Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան․ «Սահմանազատման արդյունքում Ոսկեպար-Բաղանիս հին ճանապարհն ամբողջությամբ ՀՀ տարածքում է, երթեւեկության համար՝ անվտանգ։ Բավականին մեծ տարածություն կա եկեղեցու եւ սահմանային գծի միջեւ»

Մայիս 16,2024 12:09

«Երեկ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ի կատարում ապրիլի 19-ին ընդունված համատեղ նիստի ընդունած արձանագրության, համաձայնեցրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղա Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խերիմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կզըլ Հաջիլի գյուղերում սահմանային նախանշված հատվածները: Նրանք ստորագրել են այս սահմանային հատվածների նկարագրություն-արձանագրությունները»,-այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղի ունեցածը համարեց մեծ հաջողություն երկու պատճառով․ «Առաջինը, մեր ինքնիշխանության եւ անկախության հետագա զարգացման եւ ամրապնդման համար դրվել է մի շատ կարեւոր անկյունաքար։ Երկրորդը, մեր հանրապետությունը անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որը այս փաստով էականորեն մեծացնելու է անվտանգության եւ կայունության մակարդակը ոչ միայն նշված գյուղերի հատվածում, այլ ամբողջ Հայաստան-Ադրբեջանի սահմանի երկայնքով»:

Նա շնորհակալություն հայտնեց սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, անվտանգության խորհրդի բոլոր անդամներին, ովքեր այս ողջ գործընթացին ներգրավված են եղել, շնորհակալություն հայտնեց նաեւ կառավարության անդամներին։

«Արձանագրված է, որ սահմանազատումը տեղի է ունեցել 1976 թվականի քարտեզներով, որոնք հերթապահության գործընթաց են անցել 1979 թվականին: Մեզ համար սկզբունքային էր սահմանազատման գործընթացում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման ստեղծելու, այլ նախկինում Ալմա-Աթայի հռչակագրով վերահաստատված սահմանները վերարտադրելու գործընթաց: Այսինքն, մենք ասում ենք, որ մենք ոչ թե պետք է սահման ստեղծենք, այլ պետք է վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին եւ ունեն դե յուրե իրավական նշանակություն։ Հիմա մենք քարտեզների հղումը ունենք, եւ դրանք Խորհրդային միության դե յուրե իրավական նշանակություն ունեցող վերջին քարտեզներն են»:

Նա նկարագրեց, թե ինչ է «հերթապահության գործընթաց»-ը․ «Խորհրդային հանրապետությունների միջեւ պարբերաբար սահմանային հարցերի ճշգրտումներ են եղել՝ հանրապետությունների ներքին օրենսդրությունների եւ գործելակարգերի համաձայն, իհարկե, Խորհրդային միության օրենսդրության շրջանակներում։ Իսկ այդ արդեն իսկ հաստատված գործընթացներին քարտեզագրական մակարդակով վերջնական իրավական ուժ հաղորդել է գեոդեզիայի եւ քարտեզագրության ոլորտում Խորհրդային միության լիազոր մարմինը, որը ժամանակ առ ժամանակ հանրապետություններից հավաքել է արդեն իսկ հանրապետություններում իրավական ուժ ստացած որոշումները, ընդ որում՝ ամբողջական կամ հատվածական, դրանք վերստուգվել են, սա շատ կարեւոր հանգամանք է, եւ այս բոլոր տեղեկությունների հիման վրա հաստատել է քարտեզագրական հիմքը Խորհրդային միությունների միջեւ սահմանային գծի։ Մեր սահմանազատվող հատվածում 1979 թվականին հերթապահության գործընթաց անցած, այսինքն, դե յուրե հաստատված քարտեզները այդպիսի վերջին քարտեզներն են Խորհրդային միության օրոք։ Դե յուրե վերջնականորեն հիմնավորված այլ քարտեզ գոյություն չունի։ Այս սկզբունքը, որ պետք է սահմանների վերարտադրություն տեղի ունենա, մեզ համար չափազանց կարեւոր է եւ մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է»։

Փաշինյանի խոսքով՝ եթե մենք գնայինք այն տրամաբանությամբ, որ այս սկզբունքից շեղվելով մենք պետք է նոր սահմանագիծ ստեղծենք, դա կնշանակեր, որ ստեղծում ենք էսկալացիայի եւ ռազմական բախումների ուղղակի հարատեւ աղբյուր․ «Երբ մենք ասում ենք՝ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է, մենք էսկալացիոն կոնտեքստը եթե դուրս չենք բերել, առնվազն էականորեն նվազեցրել ենք»։

Վարչապետն ասաց, որ շատ զգայուն հարցեր կային Ոսկեպարի սուրբ Աստվածածին եկեղեցու եւ Ոսկեպար-Բաղանիս հին ճանապարհի հետ․ «Նրանք, ովքեր այդ ճանապարհով երթեւեկել են, երբ Բաղանիսն անցնում էինք, կար ցուցանակ՝ դիտարկվող տեղամաս։ Հիմա սահմանազատման արդյունքում այդ ճանապարհը ոչ միայն ամբողջությամբ ՀՀ արդեն իսկ դե յուրե վերահաստատված ինքնիշխան տարածքում է, այլեւ այն երթեւեկության համար անվտանգ է։ Եկեղեցու հատվածում մենք որեւէ խնդիր չունեցանք, ոչ միայն բուն եկեղեցու առումով, այլեւ սահմանային գծի եկեղեցուց հեռավորության առումով։ Ինձ ասել են, որ բավականին մեծ տարածություն կա եկեղեցու եւ սահմանային գծի հատվածում»։

Նա ասաց, որ խնդիր չկա Ոսկեպար-Բաղանիս հատվածում եւ Բերքաբերի հատվածում․ «Որովհետեւ մենք որդեգրել ենք այդ սկզբունքը՝ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է։ Ինչո՞ւ որոշակի խնդիրներ մենք ունենք եւ կարող ենք ունենալ Կիրանցի հատվածում, էլի նույն պատճառով՝ որովհետեւ մենք որդեգրել ենք սկզբունք՝ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է»։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031