Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես եւ Րաֆֆին ցանեցինք ցորենի հատիկները 25 տարի առաջ, դուք ջրեցիք այդ ծիլերը». Արմինե Հովհաննիսյան

Ապրիլ 26,2025 22:29

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արմինե եւ Րաֆֆի Հովհաննիսյանների հիմնադրած «Օրրան» բարեգործական կազմակերպությունն արդեն 25 տարեկան է: Այդ նշանակալի հոբելյանի առիթով «Օրրան» ընտանիքը «Արամ Խաչատրյան» համերգասրահում միավորել էր իր նվիրատուներին ու բարեկամներին:

Բեմում խորհրդանշական սեղան էր դրվել «Օրրանի» մեծ ընտանիքի անդամների համար, իսկ «Արամ Խաչատրյան» համերգասրահն էլ մի քանի ժամով վերածվել էր հյուրընկալ տան:

«Հնում, երբ Հայաստանում նոր տուն էին կառուցում, շաղ էին տալիս ցորենի հատիկները, որպեսզի տունը միշտ առատ հաց ունենար։ Ես եւ Րաֆֆին ցանեցինք այդ հատիկները 25 տարի առաջ, բայց դուք էիք, որ ջրեցիք այդ ծիլերը, եւ այսօր մենք ունենք առատ «Օրրան»։ Այսօր մեր երախտագիտության օրն է ձեզ բոլորիդ»,- ասաց Արմինե Հովհաննիսյանը։

Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հավելեց, որ տիկին Հովհաննիսյանի նախաձեռնողականության ու հոգատարության շնորհիվ «Օրրանն» իր կամավորներով, ուսուցիչներով, բարերարներով եւ սաներով սովորեցրել է, որ կարելի է կերտել այնպիսի սերունդ, որն արժանապատիվ ներկա եւ ապագա կունենա Հայաստանում:

Հոբելյանական երեկոյի ընթացքում պատվո մրցանակներ շնորհվեցին «Օրրանի» նվիրատուներ Գրիգոր Գրիգորյանին եւ Ռալֆ Յիրիկյանին: Նրանք մեծ ներդրում են ունեցել այս ջերմիկ անկյան կայացման գործում:

Նշենք, որ «Օրրանի»երեւանյան եւ վանաձորյան կենտրոններում ամեն օր շուրջ 200 երեխաներ եւ 60 տարեցներ օգտվում է սննդի, առողջապահական, սոցիալական, կրթական, մշակութային եւ այլ ծառայություններից: 25 տարիների ընթացքում «Օրրանն» աջակցել է ավելի քան 30 000 մարդու՝ Արցախից, Լիբանանից, Սիրիայից եւ Հայաստանից:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930