Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես երկրորդ ու երրորդ նախագահները նույնական չեն, այնպես էլ նույնական չեն, չեն եղել ու չեն կարող լինել նրանց թիմերը. «Փաստ»

Մարտ 06,2025 09:30

Այս օրերին հաճախ քննարկվող հարցերից մեկը քարոզչաքաղաքական հարթության վրա երկրորդ և երրորդ նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմնակիցների ու ներկայացուցիչների միջև ծայր առած հրապարակային բանավեճն է: Կան բնորոշումներ, որ դա առճակատում է, այլոք խոսում են տարաձայնությունների մասին, ուրիշները նախընտրում են ավելի սուր ձևակերպումներ: Մասնավորապես կարելի է լսել գնահատականներ, որ այդ ամենը «ընդդիմադիր ճամբարում» տանում է պառակտումների, որ նման հրապարակային «փոխհրաձգությունը» լավ դրսևորում չէ ու բացասական է անդրադառնում ընդդիմադիրների գործունեության վրա: Կան տեսակետներ, որ այդ ամենը միայն ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին: Հարկավ, այդ գնահատականների մեջ կա որոշակի ճշմարտություն:

Բայց մի կողմից՝ մենք չունենք ի սկզբանե միատարր «ընդդիմադիր ճամբար», որ այն մի հատ էլ պառակտվում է կամ տարանջատվում: Մյուս կողմից՝ իրական ընդդիմադիր ուժերը, տվյալ դեպքում՝ երկրորդ ու երրորդ նախագահների կողմնակիցները, եթե կուզեք՝ թիմերը, որքան էլ միմյանց հարցեր ունենան, նրանց քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը նույնն է, եթե ոչ՝ նույնական: Այն է՝ պետության ղեկից հեռացնել Նիկոլ Փաշինյանին ու նրա գլխավորած քպական թիմը, որպեսզի Հայաստանը առկա աղետային վիճակից դուրս գալու շանս ստանա: Սա էական հանգամանք է:

… Փաստացի հրապարակային դաշտում արձանագրվում է փաստը, որը միշտ ակնհայտ է եղել: Խոսքն այն մասին է, որ այս օրերին կնիք է դրվում այն իրողության վրա, որ ինչպես երկրորդ ու երրորդ նախագահները նույնական չեն, այնպես էլ նույնական չեն, չեն եղել ու չեն կարող լինել նրանց թիմերը: Պարզ է, որ գործ ունենք քաղաքականապես միանգամայն տարբեր ֆիգուրների և թիմերի հետ, որոնց մոտեցումներն էլ շատ ու շատ հարցերում տարբեր են: Հնարավոր է՝ նաև արմատապես: Սա, ի դեպ, նույնպես միանգամայն բնական երևույթ է օրգանապես ոչ նույնական միավորների պարագայում: Նման դեպքերում կարող են լինել համատեղ գործողություններ, առնվազն թիրախային հարցերում նույնիսկ ընդհանրություններ, բայց նաև սկզբունքային տարբերություններ՝ կապված միջոցների, մեթոդների, բազմաթիվ հարցերին մոտեցումների առումով:

Անկախ նրանից, թե որքանով են այս ամենից վատ զգում երկրորդ կամ երրորդ նախագահների կողմնակիցները, ընդհանրապես ընդդիմադիր դաշտի ակտորները, մեր կարծիքով, տեղի ունեցածից և տեղի ունեցողից մեծ ողբերգություն սարքելու, առավել ևս՝ դա որպես աղետի նման մի բան ընկալելու կամ ներկայացնելու կարիք հազիվ թե կա: Պարզ է, որ ինչպես երկրորդ նախագահն ու իր կողմնակիցները, այնպես էլ՝ երրորդ նախագահը՝ իր կողմնակիցներով, շարունակելու են քաղաքական պայքարը: Պարզ է, որ յուրաքանչյուրն ունի իր քաղաքական ու կազմակերպչական ռեսուրսները: Խնդիրը, կարծում ենք, այդ ճանապարհի, այդ պայքարի վերաբերյալ պատկերացումներն են:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31