Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում Ռուբեն Վարդանյանն ընդգծել է՝ որևէ հանցանք չի գործել ու պահանջել է իրական դատավարություն

Փետրվար 20,2025 15:10

«Փաստինֆո». Շինծու գործով Բաքվի ռազմական դատարանում փետրվարի 17-ին տեղի ունեցած վեցերորդ լսումների ժամանակ Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ որեւէ հանցանք չի գործել եւ հերթական անգամ ուշադրություն հրավիրել շարունակվող աղաղակող խախտումների վրա։

«Փաստինֆո»-ն պաշտպանական կողմից տեղեկանում է, որ նիստը կրկին անցկացվել է գաղտնի և դռնփակ։

Դատավարության կարևորագույն դրվագները.

– Ռուբեն Վարդանյանի պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել դատական կոլեգիայի բացարկի մասին՝ դատավարական մտահոգություններից ելնելով։ Ի պատասխան՝ մեղադրող կողմը պնդել է, որ միջնորդությունն ապացուցողական հիմքեր չունի։ Դատարանը միջնորդությունը թողել է առանց քննարկման՝ ապացույցների անբավարար լինելու պատճառաբանությամբ։

Դատարանը պաշտպանական կողմին հարցեր է ուղղել առ այն, թե «Ինչու՞ են պահանջում կոնֆիդենցիալ հանդիպումներ նիստերի ժամանակ, ոչ թե նախապես, ինչին ի պատասխան պաշտպանության կողմը նշել է՝ «Բանտի աշխատակիցները մերժում են փաստաբանի մուտքը լսումներից առաջ՝ առանց դատարանի ուղիղ թույլտվության»:

Դատարանը նաեւ հետաքրքրվել է, թե ինչու՞ է մերժվել դատական արձանագրություններին ծանոթանալու հնարավորությունը, ինչի կապակցությամբ փաստաբանը պարզաբանել է, որ առաջարկը եղել է նիստից ընդամենը 10 րոպե առաջ, ինչն անընդունելի է։

Նիստում ավարտվել է մեղադրական եզրակացության հրապարակումը, ինչից հետո դատարանը ընթերցել է բոլոր մեղադրանքները և յուրաքանչյուր հոդվածի համար նախատեսված հնարավոր պատիժները։

Այնուհետև դատարանը Վարդանյանին հարցրել է՝ արդյոք նա իրեն մեղավոր համարո՞ւմ է։ Առաջարկվել են երեք հնարավոր պատասխաններ՝ «Այո՛, ես ինձ մեղավոր եմ համարում», «ես ինձ մասամբ եմ մեղավոր համարում», «ես ինձ մեղավոր չեմ համարում»։

Մինչև պատասխանելը՝ Ռուբեն Վարդանյանը խնդրել է փաստաբանի հետ կոնֆիդենցիալ առանձնազրույց ունենալ։
Այնուհետև Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել ծավալուն ելույթով՝վերահաստատելով, որ ոչ մի հանցանք չի գործել, ընդգծել իրական դատական գործընթացի անհրաժեշտության մասին, այլ ոչ թե այնպիսի դատական գործընթացի, որը լի է դատավարական աղաղակող խախտումներով:

Ուշադրություն է հրավիրել, որ չի ստացել ստորագրված մեղադրական եզրակացությունը ո՛չ դատախազից, ո՛չ քննիչից, ո՛չ էլ թարգմանչից։ Շեշտել է, որ իրեն հասանելի չեն գործի նյութերն ու պատշաճ թարգմանությունը: Հայտարարել է, որ չի կարող պատասխանել դատարանի հարցին՝ իր գործում առկա դատավարական լուրջ խախտումների, ինչպես նաև մեղադրական եզրակացության էությունը հասկանալու անկարողության պատճառով, քանի որ ինքը հնարավորություն չի ունեցել պատշաճ կերպով ծանոթանալու դրան:

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Ռուբեն Վարդանյանը կրկին հայտարարել է հացադուլ, ինչի մասին հայտարարությունը փոխանցել է իր ընտանիքի անդամների միջոցով։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 25-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Ռուբեն Վարդանյանի պես սկզբունքային և հայրենասեր մարդն իր պահվածքով ապացուցում է, որ ինքն անկոտրում է և ունի զորեղ կամք՝ անարդարությունների դեմ համարձակորեն պայքարելու համար։
    Հայերիս համար Ռուբեն Վարդանյանը պետք է դառնա որպես արժանապատվություն և հայրենասիրություն ոգեկոչող կերպար, իսկ հայ երիտասարդության համար՝ ընդօրինակման արժանի անհատ։
    Նրանով հպարտացողների հեռակա զորակցությունն ենք փոխանցում անչափ դժվար վիճակում գտնվող մեր արժանանավոր հայրենակցին։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728