«Ակցիան անում եմ ԱՄՆ դեսպանատան առաջ, որովհետեւ ԱՄՆ տիկին դեսպանը գրեթե ամենօրյա կտրվածքով գովաբանում է ոստիկանությանը, ոստիկանական բարեփոխումները: Բայց մենք ունենք բազմաթիվ փաստեր իշխանության կողմից բռնությունների, խոշտանգումների, մանավանդ վերջին մեկ տարվա ընթացքում: Իսկ իմ դեպքը, ցավոք սրտի, արդեն բավականաչափ հայտնի է:
Ոստիկանները քննչականից ՁՊՎ ուղեկցելու ճանապարհին մեքենան կանգնեցրին իբրեւ թե բնական կարիքները հոգալու, որից հետո արդեն դիմակավորված մարդիկ քարշ տվեցին, խոշտանգեցին: Այսինքն, տիկին դեսպանի ասած՝ բարեփոխված ոստիկանության ներկայացուցիչների գործուն հանցակցությամբ կատարվեց սահմռկեցուցիչ խոշտանգում: Ու մինչեւ այսօր այդ գործով ոչ մի նորություն չկա: Ընդամենը մի անգամ առերեսվել եմ ինձ ուղեկցող ոստիկանների հետ ու վերջ: Այդ գործով ոչ մի տեղաշարժ չկա:
Եկել եմ տիկին դեսպանին ուղղակի հիշեցնելու իմ գոյության, ոստիկանության բռնությունների, խոշտանգումների մասին: Կարելի է մի քիչ ամոթ կամ խիղճ ունենալ, գոնե ոչ այդքան հաճախ խոսել, թե որքան բարեփոխված են ոստիկանները՝ այն դեպքում, երբ Հայաստանում արդեն կա Սամվել Վարդանյան, ում խոշտանգել են: Իսկ դա խոշտանգում էր, որը 30 տարվա կտրվածքով հաստատ Հայաստանի նորանկախ պատմության մեջ աննախադեպ էր: Ոստիկանական բռնություններ, այո, եղել են հանրահավաքների ժամանակ, բաժիններում: Բայց հոլիվուդյան այդպիսի սցենարով խոշտանգում Հայաստանում չէր եղել: Ու անգամ դանից հետո տիկին դեսպանը շարունակում է ֆոտոսեսիաները, ուրախ-զվարթ հանդիպումները արդարադատության նախարարի հետ ու պատմում է, թե Հայաստանում որքան բարեփոխված է ոստիկանությունը:
Եկել եմ այստեղ նաեւ Ամերիկայի հանրությանը իրազեկելու, թեեւ շատերը այս ակցիայի մասին չեն էլ իմանա: Բայց ով իմանա, տեղյակ լինի, որ իրենց գումարները ուղղվում են Հայաստանում ոստիկանական բռնությունների հովանավորմանը»,-լրատվամիջոցներին ասաց Սամվել Վարդանյանը, որը 2024 թվականի ապրիլի 15-ի երեկոյան համապատասխան քննչական գործողություններից հետո երկու ոստիկանի ուղեկցությամբ ՁՊՎ տեղափոխվելու ճանապարհին դիմակավորված անձանց կողմից ենթարկվել էր բռնությունների:
Կարդացեք նաև
Հարցին, թե ինչպես կմեկնաբանի, որ խուլիգանության դեպքով դատավարությունը գերարագ կերպով կազմակերպվեց, իսկ խոշտանգման դեպքով ոչ մի առաջընթաց չկա, Սամվել Վարդանյանը պատասխանեց. «Որովհետեւ խոշտանգումը հրահանգվել է քաղաքական իշխանությունների կողմից: Ու ինչպես ժողովուրդն է ասում, իրենք իրենց պոչին դուրս չեն գա: Իսկ տիկին դեսպանը մոռացել է, որ ինքը Հայաստանում ԱՄՆ դեսպան է ու պիտի հայ ժողովրդի եւ Հայաստանի կողքին կանգնի եւ ոչ թե իշխանությունների կողքին: Իսկ ինքը վերցրել է իշխանությունների կողմը՝ հովանավորում է ոստիկանական բռնությունները, իշխանությունների պահվածքը: Եվ ես եկել եմ հիշեցնելու, որ Հայաստանի Հանրապետությունում բոլորը չէ, որ Նիկոլ Փաշինյանի էլեկտորատ են, որ կան ուղեղ ունեցող մարդիկ, որոնք մտածում են, որ Հայաստանը, մեղմ ասած, լավ տեղ չի գնում»:
Դիտարկմանը, որ եթե նախկինների ժամանակ այսպիսի բաներ լինեին, նույն դեսպանատները, միջազգային կառույցները մեծ աղմուկ կբարձրացնեին, իսկ հիմա դրանք որպես կանոն լռում են, Սամվել Վարդանյանը պատասխանեց. «Դա պայմանավորում եմ նրանով, որ ներկա իշխանությունները կոնկրետ այս դեպքով ԱՄՆ դեսպանի սրտով են: Չեմ ուզում քաղաքականության առումով ավելի խորանալ, բայց առնվազն ԱՄՆ դեսպանին դուր է գալիս՝ ինչ անում են իշխանությունները: Դրա համար էլ աչք են փակում ամեն ինչի վրա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ