Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք օտարին տվեցինք մեր ամբողջականության բանալիները». Ռուբեն Անգալադյան

Մարտ 15,2023 13:00

ԱՄՆ-ում գտնվող գրող, մշակութաբան, փիլիսոփա, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն ԱՆԳԱԼԱԴՅԱՆԻ հետ հեռավար զրույցս փետրվարին էր, երբ Լաչինի միջանցքը փակ էր, փետրվարի քսաներկուսին արդարադատության միջազգային դատարանն էլ վայրկյաններ առաջ կայացրել էր որոշում, իսկ «Ապագա հայկականը» առաջին համահայկական համագումարն էլ չէր սկսել իր աշխատանքները: Ներկայացնում եմ նրա մտորումները այս ձեւաչափով.

– Ամենակարեւոր հարցը մնում է բաց: Ազգը մնացել է անտեր: Պետությունը մի մասն է կազմում մեր ազգի: Ազգը տեր չունի: Ազգը ապրում է մի կյանքով, մենք չենք տեսնում այդ կյանքը: Ազգն ունի իր ճանապարհը: Այդ ճանապարհը մենք մեր ձեռքից բաց ենք թողել:

Մենք այդպես էլ չհասկացանք, որ ազգը Հայաստանում ապրողները չեն:

Մեր սփյուռքը հրեական սփյուռքի հետ ընդհանրություններ ունի: Միակ տարբերությունն այն է, որ հրեական սփյուռքը ներս է ընդունում իր ազգակիցներին, մերը՝ բաց թողնում: 1949 թվականին, երբ եկան Հայաստան, հայերի մի մասը մնաց: Մյուս մասը գնաց: Հրեաները չթողեցին, որ իրենց ազգակիցները հեռանան, հայերը՝ հակառակը, մինչ օրս թողնում են, որպեսզի մարդիկ հեռանան երկրից… քսանհինգ տարվա մեջ չորս միլիոն մարդ ավելացավ:

Այս պահին կարող եմ փաստել. մենք օտարին տվեցինք մեր ամբողջականության բանալիները: Իսկ մենք դեռ քննարկումների մեջ ենք: Ժամանակն է, ստեղծել նոր կոմիտեներ, ոչ միայն Հայաստանում, այլ սփյուռքում: Պետք է ներկայացուցչական դարձնեն իրենց ձայնը, այն նաեւ՝ իրավական ուժ պետք է ունենա:

Մենք պետք է գտնենք մարդկանց, ովքեր լավ գիտեն համայնքը, ովքեր ուզում են օգտակար լինել իրենց ազգին: Սուբյեկտը մեր ազգն է: Ազգը զիջում է, որովհետեւ նրա գլխին անընդհատ տալիս են. ձախից, աջից:

Ինձ հարցնում են այստեղ. «Ազնիվ մարդկանց որտեղից գտնենք, որոնց խոսքին հավատանք»: Ազնիվ մարդիկ կան: Մենք պետք է գիտակցենք, որ կորցնում ենք, մենք ամեն ինչին հավատում ենք եւ՝ ամեն ինչին չենք հավատում: Մեզ պետք են գաղափարներ, որոնցով ճանապարհ ընկնենք, շարժվենք առաջ:

Տարիներ առաջ ես իմ հոդվածներից մեկում՝ «Հայկականության կրողները Հայաստանում, սփյուռքում եւ նրանց առանձնահատկությունները» ներկայացրեցի մի իրավիճակ, որը գրեթե նույնն է: Ներկայումս հայ ժողովուրդը խեղդվում է տեղեկատվական, ներազգային կապերի առատությունից, մյուս կողմից՝ գոյություն չունի այն իրական տեղեկատվությունը, որը կարող է շտկել ազգային կյանքի գոյության շատ կարեւոր դրույթներ: Երկրորդականը ամենուր բթացնում է ժողովրդի մտածողությունը, եւ ձգտում է զբաղեցնել հիմնական տեղ: Հենց դրանով է բացատրվում այն փաստը, որ ժողովուրդը չի կարող կողմնորոշել իրականությունը, այն, թե ումից է դուրս գալիս հավաստի միտքը, օգտակար տեղեկատվությունը, հատկապես ո՞ր կապերն են անհրաժեշտ (ոչ ազգակցական, ոչ համայնքային, ոչ պատահական, ոչ բարեկամական, ոչ արհեստավարժ, այլ բոլորը միասին հավաքական, ժողովրդի եւ պետության համար անհրաժեշտ): Ժողովրդի հավաքական կամքը եւ միտքը չեն մշակել ընտրության չափանիշները, որը կլիներ կյանքին համարժեք, նրա հիմնական խնդիրը, եւ ոչ թե իրավիճակային հիմնահարցը: Ազգը չի կարող գլուխ բերել այդ ծավալուն, երկրոդական, եւ այդ շարադրմամբ ոչ պիտանի տեղեկատվությունը, որովհետեւ այն դասակարգված է պատահականորեն, եւ չի կրում ժողովրդի իրական կամքն ու շահերը:

Պատրաստեց Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
14.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031