Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեւ, տղա՛ս

Ապրիլ 19,2025 12:30

Հայ ժողովրդի պատմության էջերը միշտ էլ զարդարվել են հայ հերոսների սխրագործությամբ։ Նրանց սխրագործություններն ուսանելի են գալիք սերունդների համար։ Այսօր էլ կան Վարդաններ, Սամվելներ, Վահաններ, Մարզպետունիներ, շատ են նրանք։ Դրա վառ ապացույցն է Արցախի պատերազմում հերոսացած հայ` նահատակված մարտիկները, որոնք իրենց անձնազոհությամբ, սխրագործությամբ հավերժ կմնան հայոց պատմության էջերում։

44-օրյա պատերազմ. հայ ժողովրդի պատմության մեջ մտավ՝ որպես դժնդակ օրեր: Սգո, կորստի, ողբի, արցունքի, ինչո՞ւ չէ, հաղթանակի սպասումի, ցավոտ հպարտություն, բյուր խոնարհում հազարավոր հայ նահատակներին։

Ընկել են նրանք, սակայն չեն ծնկել:

Հայ ժողովուրդն ունեցավ 2-րդ «Ծիծեռնակաբերդը», որն օր օրի ընդլայնվեց, դարձավ սգո քարեղեն մի քաղաք՝ լուռ ու խոսուն, ցավալի խոսուն։

Արտաշատ-Երեւան մայրուղու կողքին, Մխչյան գյուղի վերջնամասում 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող «Փառքի պուրակն է»։ Պուրակի մեջ իր պատվավոր տեղն ունի Տարոն Անդրեասյանի բրոնզաձույլ հուշարձանը, իսկ փառքի պատին՝ նույն գյուղի զոհված ազատամարտիկների նկարները. բյուր խոնարհում նրանց հիշատակին։

   

Տարոն Անդրեասյանը երիտասարդ, կորովալի, հայրենասեր, ազնվագույն մարդ՝ այդպես էին նրան բնութագրում իր ընկերները եւ նրան ճանաչողները։ Կամավոր կռվում էր Սանասարում (Կուբաթլու), նետվում էր ամենավտանգավոր տեղերը, պահում դիրքը։ Բայց թշնամին թվով շատ էր եւ անողոք։ Թշնամու օղակը գնալով ավելի էր սեղմվում։ Թիկունքում ահռելի ջրառատ Որոտան գետն էր։

Շրջափակում։ Զոհված տղաներ։ Թաքնվելն ու փախուստի դիմելն անհնար էր։

2020 թվականի հոկտեմբերի 27։ Հեռախոսազանգ։ Հայրն էր։

-Ինչպե՞ս ես, տղա՜ս։

-Շրջափակման մեջ եմ, փախուստն անհնար է։ Հաստատ իմացիր, գերի չեմ ընկնի, դուխներդ չգցեք։ Ու լռեց… այնուհետեւ ոչ մի լուր չունեցան։

Քիչ հեռվից երեւաց բրեզենտածածկ մի մեքենա՝ ազերիներով լեցուն։ Նկատելով Տարոնին՝ թշնամու բարձրաստիճան մի սպա բղավում է.

-Հանձնվիր, վայր դիր զենքերդ, ես քեզ խոսք եմ տալիս՝ կուղարկեմ 3-րդ երկիր, դու կփրկվես։

Տարոնը լավ էր հասկանում, որ դա մարդու «որս» է։ Գերեվարվելու է, իսկ ինքը գերի չէր ուզում ընկնել։ Զենքը ուղղեց դեպի սպան, ասելով՝ վախկոտնե՜ր, սրիկանե՜ր։ Չհասցրեց ավարտել միտքը, լսվեցին կրակոցներ…

Ծնողները, որ ոչինչ չգիտեին Տարոնի մասին, մշտապես լավատեսորեն սպասում էին։

Դաժան սպասումներով օրեր…

-Ե՞րբ կվերջանա այդ մղձավանջը,- միմյանց հարց էին տալիս մարդիկ։

Հեռուստացույցի առաջ նստած, շունչները պահած՝ մարդիկ, որոնք իրենց որդու, հարազատի անունն էին փնտրում, եթե չկար, սրտի դողով սպասում էին, ուրեմն՝ կենդանի է, կգա՛:

Կորուստները մեծ էին, զոհերը՝ շա՛տ-շատ։ Սուգը բոլորինն էր։ Հայտնի եղավ 44-օրյա պատերազմի դադարը։ Շատ շատերի պես անորոշ վիճակում հայտնվեցին Տարոնի ծնողները՝ Թամարան ու Հարությունը։

-Կենդանի է, – մտածում էին ծնողները։ Հոգեմաշ օրերը ծանրորեն անցնում էին:

Եվ ահա մի օր ՌԴ-ից Տարոնի դասընկերը համացանցով մի տեսանյութ է ուղարկում ծնողներին։ Տեսանյութում Տարոնն է, ազերիների մի ողջ վաշտի դեմ կանգնած, համարձակ պատասխան է տալիս, «գերի ընկնել» պահանջող բարձրաստիճան սպային։

Ազերի բլոգերից այդ նյութը վերցրել էր մի հայ բլոգեր՝ Ա.Գ.-ն։ Եվ այդ տեսանյութը տարածվեց համացանցում։

Ծնողները դա տեսան 2022 թվականի սեպտեմբերի 7-ին։

ՀՀ պաշտպանության նախարարությունում հաստատվեց Տարոն Անդրեասյանի ինքնությունը։ Գնահատվեց՝ որպես քաջարի զինվոր։

Ծնողները դեռ սպասում են մասունքների վերադարձին։

Գեղեցիկ կանաչազարդ ծառուղով, ամեն առավոտ «Փառքի պուրակ» է այցելում Տարոնի հայրը, ողջունում զոհված տղաների նկարներին եւ դիմում Տարոնի արձանին.

-Բարեւ, տղա՛ս, ինչպե՞ս ես, ես գիտեմ…

Դու չես մահացել, վեր ես սլացել,

Թեւում ես երկնքում, աստղերի շողքում,

Քո հոգին վերից նայում է, ժպտում,

Իսկ քո ծնողքը վառվում են, սգում։

 

Հոգիդ արեւ է, բարեւ է բերում

Ու խաղաղություն ամենքի սրտին,

Հոգիդ արեւ է, բարեւ է բերում,

Իսկ դու թեւում ես լազուր երկնքում։

Քո փառքը երբեք, երբեք չի մարի,

Դարձար պարծանքը ամեն մի հայի

Եվ երկնքից դու հավերժ կժպտաս,

Քո սխրանքի փառքով անանց։

Որդեկորո՜ւյս մայր, դու էլ մի՛ սգա,

Հավատա՛, մի օր որդիդ տուն կգա,

Քեզ համար նոր-նոր լավ օրեր կգան

Աստված քեզ համբերություն տա։

Տարոն Անդրեասյանի եղբայրը՝ ազատ ոճի հայ ըմբիշ, ըմբշամարտի Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն Արման Անդրեասյանը: Բելգրադում ընթացող աշխարհի առաջնությունում նա նվաճել է բրոնզե մեդալ: Բրոնզը հայ ըմբիշին 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր է տվել։

Ապագա սերունդների մեջ կլինեն նոր Եղիշեներ, նոր պատմիչներ, որոնք նոր շնչով կգրեն «Պատմություն վասն հայի հարատեւման» ստեղծագործություններ ու երկեր։

Նաթելա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Արարատի մարզ, գ. Բյուրավան Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի

Լուսանկարները՝ Արտաշատի համայնքապետարանի և «Տարոն Անդեասյան» բարեգործական հիմնադրամի ՖԲ էջերից

«Առավոտ» օրաթերթ
18.04.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930