Ըստ Էմմա Բեգիջանյանի՝ «Իրանի վրա հարձակումն Իսրայելի երազանքն է։
Նեթանյահուն ու իր խիստ աջակողմյան կառավարությունն ամեն կերպ ուզում են ԱՄՆ-ին համոզել, որ Իրանի վրա հարձակումը տեղի ունենա»։
«Իրանը նաեւ այս առումով ուզում է ասել, որ բոլոր դեպքերում Իրանի ուշադրության կենտրոնում է սահմանների հարցը, անգամ, եթե լինի հարձակում նրա դեմ»,-«Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի եւ Իրանի համատեղ զորավարժություններին՝ այսպիսի կարծիք հայտնեց իրանագետ Էմմա Բեգիջանյանը:
Հիշեցնենք՝ ապրիլի 9-10 համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին Հայաստանի պաշտպանության նախարարությունն էր հաղորդել՝ նշելով, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում:
Կարդացեք նաև
Հարցին՝ այս պահին էսկալացիայի վտանգ տեսնո՞ւմ եք, թե՝ այս զորավարժությունները վկայում են հայ-իրանական հարաբերությունների խորացման մասին, Էմմա Բեգիջանյանը պատասխանեց. «Ադրբեջանը միշտ նախապատրաստվում է էսկալացիայի։ Միլիարդներով զենք է գնել Իսրայելից ու թեեւ դա կարող է նաեւ Իրանի դեմ կիրառվել, բայց ՀՀ-ն է Ադրբեջանի թիվ մեկ թշնամին իրենց դասագրքերով։ Ուրեմն դրանք ՀՀ-ի համար են նախապատրաստվում»։
Հաշվի առնելով այն, որ Իրան-ԱՄՆ փոխհարաբերությունները լարված են՝ իրանագետը չբացառեց նաեւ, որ Իսրայելի ղեկավարությամբ հարձակում լինի Իրանի միջուկային օբյեկտներին. «Չի բացառվում Իրանի վրա հարձակում լինի։ Ընդհանուր առմամբ, Ամերիկան հակված չէ։ Դա Իսրայելի երազանքն է։ Նեթանյահուն ու իր խիստ աջակողմյան կառավարությունն ամեն կերպ ուզում են ԱՄՆ-ին համոզել, որ Իրանի վրա հարձակումը տեղի ունենա»։
Մեր հարցին՝ հաշվի առնելով նաեւ Իրանի նկատմամբ ճնշումները՝ չեք կարծո՞ւմ, որ հիմա ռիսկային է Իրանի հետ նման զորավարժությունների անցկացումը՝ նաեւ նկատի ունենալով ԵՄ-ի, Թրամփի վերաբերմունքը Իրանի նկատմամբ, Էմմա Բեգիջանյանը պատասխանեց. «Եվրամիությունն ու Թրամփն արդյոք կանե՞ն այն, ինչ կանի Իրանը։ Իրենց ծրագրերի մեջ ՀՀ-ն հարյուրերորդ տեղում է։ Նրանք ՀՀ-ին դիվանագիտական առումով անընդհատ հովանավորում են, բայց ոչ գործնական առումով։ Գործնականում կարծում եք Ֆրանսիան կբերի՞ իր զորքերը Հայաստան։ Եվրոպան էլ է այդ՝ այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի շահագործմանը կողմ։ Այնպես որ, մենք պետք է նայենք՝ ինչ են մեր սեփական շահերը թելադրում։ Իրանը միակ երկիրն է, որի շահերն այս հարցում, որն ազգային անվտանգության հարց է, համընկնում են մեր շահերի հետ։ Իրանն ուզում է, որ հայ-իրանական սահմանն անփոփոխ մնա եւ հետագայում իր ապագայի համար դրանով գնա դեպի Եվրոպա։ Հենց այն Եվրոպա, որն այսօր ավելի մեղմ քաղաքականություն է վարում Իրանի հանդեպ։ Եթե սահմանը հանկարծ փակվի, ինչպես Ադրբեջանը հայտարարում էր, Իրանը միայն Ադրբեջանի հետ է սահման ունենալու։ Այսինքն՝ կարող է տարածքային նկրտումները, որ Իրանի նկատմամբ ունեն, կյանքի կոչեն»։
Էմմա Բեգիջանյանի փաստմամբ՝ Իրանի վրա իսրայելա-ամերիկյան հարձակումը մեզ համար աղետաբեր կարող է լինել. «44-օրյա պատերազմում Ադրբեջանի կիրառած զենքերի 70 տոկոսը իսրայելական էին։ Իսրայելը հենց այնպես չի տվել դրանք Ադրբեջանին։ Հիմա, այսպես կոչված, ազատագրված տարածքներում հիմնականում Իսրայելի ընկերություններն են։ Ասում են, որ ռազմաբազաներ էլ կան։ Այնպես որ, ոչ մի բան հենց այնպես չի լինում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.04.2025