Լրահոս
Օրվա լրահոսը

«Խելացին ջախջախված է: Մեզ պետք էին Ռուբեն Վարդանյանի նման մարդիկ». Ռուբեն Անգալադյան

Հոկտեմբեր 11,2023 13:00
Ruben Angaladyan

Հարցազրույց մշակութաբան, էսսեիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Անգալադյանի հետ

– Պարոն Անգալադյան, դուք մեկ շաբաթով Փարիզում էիք: 44-օրյա պատերազմից հետո չհաշված ձեր առողջության հետ կապված երկրից դուրս գալը, դարձյալ կարճ ժամանակով, դուք արտերկիր չեք գնում: Ինչո՞ւ էիք Ֆրանսիայում:

– Իմ՝ Ֆրանսիա գնալն ունի իր նախապատմությունը: Փարիզը վեց տարի առաջ ներկայացրել եմ «Երեւան-Փարիզ» («Նրանց չարությունից ավելի ուժեղ է մեր վարդերի թերթիկների քնքշությունը», 1915-40) պատկերազարդ գրքում, որը լավ ընդունվեց, եւ դա առիթ էր գնալու: Ես լավ գիտեմ Փարիզը: Գիտեմ, թե դրական կողմերը, թե բացասականը, նրա սիրտն ու տրամադրությունները: Այնտեղ տեսա Ռուսաստանից գնացած հայերի, որոնց Փարիզը լավ է ընդունում: Սակայն դա ինձ չի բավարարում: Իմ սրտով չէ: Ուզում եմ հայն ապրի իր հայրենիքում:

– Կարծես հիմա էլ շատերն են մեկնում: Այս տարվա հունվար-ապրիլ ժամանակահատվածում, պաշտոնական տվյալների համաձայն, ՀՀ փաստաթղթերով Հայաստանից մեկնածներն ավելի շատ են՝ 18 250, քան այցելածները:

– Այո, որովհետեւ չի կարելի արժանապատվությունը դարձնել խաղալիք. «սա Հայաստանն է, եւ վերջ», «կամ ես եմ, կամ՝ վերջ» … ստերով: Մենք պարտվեցինք, երբ ստախոսները եկան իշխանության, երբ ստախոսը մեկ ձեռքը բացեց, մեկ վիրակապով փակեց, մեկ նորից կապեց… մենք շատ ռոմանտիկ ենք այսքան փորձություններից հետո էլ, մազապուրծ եղածը գրում է. «Ես թողեցի տունս, տեղս, չմոռացա լույսս անջատել… .»: Մեր ըմբռնումը ո՞րն է: Երբ պիտի հասկանանք, որ քո թշնամուն պիտի դարձնես շուն, մռութին տաս, պատրաստ լինես, երբ նա ոտը կդնի մեր հողին:

– Պատերազմից մի ամիս առաջ էլ իշխանության եկած քպականներն ասում էին՝ պատերազմ չի լինի:

– Ո՞վ էր ասում, փոքր մարդի՞կ, իրենց շահից այն կողմ չտեսնողնե՞րը: Այսքանից հետո տարօրինակն այն է, որ նրանք իրենց լավ են զգում, բարգավաճում են, տներ ձեռք բերում, մեզ ասես ձեռ առնում…

– Ի՞նչ պիտի անենք:

– Հավաքել գիտական միտքը, գիտնականներին, զենք ստեղծել:

– Պատերազմից հետո տեսանք, որ զենք ունեինք, ցուցադրում է թե Բաքուն, թե խաղաղապահը: Բայց մենք առանց զենքի հեռացանք մեր օջախներից, տներից:

– Դու առաջին մարդը չես, որ դա ինձ ասում է: Խոսքն ատոմային կամ այլ զենքի տեսակի մասին չէ… Կան զենքեր, որոնք երբեք չեն «նյութականացվել»: Մենք չհաղթեցինք ֆիզիկապես, ես կողմնակիցն եմ դրա, այլեւս չեմ տեսնում առաջընթացը:

Եթե չենք անի, հազար տարին կջնջենք: Չես կարող անպատրաստ վիճակում ասել՝ ուզում եմ կռվել:

– Այդ նույնը կարծես ՌԴ նախագահն ակնարկեց օրերս իր հայտնի ասուլիսի ժամանակ. «Ոչ, մենք չենք կարող դրան գնալ, մենք պայքարելու ենք, մենք պատերազմելու ենք … Մենք առաջարկում էինք Ադրբեջանի հետ պայմանավորվել այնպես, որ երկու շրջանները՝ Քելբաջարն ու Լաչինը, փաստացի մնան Հայաստանի իրավազորության տակ։ Եվ ամբողջ Ղարաբաղը։ Բայց հայկական ղեկավարությունը դրա հետ չհամաձայնեց, չնայած մենք շուրջ մեկ տասնամյակ փորձում էինք համոզել նրանց։ 10-15 տարի… մեզ պատասխանում էին՝ կկռվենք»:

– Հիշում եմ, երբ Պուտինը երկու-երեք տարի արդեն նախագահ էր, հանդիպեց Ռուսաստանի հայերի հետ, Արա Աբրահամյանն էր հավաքել: Հարցրեց, ինչ խնդիրներ կան, ասեք, քննարկենք, լուծում տանք, հասկացնելով, որ նա «թիմ» է ուզում հավաքել հայերի, հրեաների… մեջ: Անպատրաստ էին հայերը՝ մեծահարուստները եւ ոչ անխելքները:

Մեկը «բուդկա» ուզեց, մեկը ինչ-որ համայնքային տարածքի հարց բարձրացրեց, մինչդեռ պետք էր ԾՐԱԳԻՐ, հասկացնելով «Պյոտր առաջինին», որ երեք հարյուր տարի հայերս ձեզ ենք օգնել, հիմա կրկին պատրաստ ենք, դրանով սիրտը կշահեին, իսկ մենք ներկայացանք բացասական:

Ազգի մի մասը գտնվում է Հայաստանում: Մենք պիտի այսքանից հետո գոնե հասկանանք, որ որեւէ մեկը չի կանգնի մեր կողքին: Երբ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ասում է՝ «պատրաստ եմ կանգնել ձեր կողքին», ինքն իրեն է փրկում: Մինչեւ անգամ ՄԱԿ-ը պատրաստ չեղավ մեր կողքին կանգնել: Նրանք որեւէ բանի պատրաստ չեն:

Ցեղասպանությունից հետո էլ նրանք նույն կերպ վարվեցին:

Երբեւէ մտածել ես, թե երբ թուրքերի հայրը՝ Աթաթուրքը հայ որբ աղջկան իր տուն տարավ, ինչ քայլ էր դա, ինչ փորձեց մեզ հասկացնել:

– Պարոն Անգալադյան, որքանով տեղյակ եմ, դուք ճանաչում էիք գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ով վերջին ինն ամսում Արցախում էր, եւ առեւանգվել է Հակարիի կամրջից, գտնվում է Բաքվի բանտում:

– … Գտնում եմ, որ Ռուբեն Վարդանյանը համապատասխանում էր, որպես մարդ, այսօրվա մարտահրավերներին, նա կարող էր համախմբել: Կան մարդիկ, ովքեր չեն համապատասխանում, օժտված չեն կառավարման փորձով եւ հոգեւոր խնդիրների շուրջ համախմբման ունակություններով:

Տարօրինակն այն է, որ չհամապատասխանող հայն է ղեկավարում: Մենք չկարողացանք, չիմացանք՝ ով է խելացի, ով հակառակը, ով է պոռնիկ, ով պոռնիկ չէ: Մենք մեծ ազգ ենք, մոտ տասը միլիոն, բայց չօտվեցինք մեր առավելություններից, կապերից: Մեզ հետ չուզեցին գործի մեջ մտնել: Խելացին ջախջախված է, ոնց որ այն բաժակը, որն ընկնում է եւ չես կարողանում մեջը ջուր լցնել:

Ռուբեն Վարդանյանն այս վերջին երեսուն տարվա ընթացքում գուցե այն քչերից մեկն էր, որի մասնակցությունը հայկական պետականության կարեւորագույն օղակներից էր: Ցավոք, չունենք այն մեխանիզմը, որով ընտրություն կարվեր… .Նրա գործողություններում միամտություն կար: Մեզ պետք են ուրիշ տիպի մարդիկ: Մինչեւ չգան այդպիսիները, կսպասվի այն, ինչ եղավ, օրինակ, նաեւ Բարսեղովի նման մարդու դեպքում: Մենք նրան նույնպես կորցրեցինք… Մենք չկարողացանք առաջին հանրապետության այրերի օրինակով գտնել այն մարդկանց, որոնք սփյուռքում էին, առաջ չքաշեցինք: Թող լինեին, ոգեւորելու համար պետք են եւ շատ կարեոր են էներգիա ունեցող մարդիկ: Ուրիշ մարդ չկար: Ինքը մենակ էր, արժանի էր, բավարար չէր: Նրա հետ ես մի անգամ եմ խոսել, երկու ժամ:

– Տպավորություն ունեմ, թե անկազմակերպ եղավ սփյուռքի արձագանքը: Նկատի ունեմ Արցախից մեր հայրենակիցների սեպտեմբերյան բռնի տեղահանումից հետո: Ինչո՞ւ:

– Ցեղասպանությունից հետո մազապուրծների համար ստեղծվեցին բազմաթիվ ֆոնդեր, կոմիտեներ, որոնք աշխատում էին նաեւ այն երիտասարդ սերնդի հետ, ովքեր, իրոք, պատրաստ էին անել ամեն բան, բարձր պահելով ազգի պատիվն ու արժանապատվությունը:

Երեւանցի առաջին մեծահաուստներն օգնեցին նրանց: Հայկական ուսանողության համար կառուցվեց շենք Փարիզի կենտրոնում: Երեք տեղանոց սենյակներում երկուսը անպայման հայ էին, մեկն օտարեկրացի: Հայ երիտասարդներին մոտիվացրին եվրոպացիների հետ:

Այնտեղ ուսանած երիտասարդը վերադառնում էր հայրենիք: Երեւանը նախորդ դարի 60-ականներին կարող էր դառնալ հայ արվեստի մայրաքաղաք:

– Դուք «Փարիզ-Երեւան» գրքում հենց այդ մասին գրել եք. «Ոչինչ չխանգարեց ազգին պահպանել իր ազգային դեմքը: Դրան նպաստում էին հայերի շատ հատկանիշներ եւ առաջին հերթին՝ ազգի տրամադրվածությունն ու առաջադեմ գաղափարները, ինչպես գիտության, այնպես էլ մշակույթի մեջ: Ուսանող հայերը դարձան արվեստների, ստեղծագործական գործիչների հաջորդ սերունդը, ինչպես ազգային, այնպես եւ եվրոպական համաշխարհային մշակույթի համար: Եվ թեպետ Նուբար Փաշան մահանում է, նրա տեղը գրավում է նույնպիսի ինտելեկտուալ, նավթային մագնատ, կոլեկցիոներ, համաշխարհային բիզնես լեգենդ, «պարոն 5 տոկոս» Գալուստ Գյուլբենկյանը: Վերջինս քիչ էր ներգրավված ազգային խնդիրների մեջ, եւ շատ բան է արել հայ երիտասարդության հաջորդ սերունդների համար՝ կառուցելով դպրոցներ, ուղարկելով ազգային, երիտասարդ միտքը ու կամքը աշխարհի լավագույն համալսարաններ»:

– Այո, սակայն կորել է մտածելակերպը: Մենք հպարտանում էինք, թե ինչ մարդիկ ենք տալիս, սակայն նրանց մտածելակերպը չէր համապատասխանում մերին: Մենք ձախողեցինք: Հիմա հարուստները, ովքեր ունեն հնարավորություններ՝ փողի, մարդկային ռեսուրսների, չեն ուզում աջակցել, սովորել չեն փորձում: Քիչ են նրանք, ովքեր կարող են եվրոպական համալսարաններն ավարտեն, հասնեն հաջողությունների, մանավանդ՝ ռազմական տնտեսության ոլորտում: Պողոս Նուբար Փաշան կրթություն ուներ, տիրապետում էր եվրոպական, արեւելյան մի շարք լեզուների: Դեռ 1912-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գեւորգ Սուրենյանցը նրան շնորհում է հատուկ լիազորություններ, հայկական հարցի շուրջ միջազգային կոնֆերանսին մասնակցելու համար: Նա ներկայացնում է հայկական կողմը: Փարիզում բացում է իր գրադարանը, որը հայտնի էր «Նուբարյան Մատենադարան» անունով.. Մենք ունեցել ենք 60-ականների լավագույն շրջան: Այն վիճակը, որը կար 1920-1960-ին՝ գագաթն է: Ով ասես՝ եկավ, մենք ընդունեցինք շատ լավ: Կարող եմ ասել, որ մենք Եվրոպայի մի մասն էինք:

Լիտվան, Լատվիան ունեին սփյուռք, բայց նրանք սփյուռքի կոմիտե երբեք չունեին, չբացեցին: Նրանք իրենց կառավարման ոլորտներ բերեցին դրսի լավագույն կադրերին, անգամ նախագահներին:

– 44-օրյա պատերազմից հետո սփյուռքահայերի շրջանում կային մարդիկ, ովքեր ասում էին՝ կգան, կմասնակցեն ուժատ հայրենիքի փրկության գործին:

– Ցավոք, մեր պատկերացումները եւ ժամանակակից կյանքը հեռու են այն մեկնաբանություններից, որոնք տալիս է հայը: Սփյուռքն ունի լավ պոետիկ ցանկություններ, մի անգամ կարող են գալ հայրենիք, տոպրակներում հող վերցնեն, ուտեն, խմեն, աղոթեն, երկրորդ անգամ, երբ գան, կեսից կարող են տուն փախչել…

Նայում եմ այս տղաների դեմքերին, զարմանում, թե ինչպես մենք կարող ենք ամեն մեկին ծափահարել այնպես, ինչպես ծափահարեցինք սուտը:

Հարցազրույցը՝

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
10.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031