Լրահոս
Օրվա լրահոսը

Յատրոգեն բոտուլիզմը կարող է առաջանալ որպես կողմնակի ազդեցություն բոտուլինային նեյրոտոքսինի կիրառումից հետո՝ բուժական կամ կոսմետիկ նկատառումներով

Հունվար 22,2024 17:50

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը

Բոտուլիզմի դեպքում հիվանդ մարդը առողջ մարդու նկատմամբ միանգամայն անվտանգ է

Բոտուլիզմը ծանր սննդային տոքսիկոզ է, որն առաջանում է Clostridium botulinum-ի արտազատած տոքսին պարունակող սննդամթերքն օգտագործելիս:

Clostridium botulinum-ը գրամդրական, սպոր առաջացնող, անաերոբ բակտերիա է: Տարբերում են Cl. botulinum-ի 7 տեսակներ՝ A, B, C, D, E, F, G, որոնց տոքսինների ազդեցությունը մարդկանց վրա տարբեր է:

📎 Հարուցիչն արտաքին միջավայրում է` հողում՝ որպես սպորներ, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի և այլ մթերքի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անաերոբ պայմաններ, որտեղ սպորները վերածվում են վեգետատիվ ձևերի, բազմանում և արտադրում են թույն` բոտուլաթույն:

Բոտուլաթույնը բնության մեջ ամենաուժեղ թույնն է, մարդու համար մահացու դեղաչափը հավասար է 5–50 նմգ 1կգ քաշին:

Բոտուլիզմի դեպքում փոխանցումը կատարվում է հիմնականում պահածոյացված սննդամթերքի միջոցով (ձուկ, միս, բանջարեղեն, կանաչեղեն), որտեղ բարենպաստ պայմաններ կան հարուցիչների, դրանց թույնի կուտակման համար:

Սննդային բոտուլիզմը լուրջ, պոտենցիալ մահացու հիվանդություն է, որը համեմատաբար հազվադեպ է հանդիպում: Այն թունավորում է, որը սովորաբար զարգանում է բոտուլինային տոքսինների ընդունումից, որոնք առկա են սննդամթերքում, տնային պայմաններում պատրաստված պահածոներում: Ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս ազդեցությունից հետո 12-ից 36 ժամվա ընթացքում: Հիվանդությունը կարող է մահացու լինել դեպքերի 5-10%-ում:

Սննդային բոտուլիզմի կանխարգելիչ գործողություններից ամենակարևորը տնային պահածոներն օգտագործելուց առաջ 15-20 րոպե պարտադիր պահածոյի պարունակությունը ջերմային մշակման ենթարկելն է, և հնարավորինս տնային պայմաններում պատրաստված պահածոներից խուսափելը:

Մանկական բոտուլիզմը հիմնականում հանդիպում է 6 ամսականից ցածր նորածինների մոտ: Այն ի հայտ է գալիս, երբ երեխան կլանում է Cl. botulinum-ի սպորները, վերջիններս գաղութայնացվում են աղիքներում, վերածվում վեգետատիվ ձևի և արտադրում են թույն: Այնուհետև թույնը համակարգորեն կլանվում է: Հաճախ մանկական բոտուլիզմը պայմանավորվում է մեղրի օգտագործմամբ:

Թոքային բոտուլիզմը փոխանցվում է աերոզոլացված բոտուլոտոքսինը շնչելով և հետո թոքերով համակարգորեն կլանմամբ: Թույնի բոլոր տեսակները զենքի են վերածվել, և դրսևորել են պրիմատների շրջանում հիվանդություն առաջացնելու կարողություն:

Վերքային բոտուլիզմն առաջանում է, այն դեպքում, երբ սովորական վերքը ախտահարվում է Clostridium botulinum-ով: Նման դեպքեր գրանցվել են նաև ներերակային թմրամիջոցներ օգտագործողների շրջանում, հերոինի ենթամաշկային և միջմկանային ներարկումների ժամանակ:

📌«Հերացի» վերլուծականի փոխանցմամբ` որպես համաճարակաբանական յուրահատկություն՝ անհրաժեշտ է նշել, որ բոտուլիզմի դեպքում հիվանդ մարդը առողջ մարդու նկատմամբ միանգամայն անվտանգ է:

Վերջին շրջանում արձանագրվում է բոտուլիզմի փոխանցման նոր մեթոդ: Մաքուր տոքսինի կողմնակի ազդեցությունները առաջացել են պացիենտների մոտ դրա բժշկական կամ կոսմետիկ օգտագործման արդյունքում:

Առաջին անգամ բժշկական նպատակներով բոտոքս է կիրառել ամերիկացի ակնաբույժ Ալան Սքոթը։ Օրգանական թույնի օգնությամբ նա բուժում էր բլեֆարոսպազմով տառապող հիվանդներ։ Սքոթի օրինակին հաջորդել են բազմաթիվ այլ բժիշկներ։ Բացի դրական բժշկական ազդեցությունից, հայտնաբերվել է նաև բոտուլինատոքսինի կոսմետիկ ազդեցությունը, քանի որ ներարկումների շրջանում կնճիռներն ու ծալքերը հարթվում են։

Այսպիսով, բոտուլինային տոքսինը սկսեց օգտագործվել նաև էսթետիկ բժշկության բնագավառում:

Ըստ տվյալների 1989-2003թթ. բոտոքսի ներարկումները 28 մահվան պատճառ են դարձել: Տասնհինգ տարվա ընթացքում միլիոնավոր ներարկումների քանակության դեպքում 28 մահվան դեպքը բավականին աննշան ցուցանիշ է (0.01%-ից պակաս): Ավելին, շատ դեպքերում այն ներարկվել է բժշկական նպատակներով։ Կոսմետիկ նպատակներով բոտուլինոտոքսինն օգտագործվում է շատ ավելի փոքր չափաբաժիններով, որոնք հարյուր անգամ պակաս են մահացու չափաբաժնից:

Բժշկական նպատակներով այն օգտագործվում է տարբեր նյարդաբանական հիվանդությունների դեպքում, օրինակ` քրոնիկ միգրենի, մկանային սպազմի և գերակտիվ միզապարկի: Օգտագործվում է նաև Ֆրեյի համախտանիշի բուժման համար, երբ բուժման հիմնական մեթոդը բոտուլինային տոքսինի ներմաշկային ներարկումներն են։

Համաձայն վերջերս Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի հրապարակած հոդվածի՝ 2023թ. փետրվարի վերջից մինչև 2023թ. մարտի 30-ը Գերմանիայում (30), Ավստրիայում (1), Ֆրանսիայում (1), Շվեյցարիայում (2) և Թուրքիայում (53) գրանցվել է բոտուլիզմի 87 դեպք՝ կապված բոտուլինային նեյրոտոքսինի ներստամոքսային ներարկման հետ:

Տեղեկատվությունը ցույց է տալիս, որ բոլոր դեպքերում իրականացվել են բժշկական միջամտություններ, որոնք իրականացվել են բուժառուների քաշի նվազեցման նպատակով:

Դրանք անցկացվել են 2023թ. փետրվարի 3-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում։ Հաղորդվում է, որ պացիենտները ստացել են ներստամոքսային բոտուլինային նեյրոտոքսինի ներարկումներ՝ ճարպակալումից ազատվելու համար, երկու մասնավոր հիվանդանոցներում՝ Ստամբուլում և Իզմիրում: Գերմանիան հայտնել է, որ գերմանացի պացիենտների համար կիրառվող դեղաչափերը տատանվում են բոտուլինային նեյրոտոքսինի 1000-2500 միավորի միջև:

Ախտանիշները տատանվել են մեղմից մինչև ծանր, իսկ մի քանի պացիենտ նույնիսկ հոսպիտալացվել է: Հոսպիտալացվածներից մի քանիսը բուժում են ստացել ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում` բոտուլինային հակատոքսինով: Արձանագրված բոլոր դեպքերում օգտագործված սրվակների վրա բացակայել է արտադրման ամսաթիվը:

Բոտուլիզմի այս տեսակը կոչվում է յատրոգեն բոտուլիզմ, որը կարող է առաջանալ որպես կողմնակի ազդեցություն բոտուլինային նեյրոտոքսինի կիրառումից հետո՝ բուժական կամ կոսմետիկ նկատառումներով:

Չնայած այն հազվադեպ է արձանագրվում, այն մարդիկ, ովքեր բոտուլինային նեյրոտոքսինի ներարկումներ են ստանում կոսմետիկ կամ բուժման նպատակներով, կարող են բոտուլիզմով հիվանդանալ, եթե նրանց տրվի բոտուլինային նեյրոտոքսինի չափազանց մեծ չափաբաժին:

Կոսմետիկ բուժումից հետո թունավոր երևույթները կարող են ներառել տեսողության պղտորում, կոպերի անկում, կլման ակտի դժվարություն և բերանի չորություն, երկտեսություն, մշուշված տեսողություն: Այս դեպքում անհապաղ պետք է դիմել բուժօգնության:

Խուսափեք ոչ մասնագիտական և ոչ մանրէազերծ ներարկումներից ու միջամտություններից: Եղեք տեղեկացված:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031