ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հաղորդում է. «Հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։


Աբովյանի ԲԿ են տեղափոխվել Լ․ Հ․-ն (ծնված 2007 թ․), Հ․ Խ․-ն (ծնված 2001 թ․), Մ․ Գ․-ն (ծնված 1989 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 1990 թ․) և Լ․ Ս․-ն (ծնված 1963 թ․). Լ. Հ․-ն ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել, իսկ մյուսները տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ»:
Կարդացեք նաև
ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը «Մեդիահաբի» թղթակցին հայտնել է, որ ելնելով մեթոդիկայից` հրդեհաշիջման աշխատանքները դեռ երկար կտևեն:
«Հետքը» պարզել է, թե որ գազալցակայանում է եղել պայթյունը, ով է ընկերության սեփականատերը, ինչպես նաև ընկերության՝ նախկինում թույլ տված խախտումները։
Ըստ լրատվամիջոցի՝ պայթել է Երևան-Սևան մայրուղու (Մ-4) Արզնու տրանսպորտային հանգույցից 650 մ հեռավորության վրա գտնվող գազա-բենզալցակայանը, որտեղ վաճառվում է բենզին և հեղուկ գազ (լցակայանի անմիջական հարևանությամբ է գտնվում «Հանդիպում» հացատունը):
Դրա շահագործողը երևանյան «Գազ օիլ» ՍՊԸ-ն է, որի միակ սեփականատերը 41-ամյա երևանցի Ռաֆայել Այվազյանն է։ ՍՊԸ-ն գրանցված է Այվազյանի տանը, սակայն լցակայանն Արզնիի տարածքում է:

Արձանագրվել է, որ այս լցակայանը շահագործվում է՝ առանց արտադրական վտանգավոր օբյեկտների (ԱՎՕ) ռեեստրում գրանցման և տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացության:

Այսինքն՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ն շահագործել է գազա-բենզալցակայան՝ չունենալով դրա իրավունքը:
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը, հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը, որոշել է դադարեցնել այս լցակայանի գործունեությունը: Լցակայանը, համաձայն տեսչական մարմնի հաղորդագրության և տարածած լուսանկարների, կապարակնքվել էր:
«Հետքը» պարզել է, որ «Գազ օիլ» ՍՊԸ-ի սեփականատեր Ռաֆայել Այվազյանը ոչ միայն բիզնեսով է զբաղվում, այլև քաղաքական գործունեություն է ծավալում: Նա ԲՀԿ-ական է: 2008-2009 թթ. եղել է Երեւանի ավագանու անդամ, 2011-2012 թթ. եղել է Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի գլխավոր խորհրդական, 2012-2013 թթ. աշխատել է ՀՀ աշխատանքի պետական տեսչությունում, 2014-ին էլ դարձել է ԲՀԿ Կենտրոն համայնքի խորհրդի նախագահ:
Ըստ իր ֆեյսբուքյան էջի՝ նա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնականն է:






















































