Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկ Մուրադյանը տեղով հայրենիք էր. Արթուր Շահնազարյան

Մայիս 01,2025 17:26

Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ակունք» ազգագրական պետական համույթը մայիսի 3-ին կայանալիք համերգը նվիրում է հայ երգի գիտակ, պատմաբան, ազգագրագետ, բանահավաք, անզուգական երգիչ, հայ մշակույթի երախտավոր Հայրիկ Մուրադյանի ծննդյան 120-ամյակին:

Արթուր Շահնազարյան

«Հայրիկ Մուրադյանը այն էրգրի մարդն էր, որն իր մեջ ամփոփում էր հայրենիքի, երկրի գույնը, բնությունը, բնությունը, բնավորությունը, ավանդությունը, նա էրգրի մեծերի, պապերի ժառանգորդն ու փոխանցողն էր: Հայրիկ Մուրադյանը Վասպուրականի ամբողջ մշակույթը պահել էր իր մեջ, ժառանգել էր իր նախնիներից, իր երկրից եւ այդ երգերը փոխանցել նոր սերունդներին: Հայրիկ Մուրադյանը նաեւ հրաշալի երգում էր:

Նա ամբողջ կյանքը նվիրեց այդ գործին: Հայրիկ Մուրադյանն իր դստեր՝ Մարո Մուրադյանի հետ հիմնեց «Ակունք» համույթը, որ իրենից հետո շարունակեն երգերը երգել եւ փոխանցեն ամեն նոր եկող սերնդին, որպեսզի երեխաները դաստիարակվեն ազգային ոգով, ճանաչեն իրենց տեսակը: Մեր տեսակի պահպանման հարց էր, մեր ինքնության պահպանման՝ երգի, երաժշտության, բնավորության ու պարի միջոցով: Դա հատկապես այսօրվա համար է կարեւոր, երբ գիտությունն այդքան զարգանում է, փոխվում են քաղաքակրթությունները, հեղափոխություն է լինում, ամբողջ գիտական աշխարհը խառնված է իրար: Այն ազգերը, որոնք չունեն ազգային ինքնություն, այս մեծ թոհուբուհի մեջ, այս մեծ հեղափոխությունների մեջ՝ գիտական եւ այլն, կարող են պարտվել, ձուլվել, մերվել, կորցնել ինքնությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Ակունք» համույթի ստեղծագործական խմբի ղեկավար, կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը:

Նրա ձեւակերպմամբ, «Հայրիկ Մուրադյանը տեղով հայրենիք էր…Ամեն անգամ, երբ «Ակունքը» ելույթ է ունենում, հնչում են իր երգերը, մեր հայրենիքը ապրում է մեր սերնդի, մեր երեխաների, ամենքի մեջ: Հայրիկ Մուրադյանը մեծ մարդ էր: Մենք ազգագրագետ ունեինք՝ Տիգրան Չիթունի, էլի վանեցի էր, որը գրել էր Վանի երկրագործության մասին: Կոմիտասը շատ էր սիրում Չիթունուն, որը Կոմիտասի համար երգել էր Վանի տասնյակ երգեր, ու Կոմիտասը գրառել էր դրանք: Ի դեպ, Չիթունին միակն էր, ում հոգեբուժարանում ընդունել է Կոմիտասը, երկար զրուցել է, ասել է՝ ուր են իմ ձեռագրերը, իմ սնդուկը, ուր են իմ աշակերտները, ինչու եմ ես այստեղ… Հայրիկ Մուրադյանն ինձ հիշեցնում է Կոմիտասին մոտիկ այդ մարդուն՝ Չիթունուն, որը Կոմիտասի համար բերեց Վանի ու Վասպուրականի երգերը, եւ Չիթունու միջոցով Կոմիտասը փրկեց մի ամբողջ ժառանգություն…»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Հայրիկ Մուրադյան մշակութային ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031