Լրահոս
Օրվա լրահոսը

Սուսաննա Հարությունյանը մինչեւ իր գրքի ներկայացնելը՝ անդրադարձ է կատարել ցեղասպանությանն ու ղարաբաղցիների հայրենազրկմանը, դրանք համարելով մեկը մյուսի շարունակությունը

Ապրիլ 08,2025 17:42

«ԱՐԻ» գրական գործակալության հեղինակներից, արձակագիր Սուսաննա Հարությունյանը վերջերս Ֆրանսիայի Նանսի քաղաքում անցկացված գրքի փառատոնին մասնակցել է վրացի, հույն, իրանցի, պաղեստինցի և բոսնիացի գրողների հետ հանդիպումներին ու քննարկումներին:

Թեմաներն էին «Պատմության ընթացքում փշրված կյանքեր», «Վիպագիրներ, հոգու և ժամանակի պատմիչներ» և «Բազմալեզու ասմունք»:

Փառատոնի ընթացքում ներկայացվել է Սուսաննա Հարությունյանի «Ագռավները Նոյից առաջ» վեպի հրատարակությունը, որը հրատարակվել է Les Argonautes Editeur հրատարակչության կողմից: Վեպի թարգմանիչն է Նազիկ Մելիք Հակոբյան-Թիերին: Արձակագիրն ընթերցողների հետ հանդիպումներ է ունեցել նաև Ալֆորվիլ և Մեծ Ժերմեն քաղաքներում:

Հանդիպեցինք արձակագրի հետ, խնդրեցինք մեզ հետ կիսվել ստացած տպավորություններով: «Այսօր, երբ աշխարհը փոփոխվում է ժամ առ ժամ, այլ մշակույթի հետ ծանոթանալը ոչ միայն հաճելի է, այլև անհրաժեշտ։ Հետաքրքիր է ոչ միայն այն, թե ինչ է գրում այլ երկրում ապրող գրողը, այլև՝ ինչպես է ապրում։ Այս անգամ ես հայտնաբերեցի, որ անճանաչելի փոխվել է ֆրանսիական գրականությունը։ Այնտեղ շոշափելի շերտ են կազմում ներգաղթյալ գրողները, որոնցից ոմանք գրում են իրենց մայրենի լեզուներով», – նշեց տիկին Հարությունյանն, այնուհետև ասաց. «Նանսի գրքի փառատոնին ինձնից բացի իրանցի, լիբանանցի, աֆղան, իրաքցի, թուրք, հույն հեղինակներ և էլի տարբեր ազգային պատկանելության գրողներ էին մասնակցում: Նրանց մեծամասնությունը, տարբեր պատճառներով, այսօր չեն ապրում իրենց հայրենիքում, ստիպված լքել են սեփական երկրները: Շատ դաժան պատմություններ էին պատմում իրենց հայրենիքների ավտորիտար և բռնապետական ռեժիմների իրականության, կանանց սպանությունների մասին և հիմա, եվրոպական հեռուներից շարունակում էին գրել իրենց այնտեղ մնացած հայրենակիցների մասին։ Փոքրիկ փառատոն էր, ընդամենը 30 մասնակցով, որոնցից ամեն մեկը մի աշխարհ ու մի ամբողջ երկրի խնդիրներն էր վեր հանում գրականության միջոցով։ Մեծամասամբ նրանց գրականության թեման իրենց երկրներից իրենց արտաքսման, այնտեղ կանանց իրավունքների և այդ երկրների հասարակության մեջ տեղ գտած թերությունների մասին էր։ Ես , հավանաբար, միակն էի, որ խոսեցի ցեղասպանության և պատերազմի մասին։ Համենայնդեպս այն միջոցառումների ընթացքում, որոնց մասնակցել եմ։ Ինչն, ի դեպ, մեծ հետաքրքրություն առաջացրեց»:

Հետաքրքրությանը, թե ապահով երկրում, մեծ հաշվով անհոգ ապրող մարդը հասկացա՞վ կամ գոնե ընկալե՞ց մեր ցավը, տիկին Հարությունյանը պատասխանեց. «Իրավացի եք, սկզբում, ինչպես ասացիք, վախ կար՝ ապահով երկրում, անհոգ ապրող ընթերցողը ի՞նչ կարող է հասկանալ մեր ցավից։ Բայց հանդիպումների հենց սկզբից այդ վախը ցրվեց: Դահլիճում կային մարդիկ, որոնք տեղյակ էին մեր պատմությունից, օրինակ, մի հույն կին շատ գովեց մեր հայոց լեզուն, որպես աշխարհի հին և հարուստ լեզուներից մեկի… Չեմ խոսում այն ակնածանքի ու հարգանքի մասին, որով ինձ ընդունեցին փառատոնի կազմակերպիչները. կարծում եմ Ֆրանսիայի հայ համայնքի հանդեպ եղած հարգանքն էր նաև, որ տեղափոխվեց ինձ վրա։ Ի դեպ, գրքիս մասին դահլիճից տալիս էին հարցեր, որոնցից պարզ էր, որ բոլորը կարդացել են այն, ինչը ևս հաճելի էր»։

Մեր զրուցակցին խնդրեցինք համառոտ ներկայացնել «Ագռավները Նոյից առաջ» վեպի իր հերոսուհուն, մեր դիտարկմամբ ուժեղ կին անհատին` Նախշունին:

«Թեև համաշխարհային թատերաբեմում գործող անձը ժողովուրդն է, բայց նրան առաջնորդողը, պայքարը ճիշտ ուղղորդողը ուժեղ անհատն է։ Այո, ճիշտ որակեցիք հերոսուհուս` Նախշունին: Նա ևս առաջնորդ է, սեփական կյանքի, ապրելու կամքի առաջնորդը։ Որքան էլ զարմանալի լինի, նրա պայքարը սեփական ճակատագրի հետ է. ապրելու համառությամբ նա փորձում է հարթել ճակատագրի խութերը։
Համաշխարհային պատմության մեջ ցանկացած ցեղասպանությունից և պատերազմից հետո մնում են կանայք, որոնք բռնության զոհեր են, թշնամու պիղծ արյունը վերարտադրողներ, բռնության հետևանքով ծնված` չսիրված երեխաներ. Ահա այս մասին է իմ վեպը»,- հայտնեց տիկին Հարությունյանն, ապա հավաստիացրեց, թե հանդիպումների ժամանակ, մինչ գրքի ներկայացնելը, անդրադարձ է կատարել ցեղասպանությանն ու ղարաբաղցիների հայրենազրկմանը, դրանք համարելով մեկը մյուսի շարունակությունը:

Զրույցի ավարտին, Սուսաննա Հարությունյանը տեղեկացրեց, որ մայիսի վերջերին կմեկնի Իսպանիա, որտեղ` Մադրիդի գրքի փառատոնի շրջանակներում կկայանա վերոնշյալ վեպի իսպաներեն շնորհանդեսը:

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարները` Նանսի գրքի փառատոնից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանուշակ says:

    Մենք կուզենայինք լինել գրողների միության նախագահի կնոջ մտերիմ ընկերուհին…

Պատասխանել Մանուշակ

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930