«Ստեղծագործողն ապրելով հասարակության ներսում, աշխարհին նայում է այլ հայացքով, վերլուծում է այդ իրականությունը այլ տրամաբանությամբ, առանձնացնում է կարեւորը ոչ այնպես, ինչպես մարդը, որն ապրում է սովորական երկրային կյանքով կամ այլ կերպ՝ կենցաղում: Բայց ինչու ինքս ինձ չէի փնտրում սեփական մտորումների ներսում: «Խաչելությունը» շարունակվում է: Նա՝ Աստվածամայրը, Գողգոթա է բերում ոչ թե մարմինը, այլ հոգին ու աշխարհը սեփական զավակի, որ մեր բոլորից է ծնունդ առել, ողջ մարդկությունից, ինչպես անցյալի, այնպես էլ ներկայի ու ապագայի: Եվ այդժամ ինձ թվում է, թե իմ մեջ ապրում են տասնյակ նկարիչներ, պոետներ ու ճարտարապետներ: Երկրի Տերեր: Բարոյակա՞ն է լինել Աստծո ծառան եւ չհավատալ Աստծուն: Չավելացնել ստեղծվածին մեկ այլ ստեղծվածք: Բայց չէ՞ որ հաճախ է այդպես լինում»:
Օրեր առաջ իմ արխիվից գտա 1989-ին Երեւանի Վաղարշյան 30 ընտրական տարածքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Անգալադյանի հետ անտիպ հարցազրույցս ու գրառումները, նրա նախընտրական ծրագիրը: Այդպիսի ծրագրեր պահպանված են, բայց այն ներկայացնողները փոխել են իրենց գաղափարական, քաղաքական հայացքները, Անգալադյանի պարագայում այլ է:
Ինչպես հայտնի է, անվանի մտավորականը, գրող, արվեստաբան Ռուբեն Անգալադյանը 1989-ին ստեղծել եւ ղեկավարում էր գիտության եւ մշակույթի գործիչների «ԱՐՄԵՆԻԱ-88» ասոցիացիան, որում ընդգրկված էին 60 փոքր ձեռնարկություններ, 300 գիտնականներ, ճարտարապետներ, գրողներ, ինժեներներ, երաժիշտներ:
Գրող, անկուսակցական արվեստաբան Ռ. Անգալադյանի գործունեության շնորհիվ այդ տարիներին աշխարհի տասնվեց երկրների համալսարաններ, մշակութային, գիտական կենտրոններ «ԱՐՄԵՆԻԱ-88»-ի հետ հաստատել էին գործուն կապեր:
Կարդացեք նաև
Նա իմ հարցին, եթե ընտրվի պատգամավոր, ինչ պետք է անի, պատասխանել էր. «Խորհրդարանում զբաղվելու եմ արտաքին եւ ներքին տնտեսական համակարգ ստեղծելու խնդրով: Դրա համար հարկավոր է ճանաչել հայ ազգի երեք ուժերին, որոնց վրա հենվում է յուրաքանչյուր ժողովուրդ. ֆիզիկական, ֆինանսական, քաղաքական:
Պարզ ասած, ինչքան ենք, ինչ քաղաքական փորձ ունենք, որքան է մեր ազգային հարստությունը»:
«Հայաստանը կորցնելով իր արեւմտյան տարածքները, կորցրեց ճանապարհների 50 տոկոսը, իսկ Նախիջեւանի եւ Արցախի, ինչպես նաեւ Կարսի գավառների անջատումը, մեզանից խլեց ճանապարհների եւ 25 տոկոսը»,-նշել էր նա:
Ըստ Ռ. Անգալադյանի ծրագրի, աշխարհաքաղաքական մեր դիրքը թելադրում է իր խնդիրները, մյուս կողմից, նա կարեւորում էր. ինչով է հարուստ մեր ժողովուրդը:
Ծրագրում, որը հավանաբար, պահպանված լինի նաեւ ԿԸ հանձնաժողովի արխիվներում, ինչպես ինձ մոտ, ասվում էր. «Մենք պետք է ձգտենք այս մեծ ռեգիոնում` հյուսիսային Կովկասից մինչեւ Արաբական Էմիրաթներ, Հունաստան ու Լիբանան, ձեռք բերել որոշակի արժեք: Հայազգի հիշյալ երեք ուժի կարողությունը մեզ հուշում է, որ Հայաստանը կարող է լինել այս ռեգիոնի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ»:
Իսկ սահմանների հետ կապված, հարգարժան մտավորականը նշել էր. «Մենք պետք է ձգտենք պաշտպանենք մեր սահմանները ոչ միայն ֆիզիկական ուժով, այլ՝ մեր հզոր մտքով»՝ բերելով Շվեյցարիայի օրինակը:
Մասնավորապես, նա գտնում էր, որ Շվեյցարիան Եվրոպայի ֆինանսական կենտրոնն է, բայց մինչեւ անգամ ֆաշիստական Գերմանիան չհամարձակվեց հարձակվել նրա վրա, իսկ սովետները տարածելով կոմունիզմի գաղափարները ողջ աշխարհում, չցանկացան նրան ներսից ներկել կարմիրով, միայն այն պատճառով, որ «կխափանվեր ֆինանսական համակարգի աշխատանքը աշխարհի մասշտաբով»:
Անգալադյանը մեր զրույցի ժամանակ նաեւ ասել էր, որ մենք իրավունք չունենք զբաղվել ամեն ինչով, մենք պետք է ընտրենք չորս-հինգ կարեւորագույն ուղղություններ, դրանք հասցնելով համաշխարհային մակարդակի, եթե ոչ, կհամալրենք աշխարհի հետամնաց պետությունների շարքը անհատների, ու մարմինների ուշադրության կենտրոնում:
Հաշվի առնելով ժամանակահատվածը, որում նա առաջադրվել էր, նա չէր մոռացել նաեւ աղքատության սահմանից ցած հայտնված մեր հայրենակիցների մասին, որոնք պետք է, ըստ նրա, գտնվեն կառավարող անհատների եւ մարմինների ուշադրության կենտրոնում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ.-Առողջական խնդիրներով պայմանավորված՝ 78-ամյա Ռ. Անգալադյանը ներկայում գտնվում է ԱՄՆ-ում:
«Առավոտ» օրաթերթ
16.04.2025