Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» շարքի հանդիպումներից մեկին, ի թիվս այլոց, մասնակցել է նաեւ Երեւանի Սամվել Գեւորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի տնօրեն Ռիմա Դավթյանը, որը ժամանակին եղել է ՀՀԿ-ական, եւ նրա պաշտոնավարման ժամանակ էր աշխատանքը Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցում կորցրել այդ ժամանակ պատմության ուսուցիչ աշխատող, այժմ լրագրող Կարպիս Փաշոյանը: Փաշոյանը նաեւ այդ մասին գրառում էր կատարել ֆեյսբուքի իր էջում: «Ազատության» ռեպորտաժից իմացա, որ #Կրթվելը_նորաձև_է արշավի ակտիվ մասնակիցներից մեկը ինձ շատ ծանոթ անձնավորություն է։ Նա հենց այն նույն դպրոցի ՀՀԿ-ական տնօրենն էր, որը 2015 թ․-ին ինձ դպրոցից հեռացրել էր ՀՀԿ-ի օգտին քարոզչություն չանելու և ՈՉ-ի շարժմանը մասնակցելու համար։ Ինչ բան է կյանքը»,-գրել էր Կարպիսը։
Aravot.am-ը հեռախոսով կապվեց Սամվել Գեւորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի տնօրեն Ռիմա Դավթյանի հետ: Նրան զայրացրեց Կարպիս Փաշոյանի վերաբերյալ հարցը, ասաց, որ Կարպիս Փաշոյանին ինքը չի հեռացրել, նա ազատվել է իր դիմումի համաձայն, եւ այդ դիմումը պահվում է դպրոցի արխիվում: Նաեւ հավելեց, որ Կարպիս Փաշոյանը լավ ուսուցիչ է եղել եւ իր դստերն էլ է դասավանդել:
Հետաքրքրվեցինք՝ ժամանակին լինելով ՀՀԿ անդամ, հիմա ինչպե՞ս է ստացվել, որ մասնակցում է Նիկոլ Փաշինյանի կնոջ կազմակերպած «Կրթվելը նորաձեւ է» արշավին: «Կրթվելը նորաձեւ է»-ն քաղաքական ենթատեքստ չունեցող գաղափարախոսություն է: Եթե «Կրթվելը նորաձեւ է»-ի հետ կապված որեւէ բան հետաքրքրում է, անկախ նրանից՝ մարդը լրագրող է, թե դպրոցի տնօրեն, պարտավոր է օնլայն գրանցվել եւ տեղեկանալ, թե ինչի մասին է այն: Մենք ՀՀ քաղաքացիներ ենք, եւ վարչապետը եւ նրա տիկինը այս երկրի վարչապետն ու տիկինն, այնպես որ կարող եք գրանցվել եւ մասնակցել, եթե որեւէ հարց հետաքրքրում է»,-ասաց դպրոցի տնօրենը:
Մեր հարցին, որ ինքը դպրոցի տնօրեն աշխատելու համար ստացել է ղեկավարման իրավունքի հավաստագիր, այսինքն` ոչ միայն կրթված է, այլեւ վերապատրաստված, ուրեմն ինչպե՞ս է մասնակցում միջոցառման, որի կազմակերպիչները չեն ավարտել համալսարանը, Ռիմա Դավթյանն այսպես արձագանքեց. «Դա նոր կրթվելու մասին է, այն չէ, որ հավաստագիր ունեք կամ բուհ չեք ավարտել…Դուք չեք ուզում գնալ եւ լսել, թե ինչի մասին է այն, գնում եք միայն վերնագրի հետեւից, ուզում եք մարդկանց խոսեցնել եւ ինտրիգ գտնել…Ես մեկ օրվա եւ մեկ տարվա տնօրեն չեմ, ես բոլոր իշխանությունների ժամանակ բարեբախտաբար աշխատել եմ՝ եւ փոփոխված երկրի նախագահների եւ այժմ էլ վարչապետի ժամանակ: Ես բոլոր նախագահների եւ վարչապետի ժամանակ մասնակցել եմ նման միջոցառումներին՝ որպես երկրի քաղաքացի, որպեսզի տեսնեմ՝ ինչ են ներկայացնում: Իսկ դուք հիմա թեման տանում եք դեպի քաղաքական ուղղություն»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, որ վարչապետն ու նրա կինը ապաքաղաքական անձինք չեն, դպրոցի տնօրենը նորից պնդեց. «Կրթվելը նորաձեւ է» շարժումը որեւէ քաղաքական ենթատեքստ չունի»:
Հետաքրքրվեցինք՝ իր ղեկավարած դպրոցում կա՞ն ուսուցիչներ, որոնք 595 հազար դրամ աշխատավարձ են ստանում, հատկապես որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն օրերս ասել էր, որ վարձատրության բարձրացման արդյունքում ունենք ուսուցիչներ, որոնք մինչեւ 595 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Ռիմա Դավթյանն ասաց, որ կամավոր ատեստավորված ուսուցիչների աշխատավարձը, որոնք մեթոդմիավորման նախագահ են, աշխատում են 1 դրույքից ավելի, այդ դեպքում կարող են այդքան աշխատավարձ ստանալ: Նշեց, որ իր դպրոցում չկան շուրջ 600 հազար աշխատավարձ ստացող ուսուցիչներ, բայց կան ուսուցիչներ, որոնք ցածր չեն ստանում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Երեւանի Սամվել Գեւորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի ֆեյսբուքյան էջից:
Նորը (աջից) լավ մոռացված հինն է (ձախից)։
Այս տիկնանց նկարը և ձախ կողմի կարկառուն ընտրակեղծարարի հայտարարությունը, թե աշխատել է բոլոր նախագահների ու վարչապետի օրոք, այն ապուշ հարցի պատասխանն է որին տիկին Մարիամ Ղազարյանն արդեն մոտ մեկ ամիս է, ինչ Առավոտի էջերից փորձում է նիկոլաբար պատասխանել։