Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե սկզբնական գաղափարն արցախցի երաժիշտներին աշխատանքով ապահովելն էր, ապա ինչո՞ւ այսօր նրանցից ոչ ոք այդ նվագախմբում չէ»

Նոյեմբեր 20,2026 11:50 Share
Աջակցեք aravot.am-ին

«Արցախ» կամերային նվագախմբի ջութակահարուհի Դիանա Մեսրոպյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախն ուներ իր կամերային նվագախումբը`շուրջ 20 տարվա պատմությամբ: Այն Արցախի մշակույթի և մեր ինքնության մի մասն էր:

2023 թվականի արցախցիների բռնի տեղահանումից հետո որոշում կայացվեց Երևանում վերականգնել Արցախի կամերային նվագախումբը:

Գաղափարը ներկայացվում էր որպես հնարավորություն`փրկելու ոչ միայն նվագախմբի գոյությունը, այլև արցախցի երաժիշտների մասնագիտական կյանքը` նրանց տալով աշխատանք, ապրուստի միջոց և իրենց գործը շարունակելու հնարավորություն։

Այս նախաձեռնությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերեց ՀԲԸՄ-ն։

Սկզբում հայտարարվեց մրցույթ`որի արդյունքում նվագախմբից դուրս մնացին բազմաթիվ արցախցի երաժիշտներ `մասնագիտական անհամապատասխանության պատճառաբանությամբ, ովքեր, ի դեպ, արդեն 20 տարի աշխատում էին տվյալ նվագախմբում։

Այնուհետև տարբեր հանգամանքներում նվագախումբը լքեցին նաև մյուս արցախցի երաժիշտները:

Եվ այսօր, ունենք «Արցախ» նվագախումբ, որտեղ չկան արցախցի երաժիշտներ:

Սակայն նվագախումբը շարունակում է հանդես գալ «Արցախ» անունով, համերգներ տալ և ստանալ ֆինանսավորում այն կառույցի կողմից, որի համար հենց Արցախի անունն ու արցախցի երաժիշտներին աջակցելու գաղափարն էին նախաձեռնության հիմքում։

Ուստի հարց է առաջանում.

Ինչ է այսօր ներկայացնում Արցախ նվագախումբը,

Ում համար և ինչ նպատակով էր այն վերականգնվում։

Եթե սկզբնական գաղափարն արցախցի երաժիշտներին աշխատանքով ապահովելն էր, ապա ինչու այսօր նրանցից ոչ ոք այդ նվագախմբում չէ։

Արդյոք ֆինանսավորումը շարունակվում է նույն սկզբնական նպատակադրումով։

Եվ, ի վերջո, ով է պատասխանատու այն բանի համար, որ մի նախաձեռնություն, որը պետք է լիներ արցախցի երաժիշտների աջակցության և Արցախի մշակութային ժառանգության պահպանման միջոց, հասել է այս վիճակին։

Մենք չենք վիճարկում որևէ մեկի մասնագիտական կարողությունները կամ երաժշտությամբ զբաղվելու իրավունքը։ Մենք բարձրաձայնում ենք մեկ այլ՝ շատ ավելի կարևոր հարց.

արդյո՞ք արդար է պահպանել Արցախի անունը, օգտվել այդ անվան խորհրդանշական ու բարոյական արժեքից, շարունակել դրա ներքո ֆինանսավորում ստանալ, երբ այն մարդիկ, որոնց համար ի սկզբանե ստեղծվել էր այս հնարավորությունը, այլևս այդտեղ չեն։

Արցախը պարզապես անուն չէ, որը կարելի է օգտագործել համերգային ծրագրերում։ Արցախը մարդիկ են, պատմություն, մշակույթ, հիշողություն և պատասխանատվություն։

Եվ մենք՝ արցախցիներս, իրավունք ունենք հարցնելու՝ ո՞ւր մնացին մեր երաժիշտները, և ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար։

Մենք պահանջում ենք հարգանք այն գաղափարի նկատմամբ, որի անունով սկսվեց այս ամենը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30