյակ պատվիրակներ արտերկրից: Մինչ քարոզը՝ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը ջերմորեն ողջունեց Եգիպտոսից ժամանած թեմակալ առաջնորդին: Արարողությունից հետո թեմի ընդունելությունների սրահում տեղի ունեցավ հյուրասիրություն:

Մոնրեալում անցկացրած չորս օրերի ընթացքում ՀԲԸՄ անդամները հարգանքի տուրք մատուցեցին կազմակերպության 120-ամյա գործունեությանը և հայացք նետեցին դեպի ապագան՝ միասնության նույն ոգով, որը 1906 թվականից ի վեր ՀԲԸՄ-ին պահել է հայ համայնքների առաջնագծում:

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող համահայկական կազմակերպությունն է, որը հիմնադրվել է 1906 թվականին: Այսօր ՀԲԸՄ-ն ունի իր ներկայությունը աշխարհի 40 երկրների ավելի քան 70 քաղաքներում: Իր կրթական, մշակութային, մարդասիրական ու սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի ազդեցություն ունենալով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքի վրա: ՀԲԸՄ-ի և վերջինիս կողմից ողջ աշխարհում իրականացվող ծրագրերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել www.agbu.org կայքէջում: ՀԲԸՄ Հայաստանի մասին հավելյալ տեղեկատվության համար այցելե՛ք www.agbu.am կայքէջ:

Հայկական բարեգործական ընդհանուր միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել