Գյումրիում շարունակվում են աշխարհահռչակ շանսոնյեի 100-ամյակին նվիրված միջոցառումները։ Այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում ՝ նրա արձանի մոտ, Գյումրու համայնքապետարանի «Անի» փողային նվագախումբն արվեստի ու երաժշտական դպրոցների միասնական աշակերտական երգչախմբի հետ հնչեցրեց նրա երգերը։
Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաները ծաղիկներ խոնարհեցին նրա արձանին։
Արձանի հեղինակ, քանդակագործ Սամվել Պետրոսյանն ու սոչիաբնակ գյումրեցի գործարար Գագիկ Պետրոսյանը, ով տարիներ առաջ հոգացել էր արձանի քանդակման ու տեղադրման բոլոր ծախսերը, ելույթ ունեցան՝ վառ հիշողություններ պատմելով Շառլ Ազնավուրից։





Կարդացեք նաև
Ըստ Լիլիթ Թովմասյանի՝ «Անի» փողային նվագախումբն ունի շառլազնավուրյան ծրագիր, մեծ համերգ կունենա սեպտեմբերին։ Դրանցից հինգն այսօր հնչեցին Շառլ Ազնավուրի հրապարակում։

Գյումրու փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանն իր ելույթում նշեց, որ Գյումրիում ամեն ինչ ազնավուրյան է, և սա այն փոքրիկ շնորհակալությունն է մեծ շանսիոնեին, ով ահռելի մեծ ներդրում ունի հետերկրաշարժյան Գյումրիի զարգացման գործում։
Փոխքաղաքապետը հիշեցրեց, թե ինչպես 1988 թվականի աղետալի երկրաշարժի ժամանակ գյումրեցիների համար ամենածանր օրերին մեծանուն հայորդին իր ձեռքը մեկնել։
«Գյումրին այն եզակի քաղաքն է, որտեղ 2001 թվականին տեղադրվեց մեծ շանսիոնեի արձանը։ Արձանի բացմանն անձամբ Շառլ Ազնավուրն է ներկա եղել։ Տեսնելով արձանը՝ նա ասել է, ես փոքրամարմին եմ , բայց հսկա արձանս ձեզ եմ թողնում», -ասաց Լուսինե Սանոյանը։
Քանդակի հեղինակ Սամվել Պետրոսյանն էլ հիշեց, թե ինչպես քանդակելուց հետո արձանը ցույց է տվել Շառլ Ազնավուրին՝ կարծիք հարցնելով։«Հարցրեցի՝ ո՞նց է , ստացվե՞լ է, ասաց՝ հոյակապ է, հետաքրքրվեցի, թե իրո՞ք հոյակապ է, ասաց՝ ասիկա երիտասարդ է», -պատմեց քանդակագործը։
Միջոցառումները շարունակվեցին Գյումու Մուսայելյան փողոցում, այն այսօր անվանափոխվեց՝ կրելով Շառլ Ազնավուրի անունը։ Նրա երգերի տակ բացվեց անվանատախտակը։ Առաջարկն արել է Գյումրու փոխքաղաքապետ Լուսիեն Սանոյանը, ավագանին հաստատել է։

Երեկոյան «Սև Բերդ» ամրոցում պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն շանսիոնեի երգերը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ




















































