Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի Թամազյան․ Հավանաբար շատ հարցերի պատասխաններ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ունի, և այդ պատճառով էլ չեն ուզում նրանց Հայաստանում տեսնել․ «Հրապարակ»

Մարտ 08,2025 10:30

Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է փոխանցել հայ ժողովրդին, որտեղ խաղաղության կոչ է հղել՝ հիմնված մարդկային հիմնարար արժեքների և արժանապատվության վրա, ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ում կամա թե ակամա նեղացրել է երբևէ, նշել է, որ երբեք չարությունից, գոռոզամտությունից և վրեժխնդրությունից դրդված որևիցե մեկին չի նեղացրել և եթե այդպես ստացվել է, ստացվել է իր կամքից անկախ: Ռուբեն Վարդանյանի այս ուղերձը շատերը համարեցին հրաժեշտի խոսք: «Հրապարակը» զրուցել է Ալավերդի համայնքի նախկին ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արկադի Թամազյանի հետ:

– Պարոն Թամազյան, իշխանությունների անտարբերությունը, անկարողությունը, գուցե` չարակամությունը բերեց նրան, որ այսօր Բաքվից Ռուբեն Վարդանյանը հրաժեշտի խոսք է հնչեցնում: Ձեր տպավորությամբ` դա ի՞նչ ելույթ էր:

– Այդ ելույթը հայրենասեր մարդու ելույթ էր, ելույթ էր մի մարդու, ով շատ է սիրում թե իր հայրենիքը, թե իր ժողովրդին: Նա այսօր գտնվում է Բաքվի բանտում, սակայն անգամ այդ դեպքում իր հայրենասիրությունն ու մարդկային բարձր որակներն է ցույց տալիս և պնդում, որ հայ լինելն իր համար մեծագույն արժեք է: Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից անգամ պնդում է, որ Հայաստանը, Արցախը իր համար եղել են ու մշտապես լինելու են մեծագույն արժեք: Նման մարդիկ հայ ազգի մեջ եզակի են, ցավոք…. ինչ վերաբերում է քաղաքական ղեկավարությանն, ապա ես կասեմ, որ նրանց անտարբերությունն ավելի շատ գալիս է նրանից, որ անգամ չեն էլ ցանկանում մեր հայրենակիցներին Հայաստանում տեսնել: Ռուբեն Վարդանյանը ևս իշխանությունների համար ցանկալի չէ:

– Ինչո՞վ են նրանք, այդ թվում` Ռուբեն Վարդանյանը, խանգարում իշխանությանը:

– Չեմ կարող հստակ ասել, հավանաբար շատ հարցերի պատասխաններ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ունի, որոշ խաղաքարտեր նրանց համար բացվել են և հենց այդ պատճառով էլ չեն ուզում այդ մարդկանց Հայաստանում տեսնել:

– Իսկ ի՞նչ եք կարծում` Վարդանյանի ուղերձն իսկապե՞ս հրաժեշտի խոսք էր:

– Չեմ ուզում հավատալ դրան, չեմ ուզում…. բայց այն, որ Ռուբեն Վարդանյանն ասաց իր սրտի խոսքը, միանշանակ էր:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31