Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեկոծված մայիս Վրաստանում

Մայիս 22,2024 12:00

Վիճահարույց օրենքի նրբությունները

Հարեւան Վրաստանը վերջին օրերին եռում է իրադարձություններով: Առիթը` Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի երրորդ եւ վերջնական ընթերցմամբ քվեարկությունն էր, որը տեղի ունեցավ մայիսի 13-ին: Վրաստանում օրինագծի առաջին եւ երկրորդ ընթերցման օրերին ցույցեր, ընդհարումներ եղան: Բողոքի ցույցերը չեն դադարում, իրավիճակը չի հանդարտվում։ Իսկ հոկտեմբերին երկրում խորհրդարանական ընտրություններ են ծրագրված։

Ըստ Սահմանադրության՝ երրորդ ընթերցմամբ ընդունված օրենքը ոչ ուշ, քան տասն օրվա ընթացքում ուղարկվում է նախագահի հաստատմանը։ Օրենքը ստանալուց հետո նախագահը երկու շաբաթ ժամանակ ունի այն ստորագրելու կամ վետո դնելու համար։ Եթե նա այդ երկու տարբերակներից ոչ մեկը չի ընտրում, ապա ժամկետը լրանալուց հետո խորհրդարանի խոսնակը հինգ օրվա մեջ կարող է ստորագրել օրենքը, եւ այն ուժի մեջ կմտնի։

Չնայած խորհրդարանական մեծամասնությունը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն ի վիճակի է հաղթահարել, բայց իշխող ուժը ցանկանում էր, որ գործը դրան չհասնի։ Իշխանության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել նախագահի վետոյի քննարկման փուլում երրորդ ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքում խմբագրական ուղղումներ կատարել եւ այդ կերպ լուծել ընդդիմության ու միջազգային գործընկերների հետ հակասությունները։

Մինչդեռ նախագահ Զուրաբիշվիլին դեմ արտահայտվեց նման տարբերակին. ոչ եւ երբեք, ասել է նա եվրոպացի չորս արտգործնախարարների (բալթյան երեք պետությունների եւ Իսլանդիայի) հետ հանդիպմանը։ «Իմ վետոյի հարցով ես ոչ մի դեպքում կեղծ, արհեստական, սուտ բանակցությունների մեջ չեմ մտնի։ Թող ոչ ոք հույս չունենա, որ կարող է օգտագործել Վրաստանի նախագահին այս իշխանության դեմքը փրկելու համար»։

Ինչո՞ւ են ընդդիմանում Վրաստանում այս օրենքին…

Ընդդիմության առաջնորդներից Գիորգի Վաշաձեն, օրինակ, մինչեւ օրինագծի երրորդ եւ վերջնական ընթերցմամբ քվեարկությունը, նշել էր` եթե օրենքն ընդունվի, ապա ԱՄՆ-ի կողմից կսահմանվեն անձնական պատժամիջոցներ փաստաթղթին կողմ քվեարկած պատգամավորների եւ «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Սակայն «Վրացական երազանք»-ից պնդում են, որ այն կնպաստի դեմոկրատիայի զարգացմանը:

Նշյալ օրենքի կիրառման պարագայում` կազմակերպությունները, որոնք իրենց ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսը արտերկրից են ստանում, պետք է գրանցվեն որպես «օտար ազդեցության գործակալներ»։ Իսկ սա շատ նման կլինի Ռուսաստանում գործող այսօրինակ օրենքին, որի միջոցով Ռուսաստանը պայքար է մղում անկախ մամուլի եւ անկախ ՀԿ-ների դեմ:

Մայիսի սկզբին Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտնեց, որ Վրաստանի իշխող կուսակցության քաղխորհրդի որոշմամբ առաջիկայում արմատական հայացքներ ունեցող անձանց հատուկ ցանկ կկազմվի։ «Երկրում իրավիճակի ապակայունացում հրահրող անձանց ցանկը կազմվելու է «Վրացական երազանքի» կուսակցական կառույցների օժանդակությամբ», -նշել էր նա` հավելելով, որ տվյալների բազան հասանելի կլինի համացանցում. «Այդ մարդկանց դեմ օրենքների եւ Սահմանադրության շրջանակներում միջոցներ կձեռնարկվեն, որպեսզի իրավախախտումներն առանց պետական եւ հասարակական արձագանքի չմնան»։

Մինչեւ մայիսի 13-ը լրատվամիջոցները հայտնում էին, որ Վրաստանում բողոքի ցույցերի մասնակիցները բռնությունների են ենթարկվել, ձերբակալվել, տարբեր սպառնալիքներ ստացել: Մինչդեռ հինգ տասնյակ ոչ կառավարական կազմակերպությունները համատեղ հայտարարություն հրապարակեցին, որում վստահեցնում էին, որ իշխանությունների բռնությունները չեն կանգնեցնի Վրաստանի ժողովրդի եվրոպական ապագայի ձգտումները։

Զանգվածային աննախադեպ բողոքի ակցիա Թբիլիսիում

Մայիսի 11-ին վրաց հասարակությունն ընդվզման աննախադեպ ալիքով պատասխանեց իշխանություններին: Այդ օրը Թբիլիսիի Եվրոպայի հրապարակում բազմահազարանոց ցույց տեղի ունեցավ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի: Մայրաքաղաքի Եվրոպայի հրապարակից բացի` հեղեղված էին Թբիլիսիի հարակից փողոցները: Ըստ տարբեր հաշվարկների՝ այդ օրը 250-300 հազար մարդ էր դուրս եկել բողոքի ցույցի: «Եվրոպական երթի» մասնակիցները հրապարակ էին ժամանել երեք տարբեր վայրերից, ամբողջ Թբիլիսին մարդկանց հոծ բազմությամբ էր հեղեղված:

Ուշագրավ էր, որ աղմկահարույց օրինագծին դեմ հանդես էին գալիս հայտնի երգիչներ, երաժիշտներ։ Բեմից հավաքվածներին դիմողների շարքում քաղաքական գործիչներ չկային: Ցույցն ակնհայտորեն ապակենտրոն էր եւ տպավորություն է ստեղծվում, որ Վրաստանում նոր, ապաքաղաքական շարժում է ծնվում, որի առաջին պլանում երիտասարդությունն է:

Ինչ-որ առումով, Վրաստանում հասարակական տրամադրությունները նման են հայաստանյան իրականությանը: Հայաստանում հասարակությանը նույնպես, մեղմ ասած, հոգնեցրել են քաղաքական նույն դեմքերը, որոնք արդեն երկու-երեք տասնամյակ բացառապես մեկ գործառույթ են «ըստ արժանվույն» իրականացնում. ինչպես քաղաքական դաշտի «արեւի տակ» հարմար «տեղ» զբաղեցնել: Պարզապես, էական տարբերությունն այն է, որ եթե Վրաստանում ընդվզման առիթը աշխարհաքաղաքական` «Ո՛չ Ռուսաստանին» կարգախոսն է, Հայաստանը քրոնիկ կերպով մխրճված է քաղաքական նույն դեմքերով` «Չնեղացնե՛լ, չզայրացնել Ռուսաստանին» օրակարգի սպասարկման մեջ:

Վրաստանի արեւմտյան գործընկերները տագնապած են

Վրաստանի արեւմտյան գործընկերները մի քանի շաբաթ զգուշացնում էին, որ վիճահարույց օրենքի ընդունումը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ Եվրամիությանը Վրաստանի անդամակցման ճանապարհին: ԱՄՆ-ը, ԵՄ-ն, մի շարք իրավապաշտպան միջազգային կառույցներ Թբիլիսիին կոչ էին անում հրաժարվել այդ օրենքից:

«Մենք խորապես տագնապած ենք դեմոկրատիայի նահանջով Վրաստանում»,- գրել էր ԱՄՆ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանն X-ի իր միկրոբլոգում։ «Վրացի խորհրդարանականները կանգնած են կրիտիկական ընտրության առջեւ. աջակցել վրաց ժողովրդի եվրատլանտյան ձգտումների՞ն, թե՞ ընդունել օրենք օտարերկրյա գործակալների մասին Կրեմլի ոճով, որը հակասում է դեմոկրատական արժեքներին։ Մենք աջակցում ենք վրաց ժողովրդին»,- նշել էր նա։

Մինչդեռ պաշտոնական Թբիլիսին պնդում է, թե Վրաստանը առաջ է ընթանում դեպի Եվրամիություն: «Մեր ճանապարհը տանում է միայն դեպի Եվրամիություն, եւ մեր գլխավոր արտաքին քաղաքական գերակայությունը Եվրամիությանն անդամակցությունն է», հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրոպայի օրվան նվիրված միջոցառման ժամանակ։ Կոբախիձեի խոսքով՝ կառավարությունը ցանկանում է ստանալ զարգացման եւ բարգավաճման նույնպիսի մակարդակ, ինչպիսին Եվրամիությունում է. «…Մեր գլխավոր արտաքին քաղաքական գերակայությունը Եվրամիությանն անդամակցությունն է։ Ես համոզված եմ, որ տնտեսական կամ արժեքային խնդիրները, որոնք այսօր կանգնած են Եվրամիության առջեւ, կրում են ժամանակավոր բնույթ, եւ մեր պարտականությունն է մեծ եվրոպացիների առջեւ, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը նպաստի Եվրամիության վերածնմանը այն տեսքով, որով նա հիմնվել է 1950թ. մայիսի 9-ին եվրոպացի մեծ գործիչների կողմից, ինչպիսին են` Ռոբերտ Շումանը, Ժան Մոնեն, Կոնրադ Ադենաուերը, Ուինսթոն Չերչիլը եւ այլք։ Մենք պետք է գործենք այս պատասխանատվությամբ»։

Չնայած այս հայտարարությանը, Վաշինգտոնից շարունակում էին, գրեթե ամենօրյա ռեժիմով, հայտարարել, որ խորապես անհանգստացած են Վրաստանում ժողովրդավարության նահանջով։ «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, որը փորձում է ընդունել Վրաստանի իշխող կուսակցությունը, ոչ միայն չի համապատասխանում երկրի կառավարության հայտարարած ձգտումներին, այլեւ համապատասխանում է ռեպրեսիվ օրենսդրությանը, որը կարելի է տեսնել այլ ռեժիմների դեպքում՝ լինի դա Կրեմլը, թե որեւէ այլ ռեժիմ», – նշել էր ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։ Եվ ահա, մինչեւ աղմկահարույց օրենքի ընդունումը ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնեց, որ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենն այցելելու է Վրաստան, հանդիպումներ է ունենալու կառավարության, քաղաքացիական հասարակության եւ մասնավոր սեկտորի ներկայացուցիչների հետ։

Սակայն մայիսի 14-ին Վրաստանի վարչապետը հայտնեց, որ երկրի ստվերային ղեկավար, իշխող ուժի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել Թբիլիսի ժամանող ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ’Բրայենի հետ։ Ի դեպ, վրացական մի շարք լրատվամիջոցներ վկայակոչելով իրենց դիվանագիտական աղբյուրները, հայտնել էին, թե ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Թբիլիսի է ժամանել Իվանիշվիլիի դեմ «պատժամիջոցների կոնկրետ փաթեթով»։ «Բիձինա Իվանիշվիլին շանտաժի տակ որեւէ հանդիպում չի անցկացնի»,- հայտարարեց Կոբախիձեն ու հավելեց. «Կոնկրետ Օ’Բրայենի այցի հետ կապված կարող եմ հաստատել, որ Բիձինա Իվանիշվիլիին հանդիպելու խնդրանք եղել է, ինչը Իվանիշվիլին մերժել է»:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել էր աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի հետ։ Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը փոխանցում էր, որ կողմերն «անկեղծ զրույց են ունեցել վրաց-ամերիկյան հարաբերություններին վերաբերող բոլոր հարցերի շուրջ»։ «Իրակլի Կոբախիձեն Ջեյմս Օ՛Բրայենին բացատրել է նաեւ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը եւ եւս մեկ անգամ հայտնել է իշխող թիմի պատրաստակամությունը վետոյի ընթացակարգի շրջանակներում դիտարկելու միջազգային գործընկերների բոլոր իրավական մեկնաբանությունները։ Վարչապետը նշել է, որ Վրաստանի կառավարությունը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ գործընկերության խորացմամբ, ինչը պահանջում է փոխադարձ ջանքեր եւ արդար հարաբերություններ»,- ասվում էր վրացական կողմի հաղորդագրությունում։

Ինչեւէ, մայիսի 13-ին Խորհրդարանի իրավաբանական հարցերով մասնագիտական կոմիտեն ընդամենը մեկ րոպե տեւած նիստում առանց որեւէ քննարկման հավանություն տվեց օրինագծին։ Այսպիսով, չնայած բազմահազարանոց ցույցերին եւ Թբիլիսիի միջազգային գործընկերների նախազգուշացումներին եւ կոշտ քննադատությանը՝ «Վրացական երազանքի» նախաձեռնության հաստատմանը 150 պատգամավորներից կողմ քվեարկեցին 84-ը, 30-ը` դեմ էին։ Կոմիտեի նախագահ Անրի Օխանաշվիլին ասել էր, որ եթե Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո դնի օրենքի վրա, ապա խորհրդարանի իշխող մեծամասնությունը կհաղթահարի այն։

Վիճահարույց օրենքի վերջնական ընդունման վճռորոշ պահին Թբիլիսի էին ժամանել Եվրամիության մի շարք երկրների՝ Գերմանիայի, Լեհաստանի, Չեխիայի, Լիտվայի եւ Էստոնիայի օրենսդիր մարմինների արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովների ղեկավարները։ Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Բունդեսթագի արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավար Մայքլ Ռոտն ասել էր, որ այդ օրենքն ընդունվելու դեպքում` Եվրամիությանը Վրաստանի անդամակցության բանակցությունները չեն կարող սկսվել։ «Ես Վրաստանի համար պայծառ ապագայի որեւէ հնարավորություն չեմ տեսնում, եթե կառավարությունը հետ չկանչի այդ օրենքը»,- ասել էր Բունդեսթագի ներկայացուցիչը։

Հայտնի է, որ ԵՄ-ի 12 երկրների ԱԳ նախարարներ դիմել են արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելին եւ Եվրամիության հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության հանձնակատար Օլիվեր Վարհելիին՝ խնդրելով առաջնահերթության կարգով անհապաղ տեղեկատվություն տրամադրել Եվրոպական հանձնաժողովին, թե այդ օրենքն ինչ ազդեցություն կունենա Վրաստանի` ԵՄ-ի անդամակցության քայլերի վրա։ Եվրոպացի 12 ԱԳ նախարարները գտնում են, որ Վրաստանի կառավարությունը սպառնալիքի տակ է դնում երկրի եվրոպական ինտեգրումը, եւ այդ օրինագիծը Վրաստանում մարդու իրավունքներից եւ ժողովրդավարությունից նահանջելու տագնապալից ուղեգծի եւս մեկ նշան է։ Ըստ «Ազատության», Եվրախորհրդարանի 4 պատգամավորներ դիմել են Բորելին՝ առաջարկելով պատժամիջոցներ պատրաստել նրանց դեմ, «ովքեր Վրաստանը հեռացնում են եվրոպական ապագայից»։

Հիշեցնենք, որ օրինագիծը մեկ տարի առաջ բերվել էր օրակարգ եւ հանրային ճնշումների ու արեւմտյան գործընկերների հնչեցրած քննադատությունների արդյունքում հետ էր կանչվել։ Սակայն, ապրիլի սկզբին այն կրկին խորհրդարանում շրջանառության մեջ դրվեց: Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը մեկ տարի առաջ հրաժարվել էր աղմկահարույց օրենսդրական նախաձեռնությունից, պնդում է, որ օրենքը վերադարձնելու միակ նպատակը ոչ-կառավարական ոլորտում ֆինանսական թափանցիկություն ապահովելն է՝ պարտավորեցնելու այն բոլոր հասարակական կազմակերպություններին ու լրատվամիջոցներին, որոնց ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսն օտարերկրյա ծագում ունի, տարեկան հայտարարագիր ներկայացնել, հակառակ դեպքում օրենքով սահմանել մոտ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք տուգանք։

Մինչդեռ ընդդիմադիրների համոզմամբ՝ «Վրացական երազանքի» պատգամավորներն «օրենքն արտագրել են Ռուսաստանից»՝ նպատակ ունենալով հաճոյանալ Կրեմլին, իսկ հետագայում էլ՝ «Պուտինի ռեպրեսիվ վարչակազմի օրինակով» երկրում ազատ, անկախ խոսքը ճնշելու, լռեցնելու քաղաքականություն են վարելու։

Շարունակությունը` այստեղ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Լուսանկարը` Newsgeorgia-ի

«Առավոտ» օրաթերթ, 21.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031