Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Սրբազան. «Մարդու՝ Աստծո ներկայությունից հեռանալու որոշումը խախտեց ներդաշնակությունը, եւ մարդը արտաքսվեց Դրախտից»

Մարտ 08,2025 13:15

Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր ՖԲ ուղիղ եթերում դիմեց հավատավոր ժողովրդին.

«Բոլորում ենք մեկ շաբաթը 40-օրյա պահեցողության մեր ճանապարհորդության, եւ վաղը մենք միասին նշելու ենք Արտաքսման Կիրակին, ինչպես սահմանված է մեր եկեղեցու օրակարգով»,-ասաց սրբազանը եւ ընթերցեց Առաքելական պատգամը:

«Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ: Նա, որ իր որդուն չխնայեց, այլ մեր բոլորի համար նրան մահվան մատնեց, ինչպե՞ս նրա հետ ամեն բան մեզ չի շնորհի: Ո՞վ է, որ մեղադրելու է Աստծո ընտրյալներին: Աստված է, որ արդարացնում է: Իսկ արդ, ո՞վ է, որ դատապարտելու է: Քրիստոս Հիսուս որ մեռավ, հարություն իսկ առավ եւ Աստծո աջ կողմում է եւ բարեխոս է մեզ համար: Արդ, ո՞վ կարող է մեզ  բաժանել Քրիստոսի սիրուց. նեղությո՞ւնը, թե՞ անձկությունը, թե՞ հալածանքը, թե՞ սովը, թե՞ մերկությունը, թե՞ վտանգը, թե՞ սուրը: Ինչպես որ գրված է՝ Քեզ համար ենք մեռնում ամեն օր»:

Մարդու՝ Դրախտից արտաքսվելու, մարդու՝ ինքն իր որոշումը կայացնելու եւ Աստծո ներկայությունից հեռանալու ցանկությունը, մարդու եւ Աստծո հարաբերության մեջ մարդու կողմից կայացրած որոշումը, որը, փաստորեն, պատճառ դարձավ՝ խախտելու այն ներդաշնակությունը, որի կոչումն ուներ մարդը որպես թագավոր, ամբողջ արարչագործության տեր եւ պահապան եւ մշակ, եւ այդպիսով խախտելով նաեւ այդ կոչումը՝ զրկվեց Աստծո ներկայությունից, արտաքսվեց Դրախտից եւ սկսեց իր տառապանքով ճանապարհը՝ ետ վերադարձի միտումով եւ մղումով:

Ի՞նչ էր այդ պատմությունը, որը մեզ համար շատ հաճախ հեքիաթի տպավորություն է թողնում: Ոմանք հենց այդպես անցնում են վրայից: Բայց սա ուղղակիորեն արտահայտում է մեր կյանքը: Մարդը մեղք գործեց, խախտեց Աստծո պատգամը, կերավ այդ պտուղը, որը սահմանված էր չուտելու: Եվ փոխարենը, երբ Աստված շտապեց նրան հնարավորություն տալ ապաշխարելու, փոխարենը զղջալու, ապաշխարելու եւ ընդունելու իր մեղքը, նա ինքնաարդարացմամբ ձգտեց իր կատարած քայլը արդարացնել: Բոլորը մեղավոր դարձան իր շուրջը, բացի իրենից: Ամեն ինչ մեղքի մեջ էր, մեղք էր, պատճառն էր, բացի ինքը:

Այդպես տեղի ունեցավ: Եվ երկու հնարավորություն, կարծես, ընձեռվեց մարդուն՝ զղջալու համար, այդ մեղքը ընդունելու, սակայն նա փորձեց ինքնաարդարացմամբ ինքն իրեն այդ մեղքից զատել եւ ոչ թե ընդունել, զղջալ եւ ներդաշնակության մեջ ապրել»,-ասաց Բագրատ Սրբազանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31