Հակակոռուպցիոն դատարանում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին այսօր նշանակված նախնական դատական նիստը չկայացավ: Դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը նախորդ օրը էլեկտրոնային փոստի միջոցով միջնորդություն էր ներկայացրել դատական նիստը հետաձգելու վերաբերյալ՝ հայտնելով, որ նույն օրը նույն ժամին անհրաժեշտություն է առաջացել ներկայանալու ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատուն հարցազրույցի մասնակցելու նպատակով:
Վարդան Ղուկասյանի եւ մյուսների ներկայացուցիչ Առնոլդ Վարդանյանը ի պատասխան հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ սույն գործով, ըստ էության, եղել է նշանակված երեք նիստ: Առաջին նիստը հետաձգվել էր նյութեր տրամադրելու պատճառաբանությամբ, որ իրենք մինչ օրս չեն ստացել առհասարակ ոչ մի բան, նախորդ դատական նիստը նշանակվել էր հունվարի 23-ին, այսինքն, ավելի քան մեկ ամիս առաջ եւ նման պայմաններում դատական նիստի հետաձգման միջնորդությունը ստացել է երեկ, աշխատանքային օրվա գրեթե ավարտին: Պատասխանողի ներկայացուցիչը ընդգծեց, որ այս մոտեցումը ընդունելի չէ՝ ելնելով գործի քննության ժամկետներից եւ մնացած առանձնահատկություններից:
Նիստը նախագահող դատավոր Նարինե Ավագյանը հայցվորի միջնորդությունը համարեց ոչ հիմնավոր, իսկ բացակայությունը դիտարկեց անհարգելի: Եվ հաշվի առնելով, որ պատասխանողի ներկայացուցչի տեսանկյունից անհրաժեշտ է, որպեսզի հայցվորը ներկա գտնվի, չեն կարող նիստը շարունակել հայցվորի բացակայությամբ: Դրանով պայմանավորված դատարանը այսօրվա գործի քննությունը շարունակել նպատակահարմար չի գտնում, թեեւ դատավարական տեսանկյունից, ըստ էության, որևէ խոչընդոտ չկար, որպեսզի նիստը շարունակվեր հայցվորի բացակայությամբ:
Պատասխանող կողմի ներկայացուցիչը արձագանքեց, որ եթե դատարանը գտնում է, որ քննարկման ենթակա հարցեր կան, ինքը դեմ չէ: Ի պատասխան, դատարանը նշեց, քանի որ անհրաժեշտ է, որ դատախազը լինի, որպեսզի դատավարական գործողությունը կատարվի, հետեւաբար իրենք չեն կարող դատական նիստը շարունակել:
Կարդացեք նաև
Միեւնույն ժամանակ դատարանն արձանագրեց, որ սա արդեն երկրորդ դեպքն է, որ հայցվորի կողմից նման վարքագիծ է դրսեւորվում, հետեւաբար, հաջորդ դատական նիստերի ընթացքում եթե նման վարքը շարունակվի, ապա դատարանը համապատասխան գործողություններ կիրականացնի հայցվոր կողմի նկատմամբ:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 10-ին, ժամը 11:30-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ