Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինսկի խումբը լուծարելու մասին հայտարարությունը տարօրինակ է, քանի որ հակամարտությունը որեւէ կերպ հաղթահարված չէ»․ Ավետիք Չալաբյան

Ապրիլ 15,2025 16:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներն Ազատության հրապարակում տեղադրված վրանում հանդիպում են անցկացնում «ՀայաՔվե» նախաձեռնության անդամների հետ։

Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն ասաց, որ հետագա պայքարի շրջանակներում չպետք է նահանջ լինի արցախցիների վերադարձի իրավունքի հարցից։ «Գործող վարչակարգի ղեկավարն այսօր հայտարարեց, որ Արցախի հակամարտությունը հաղթահարված է, ուստի Մինսկի խումբը պետք է լուծարել։ Եվ դա շատ տարօրինակ հայտարարություն է այն իմաստով, որ հակամարտությունը որեւէ կերպ հաղթահարված չէ, որովհետեւ՝ պարզ չէ, թե այդ հակամարտության լուծումը որն է։ Լավ կլիներ, ինքն ասեր, թե լուծումը որն է։

Եթե Արցախի օկուպացիան եւ արցախցիների տեղահանումը, ունեզրկումը, իրավազրկումը լուծում է համարվում, ապա ես ուզում եմ հայտարարել, որ մենք՝ որպես ՀՀ քաղաքացիներ, դա բնավ չենք համարում լուծում կամ հակամարտության ավարտ։ Ընդհակառակը, հակամարտությունը սկսվել է հենց այն պատճառով, որ խորհրդային Ադրբեջանում կային արցախահայերի իրավունքների խախտումներ, եւ ի վերջո դա բերեց հակամարտության։ Հիմա այդ իրավունքները խախտումները ոչ միայն վերացված չեն, այլ հակառակը՝ ամենածայրահեղ ցեղասպան բնույթ են կրել։ Շատ կարեւոր է, որ դուք այդ ձեր իրավունքին տեր լինեք, եւ մենք էլ բոլոր հնարավոր միջոցներով աջակցելու ենք ձեզ»,- ասաց նա։

Չալաբյանն ասաց, որ չի կարելի խաղաղության փաստաթուղթ կնքել այն դեպքում, երբ հումանիտար խնդիրները չեն լուծվել։ «Առնվազն 23 անձ հիմա պաշտոնապես որպես պատանդ են պահված Բաքվում։ Եվ տարբեր տվյալներով՝ եւս 80 մարդ թեեւ անհետ կորած են համարվում, բայց ամենայն հավանականությամբ՝ գտնվում են գերության մեջ։ Դա կարեւոր խնդիր է, որը եւս պետք է լուծվի»,- հավելեց նա։

Չալաբյանի խոսքով՝ կարեւոր է, որ լուծվեն արցախցիների սոցիալական խնդիրները, ինչպես նաեւ կարեւոր է, որ արցախցիներն ապրեն կոմպակտ, եւ իրենց համայնքները չխարխլվեն։ Ուստի, բնակարանային ծրագիրը պետք է ավելի իրատեսական դարձվի եւ համապատասխանեցվի առկա շուկայական իրավիճակին՝ թիրախում ունենալով այն, որ արցախցիները կարողանան կոմպակտ համայնքով ապրել որոշակի բնակավայրերում՝ պահպանելով իրենց համայնքային կյանքն ու ինքնությունը։

Անդրադառնալով արցախցիների քաղաքացիության հարցին՝ Ավետիք Չալաբյանն ասաց․ «Արցախցիները միաժամանակ կարող են լինել եւ Արցախի Հանրապետության քաղաքացի, եւ ՀՀ քաղաքացի։ ՀՀ օրենսդրությունում երկքաղաքացիությունն արգելված չէ, բազմաթիվ անձինք ունեն եւ ՀՀ, եւ այլ երկրների քաղաքացիություն։ Եվ այն, որ արցախցիները 2023 թվականին Հայաստան գալուց հետո անսպասելի կերպով ապօրինի զրկվեցին քաղաքացիությունից, դա ոչ միայն դատապարտելի է, այլ նաեւ բոլոր հնարավոր միջոցներով հիմա պետք է այդ հարցը լուծվի։ Եվ արցախահայերի՝ ՀՀ քաղաքացիության իրավունքը պետք է վերականգնվի։ Մենք այդ ուղղությամբ որոշակի քայլեր սկսել ենք իրականացնել, եթե դուք էլ հետամուտ լինեք, պատրաստ ենք համագործակցել»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930