Այսօր՝ Աշխատանքի միջազգային օրը, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային արհմիությունը միանում է աշխարհի աշխատավորների պայքարին՝ հանուն արժանապատիվ աշխատանքի, արդարության և արդար վարձատրման։
Մենք ներկայացնում ենք Հայաստանի հանրային ծառայողներին, պետական և համայնքային այլ աշխատողներին։ Մենք ապահովում ենք երկրի բնականոն կյանքը։ Բայց շատ հաճախ մեր աշխատանքը մնում է անտեսված, վատ վարձատրվող և չգնահատված։
Այսօր էլ պետական և համայնքային աշխատողներն աշխատում են ցածր աշխատավարձի, գերծանրաբեռնվածության և անապահովության պայմաններում։ Հանրային ծառայողներն ունեն հսկայական պատասխանատվություն՝ թե՛ մարդկանց մասին հոգածության, թե՛ հանրային կյանքի կազմակերպման հարցում, բայց նրանց ձայնը տեղ չի հասնում։
Մենք պահանջում ենք արժանապատիվ աշխատավարձ՝ համարժեք կատարվող աշխատանքին, ժողովրդավարական հանրային ծառայություններ՝ աշխատողների մասնակցությամբ։
Կարդացեք նաև
Մենք պարզապես աշխատողներ չենք, մենք հանրային բարիք ստեղծող հանրային ծառայող ենք։ Մենք գիտակցում ենք մեր դերը Հայաստանի ժողովրդավարական զարգացման մեջ։ Համոզված ենք, որ ուժեղ պետական ծառայություն չի կարող գոյություն ունենալ առանց արհմիությունների հետ արդյունավետ և իմաստալից սոցիալական երկխոսության։ Պետությունը վերջապես պետք է ներդնի սոցիալական երկխոսության համակարգը պետական աշխատողների համար։
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների Ճյուղային արհմիությունը սատարում է բոլոր աշխատողներին, Հայաստանում և ամբողջ աշխարհում, ովքեր կազմակերպվում են, պայքարում շահագործման դեմ ու կառուցում են ավելի արդար ու հավասար ապագա։
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների հանրապետական արհմիություն