Փաստաբան Արա Ղարագյոզյանի ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի հայտարարությանը.
Նմանատիպ հայտարարությամբ հանդես գալը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ ոստիկանությունը, կարծես, չի պատրաստվում իրական քայլեր ձեռնարկել խոշտանգումների և ոստիկանության կողմից կիրառվող անհամաչափ բռնության դեմ պայքարում, ինչպես նաև այդ երևույթները բացահայտելու ուղղությամբ։
Մասնավորապես, առանց որևէ քննություն իրականացնելու, ոստիկանության խոսնակը հրապարակային հայտարարում է, թե իբր քաղաքացին ցուցաբերել է ոչ պատշաճ վարքագիծ և չենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Սակայն, եթե դեպքի բոլոր կողմերը, այդ թվում՝ տուժող քաղաքացին և ոստիկանության ներկայացուցիչները դեռ չեն հարցաքննվել, ապա ինչպե՞ս կարող է նմանօրինակ նախնական եզրակացություն ներկայացվել պաշտոնական մակարդակով։
Տեսանյութում հստակ տեսանելի և լսելի է, թե ինչպես են ոստիկանները քաղաքացուն գցել գետին, նրանցից մեկը ձեռքով սեղմում է վերջինիս դեմքը, քաղաքացու ձայնից պարզ է դառնում, որ նա արտահայտում է՝ «խեղդվում եմ, թողեք, կգամ», իսկ նրա կինը հորդորում է՝ «բաց թողեք, կգա»։ Քաղաքացին ոստիկանության բաժանմունքից դուրս է գալիս դեմքի ողջ հատվածում ակնհայտ կապտուկներով և ծեծված։
Կարդացեք նաև
Այս ամենի ֆոնին պաշտոնական նման հայտարարությունը ոչ միայն անընդունելի է, այլ նաև բռնության արդարացման փորձ է, որը հերթական անգամ ցույց է տալիս, որ ոստիկանության բարեփոխումները մնում են միայն խոսքերի մակարդակում։ Ոստիկանության գործողությունները շարունակում են արդարացվել՝ առանց պատշաճ քննության իրականացնելու։